«Ապառաժ» – Մայիսի 15-ին Կիպրոսում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ապրիլին Փարիզում տեղի ունեցած «Սփյուռքի ազգային զորաշարժի խորհրդաժողով»-ին։ Այս առթիվ հատուկ հրավերով Կիպրոսում է գտնվում Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանի։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչ Սիմոն Այնեճյանը, որին հաջորդեց Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Գազանճյանի զեկույցը՝ խորհրդաժողովի ընթացքում ուրվագծված ռազմավարական ծրագրի մասին։ Նա անդրադարձավ խորհրդաժողովում տեղի ունեցած ախտաճանաչումներին, արժևորումներին և գնահատումներին։
Աշոտ Դանիելյանը ներկայացրեց արցախահայության հիմնահարցի ներկա փուլը՝ բնութագրելով արցախահայության բռնի տեղահանության կարգավիճակը և հավաքական վերադարձի կենսական կարևորությունը։ Ելույթի ավարտին նախագահ Դանիելյանը և Հակոբ Գազանճյանը պատասխանեցին ներկաների հարցերին։


















































