Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում․ մասնակցության պատկերը
2026 թվականի մայիսի 4-ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին մասնակցեց մոտ 50 միջազգային պատվիրակություն, որոնց մեծ մասը գլխավորում էին մասնակից երկրների առաջնորդները։
Հիշեցնենք, որ առաջին անգամ գագաթնաժողովը հրավիրվել է 2022 թվականին՝ պայմանավորված Ուկրաինա ՌԴ-ի ներխուժումից հետո Եվրոպայում ստեղծված նոր անվտանգային միջավայրով: Ձևաչափը նախատեսված էր ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ եվրոպական տարածաշրջանի անվտանգությամբ շահագրգիռ այլ գործընկեր երկրների մասնակցությամբ մի շարք օրակարգային հարցերի՝ անվտանգություն, էներգետիկ ճգնաժամ, քաղաքական ու տնտեսական համագործակցություն, քննարկման համար։
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ամփոփել է երևանյան և նախորդ ԵՔՀ գագաթնաժողովներում մասնակից պատվիրակությունների, երկրների առաջնորդների թվի վերաբերյալ տվյալները։
Կարդացեք նաև
Երկրների ղեկավարների մասնակցությունը նախորդ գագաթնաժողովներում
Այսպես, 2022 թվականին Պրահայում կայացած առաջին գագաթնաժողովին մասնակցած պատվիրակություններից 44-ը գլխավորել են երկրների ղեկավարները (նախագահներ, վարչապետեր)․ միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպական Միության կառույցների ղեկավարները։
Հաջորդ երկու գագաթնաժողովներին՝ անցկացված 2023 թվականին Մոլդովայում և Իսպանիայում, գրանցվել է երկրների ղեկավարների մասնակցության ամենաբարձր թիվը՝ երկուսին էլ 45 առաջնորդ է մասնակցել։
Նշենք, որ երկրների ղեկավարների մասնակցության ամենացածր թիվը գրանցվել է երևանյան գագաթնաժողովում։
Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ներկայացված է մասնակից առաջնորդների թիվը՝ ըստ կայացած գագաթնաժողովների։
Ինչպես նշեցինք վերևում, Երևանում կայացած ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին մասնակցել է մոտ 50 պատվիրակություն: Պատվիրակություններից, այդ թվում նաև՝ ԵՄ և այլ միջազգային կառույցներից, միայն 37-ն են գլխավորել երկրների ղեկավարները։
Օրինակ՝ Թուրքիան ներկայացված էր փոխնախագահի՝ Ջևդեթ Յըլմազի, Սան Մարինոն՝ արտաքին գործերի և քաղաքական հարցերի պետքարտուղար Լուկա Բեկարի մակարդակում։
Մի շարք երկրների ղեկավարներ, օրինակ՝ Գերմանիան, Ավստրիան, Հունգարիան, Նիդերլանդները հրավիրված են եղել, սակայն նրանց ներկայացուցիչները ներկա չեն եղել տարբեր պատճառներով։
Նշենք, որ հրավիրված է եղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով թեև անձամբ չի ներկայացել գագաթնաժողովին, հանդես է եկել տեսաուղերձով:
Բացի երկրներից, մասնակցել են նաև Եվրոպական Միության բարձրաստիճան ղեկավարները՝ Անտոնիո Կոստա, Ուրսուլա ֆոն դեր Լայեն, Ռոբերտա Մեցոլա, Կայա Կալաս, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների (ՆԱՏՕ, ԵԱՀԿ) գլխավոր քարտուղարները։
Նշենք, որ սա առաջին նման գագաթնաժողովն էր, որին հրավիրված էր նաև Կանադան։
Ստորև ներկայացված քարտեզում ընդգրկված են այն երկրները, որոնք մասնակցել են երևանյան գագաթնաժողովին առաջնորդների (վարչապետ, նախագահ) մակարդակում։

Նանե Մանասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»



















































