Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք առաջարկում ենք ԱՄՆ-ի հետ ոչ ՆԱՏՕ անդամ դաշնակցի կարգավիճակ». ԱԺԲ նախընտրական ցուցակը գլխավորող Գևորգ Կարապետյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին

Մայիս 13,2026 23:23 Share

ԱԺԲ ընտրացուցակը գլխավորող Գևորգ Կարապետյանը Պետրոս Ղազարյանի «Հարցազրույց» հաղորդաշարում իրենց քաղաքական ուժի քարոզարշավը գնահատել է նորմալ։

«Մենք սկսեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, հետագայում շարժվեցինք դեպի Ազգային ժողով՝ այնտեղ մամուլի ասուլիսով, հետո քայլերթով՝ Մատենադարան։ Քարոզարշավն ընթանում է շատ ակտիվ։ Մենք ունենք տարբեր շատ խմբեր, որոնք Երևանի վարչական շրջաններում իրականացնում են իրազեկման քարոզարշավ։ Մեր բուկլետներն ենք բաժանում, բացատրում ենք մեր կարևորությունը ԱԺ-ում լինելու համար, մեր գաղափարախոսությունը։ Մի խոսքով, ունենք ծրագիր և ըստ ծրագրի, ըստ պլանավորման առաջ ենք շարժվում»,- ասաց նա։

Հարցազրուցավարի հարցին, թե «Հավատ, Հայրենիք, Ինքնիշխանություն, Ի գործ» կարգախոսը շատ ընդհանրական չէ՞, նա պատասխանեց, որ իրենք ճիշտ են գտել. «Հենց հավատով, հանուն հայրենիքի և ինքնիշխանության։ Եվ ի գործ»։ Իսկ դիտարկմանը, որ իրենք թերևս այն քիչ քաղաքական ուժերից են, որ պնդում են, որ Ղարաբաղը Հայաստանինն է, Գևորգ Կարապետյանը հակադարձեց. «Արցախը։ Մենք բնորոշում ենք, որ Ղարաբաղը հայկական անվանում չէ։ Եվ անվանում ենք Արցախ, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության մարզերից մեկը։ Մենք Արցախը դիտարկում ենք որպես Հայաստանի անքակտելի մաս»։

Իսկ թե ինչպես են իրականացնելու իրենց ծրագիրը, բանախոսը մեկնաբանեց. «Իրականացնելու ենք առաջին հերթին մեր իրավունքները պահելով։ Մենք ունենք իրավունք Արցախի նկատմամբ, միջազգայնորեն ճանաչված տիտղոս։ Մեր հարավ-արևելյան սահմանները որոշվել են 1920 թվականի փետրվարի 24-ին Ազգերի լիգայի կողմից՝ Փարիզի վեհաժողովում։ Նաև զեկույցին կցված է քարտեզ, որտեղ Դաշտային Արցախը՝ Գարդմանքը, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մաս։ Մենք առաջին հերթին ճանաչելու ենք Առաջին Հանրապետության իրավահաջորդությունը։ Մենք ոչ թե Սովետական Միության փլուզման արդյունքում նորաստեղծ պետություն ենք մեզ համարում, այլ Առաջին Հանրապետության իրավահաջորդ։

Այսինքն՝ մենք 1918-1920 թվականներին ունեցել ենք պետություն, որը օկուպացվել է բոլշևիկյան, թուրքական հարձակումների արդյունքում։ Եվ մենք, հանդիսանալով Առաջին Հանրապետության իրավահաջորդը, ժառանգորդը, սովետական փլուզումից հետո վերանկախացել ենք։ Ոչ թե նոր անկախություն ենք ձեռք բերել, այլ ունեցած անկախությունը վերականգնել ենք։

Մենք որպես գաղափարախոսություն ու արտաքին քաղաքական ուղղություն մեր իրավունքները պահելու ենք, մեր ինքնիշխանությունից և իրավունքներից չենք հրաժարվելու։ Հետո ստեղծելու ենք անվտանգային համակարգ։ Ինչպե՞ս։ Առաջարկում ենք ԱՄՆ-ի հետ ոչ ՆԱՏՕ անդամ դաշնակցի կարգավիճակ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031