«Զարմանում եմ վարչապետի ներվերի վրա, կարծում եմ, որ դրանք բետոնից են, երկաթից են։ Զարմանում եմ, որ դիմանում է այն ամենին, ինչի միջով անցնում ենք․ ես հաճախ չեմ դիմանում։ Այդ խոսույթը, ատելությունը դաշտ են բերել ընդդիմադիրները»,-լրագրողների փաստմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բառապաշար է օգտագործում, որը հարիր չէ քաղաքական բանավեճին և հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք, լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց՝ դեռ մի բան էլ քիչ է ասում Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողների դիտարկմանը՝ ութ տարի ժամանակ կար և հարցին՝ եթե բավարար հիմքերը կային, ութ տարի ի՞նչ էիք անում, որ նրանք ազատության մեջ են, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Բավարար չափով գումար ու գույք է հետ բերվել ՀՀ բյուջե։ Եթե խոսում ենք մարտի 1-ի մասին, մարտի 1-ի հետքերը տասնամյակներ են ունեցել, որ թաքցնեն, քննիչը փախած է։ Պարզ է, որ այդ մարդիկ պատասխանատվություն են կրելու մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի, կեղծված ընտրությունների, զուգարանում մարդ սպանելու համար»։
Այնուհետև Ալեն Սիմոնյանը սկսեց դասեր տալ լրագրողերին, թե ինչու չեք դատապարտում ձեր գործընկերներին, որոնք ըստ նրա՝ սխալ են իրենց պահում։ Լրագրողներն էլ ի պատասխան մեկ այլ՝ իշխանական ԶԼՄ-ի թղթակցի օրինակ բերեցին, որի պահվածքին չի անդրադառնում լրագրողներին հաճախ թիրախավորող ԱԺ նախագահը։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ նորմա՞լ է, որ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է «կզացնել» բառը, մի՞թե դա ատելության խոսք չէ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Կարծես թե «կզացած» բառը Ռոբերտ Քոչարյանն է գցել շրջանառության մեջ։ Ինքը որ ասում է «կզացած»՝ ի՞նչ նկատի ունի»։ Լրագրողների հարցին՝ նորմա՞լ է, որ Նիկոլ Փաշինյանը սպառնում է ՀՀ քաղաքացիներին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես միանում եմ վարչապետի ասածներին և ես Ռոբերտ Քոչարյանին և մնացածին քաղաքական, իրավական և բոլոր առումներով կզացնելու եմ մեր ժողովրդի դեմ արածի համար։ Իրենց աջակիցներին ոչինչ չի սպառնում, ես նրանց հետ կխոսեմ ու կբացատրեմ՝ մոլորության մեջ են»։
ՔՊ-ի քարոզարշավն Արաբկիրում ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































