Aravot.am-ի հետ զրույցում «Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցության վարչապետի թեկնածու, ընտրական ցուցակի առաջին համար Արտակ Սարգսյանը, ներկայացնելով իրենց ծրագրի կարեւոր կետերը, հետեւյալը նշեց. «Առաջինը՝ մարդկանց հարկային բեռն ընդհանրապես հանելն է, մենք խոսք ենք տվել, որ Հայաստանը լինի առանց գույքահարկի եւ անվճար քաղաքային տրանսպորտով։ Երկրորդ կետը անվտանգային նոր համակարգի ստեղծումն է, մենք 44-օրյա պատերազմից առաջ էլ էինք առաջարկում բարձր բանակ ներդնել Հայաստանում, քանի որ օրը 100 զոհ էինք տալիս, ուզում էինք, որ հայ զինվորը չզոհվի, չգերեվարվի, սերունդ ունենա։
Երրորդը ինքնիշխան տարածքի վերականգնումն է եւ բռնազավթած հողերի ազատագրումը, մյուսը՝ վաուչերային սեփականության վերանայումը։ Այն խոշոր ձեռնարկությունների հարցը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն ու որոնք ժողովրդին խաբելով անվճար կամ կոպեկներով տրվել են կեղծ գիգանտներին, պետք է վերանայվի՝ ստեղծվող կառավարական հանձնաժողովի կողմից։
Ըստ մեր ծրագրի՝ Ազգային ժողովը ստանձնում է Սահմանադիր ժողովի լիազորություններ, այսինքն՝ ոչ թե իոաննիսյաններն են գրում, այլ հենց Ազգային ժողովն է գրում Սահմանադրությունը եւ նախագծերը։
Մենք ուզում ենք 3 տարում Հայաստանը դարձնել ազատ տնտեսական գոտի, Կովկասի Դուբայ։ Ամենակարեւորը՝ իշխանությունն իսկապես պետք է պատկանի ժողովրդին, դրա համար հստակ լծակներ ենք առաջարկում։ Ժողովուրդը ոչ թե պետք է սպասի 5 տարի, եթե վարչապետը կամ գործադիրը իր գործը չի անում, բացի փողոցային պայքարից, կարողանա ազդել իշխանությունների վրա հետեւյալ սկզբունքով՝ երբ մարդ ես ընդունում աշխատանքի, տալիս ես փորձնական ժամկետ, ասենք՝ 2 շաբաթ, 6 ամիս։ Նույնն էլ այստեղ է՝ եթե մենք մեր խոստումները չենք իրականացնում, ժողովուրդը պետք է կարողանա հետ կանչել։ Մենք խոստանում ենք ուղիղ դեմոկրատիա, համարյա ամեն հարց որոշվելու է հանրաքվեով»։
Կարդացեք նաև
«Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցության վարչապետի թեկնածուն նշեց նաեւ, որ ազգային մշակույթը եւս տեղ է գտել իրենց ծրագրում. «Ոչ հարկադրաբար, բայց դրամական խրախուսանքով պետական հաստատություններում մտցնելու ենք ազգային տարազը։ Մեր հայերը լավ են զգում, երբ գալիս են Դուբայ կամ Քենիա, մտնում են պետական հիմնարկներ ու տեսնում են, թե այնտեղ ինչպես են կին թե տղամարդ տարազներով։ Հնագույն ազգ լինելով հանդերձ՝ մեր պետական հիմնարկներում տեսնում ես բազմազանություն՝ կոստյումների, վերնաշապիկների տարբերություն։ Հիմա մենք ազգային տարազը բերում ենք պետական համակարգ, եթե միայն կեպի ես կրելու, 15 տոկոս աշխատավարձի բարձրացում կլինի, եթե ամբողջական տարազ կրես, մինչեւ 50 տոկոս աշխատավարձդ կբարձրանա։ Չեմ կարծում, որ պետությունն ավելի թույլ է, քան ինչ-որ հնդիկ միլիարդատեր, որն իր տղայի հարսանիքին բոլոր քաղաքական գործիչներին եւ աստղերին ստիպեց հնդկական տարազներ կրել»։
Հետաքրքրվեցինք՝ կուսակցության ծրագրում եկեղեցուն վերաբերվող որեւէ կետ, դրվագ կա՞։ Արտակ Սարգսյանն այսպես արձագանքեց. «Մենք Հայ Առաքելական եկեղեցին համարում ենք հայկական մշակույթի եւ ժառանգության ամենակարեւոր մասնիկներից մեկը, Սահմանադրության մեջ այդ հարցն էլ ավելի ենք ուժեղացնելու, եկեղեցին արտասահմանում ունենալու է դիվանագիտական կարգավիճակ, որպեսզի հետեւի մեր դեսպանատներին եւ հյուպատոսարաններին, որոնք մեծ մասամբ ոչ մի գործ չեն անում։ Մենք եկեղեցու դերը Սփյուռքում մեծացնելու ենք։
Մենք առաջարկում ենք, որ եկեղեցին պաշտպանված լինի զինված խմբավորումներով, ինչպես Վատիկանի պարագայում է, կամ հունական Աթոս թերակղզում։ Վատիկանի եկեղեցին պաշտպանում են շվեյցարական ուժերը, ղպտիներինը՝ զինված եգիպտացիները։ Ի դեպ, մենք շատ վաղուց առաջարկել էինք նման բան, երբ եկեղեցու դեմ արշավը սկսվեց, ասացինք, որ կարող ենք տրամադրել նեպալական հատուկ ջոկատայիններ՝ գուրխաներ։ Նրանք այնքան լոյալ խմբավորումներ են, որ նրանց նույնիսկ Մեծ Բրիտանիան է օգտագործում եւ տալիս է անձնագիր։ Օրինակ, իմ տունը թե՛ Քենիայում, թե՛ այլ երկրներում, բացի պետական պաշտպանությունից, պաշտպանում են գուրխաները։ Մենք ասացինք, որ եթե եկեղեցին ցանկանում է, կարող ենք այդ հարցը լուծել, բայց արձագանք չստացանք։
Մեր եկեղեցին պետք է պաշտպանված լինի, որ երբեւէ որեւէ իշխանություն՝ լինելով հարեւան արեւմտյան կամ արեւելյան երկրների տիրապետության տակ, չփորձի քանդել այդ կարեւոր ինստիտուտը, որը մեզ դարերով պահել է, եղել է մեր դեսպանը, մեր զինվորը, մեր հրամանատարը, մեր մշակույթը պահողը եւ թույլ չի տվել, որ լուծվենք քրդերի կամ ասորիների նման։ Այսօր իշխանությունը վտանգ է տեսնում, որ եկեղեցին 2 տարի առաջ ժողովուրդ համախմբեց, վտանգ է տեսնում, որ եկեղեցին իրենց պլանները կխախտի»։
Դիտարկմանը, որ այսօրվա քաղաքական գործիչների եւ հանրության մի մասը կարծում է, թե Հայաստանը պետք է հակվի դեպի Եվրոպա, մյուս մասի կարծիքով էլ՝ դեպի Ռուսաստան, ինքն ինչ է մտածում այդ մասին, «Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցության վարչապետի թեկնածուն այսպես արձագանքեց. «Դա ողբերգություն է… Ցավոք, Հայաստանի այսօրվա ընտրությունները ոչ մի կապ չունեն Հայաստանի, հայ ազգի շահերի հետ։ Աշխարհաքաղաքական բեւեռների թատերաբեմի ենք վերածվել, եւ 3 ուժ իրենց արբանյակներով ասում են՝ գուբերնիա ենք դառնում, իշխանությունն էլ ասում է՝ իբր Եվրոպա ենք գնում։ Մենք միակ ուժն ենք, որ ոչ նրա կողմնակից ենք, ոչ մյուսի։
Մենք ասում ենք, որ Հայաստանը պետք է հրաժարվի բեւեռներից, որովհետեւ պատմության ընթացքում, երբ բեւեռ ենք ընտրել, հայտնվել ենք ողբերգությունների մեջ, Հայաստանը պետք է գործի Սինգապուրի սկզբունքով։ Սինգապուրն ունի հոյակապ հարաբերություններ եւ Չինաստանի, եւ Արեւմուտքի հետ։ Հայաստանը պետք է լինի կամուրջ բոլոր տարածաշրջանային եւ ոչ տարածաշրջանային կոնֆլիկտների, բանակցությունների հարթակ՝ ունենալով հզոր սփյուռք այսօրվա համարյա բոլոր կոնֆլիկտային երկրներում՝ եւ Պաղեստինում, եւ Իսրայելում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Իրանում։ Ոչ թե ԱՄԷ-ն պետք է ռուս-ուկրաինական բանակցությունները տաներ, այլ Հայաստանը։ Իսրայել-Իրան կոնֆլիկտը պետք է հենց Հայաստանը լուծեր։ Մենք միակ ուժն ենք, որ իրոք ներկայացնում է ազգային շահը, դրա համար էլ մեր կարգախոսներից առաջնայինը սա է՝ «Ազգային այլընտրանք կա»։
Հավելենք, որ «Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 համարի ներքո։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 88 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































