Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին էր մոտեցել թիվ 16 պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանը, որի եղբայրը 44-օրյա պատերազմում անհետ կորած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանն է։ Բժշկուհին ՔՊ-ի վարչապետի թեկնածուին մեղադրեց «ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ ոչնչացնելու, իր հայրենիքը, հարազատ եղբորը գողանալու մեջ», ինչից հետո Փաշինյանը պոռթկաց, սպառնալիքներ եւ ատելության խոսք հնչեցրեց քաղաքական հակառակորդների ու արցախցիների հասցեին:
Արփինե Սողոյանի դուստրը՝ փաստաբան Տաթեւիկ Սողոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է, թե ով է իր մայրիկը, եւ նրա ձեւակերպմամբ՝ դրանից հետո ինչ ցնցումների մեջ է ընկել իշխանությունը՝ մայրիկի կարծիքը հրապարակային եւ անվրդով կերպով արտահայտելու հետեւանքով:
«Գաղտնիք չէ, որ մեր ընտանիքը եւ ընտանիքից շատերը բժիշկներ են, ինչպես մայրս, քեռիս, եղբայրս, քեռուս աղջիկները, այսինքն` ես հպարտությամբ կարող եմ նշել, որ վաստակաշատ բժիշկների ընտանիքից եմ, նաեւ վաստակաշատ պրոֆեսոր Յոլյանի ժառանգներից եմ: Մայրիկս եւս բժշկուհի է, շուրջ 3 տասնամյակից ավելի փորձով, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, իր ձեռքով լույս աշխարհ են եկել հազարավոր երեխաներ, շուրջ 20 տարի Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի պոլիկլինիկայում իր հսկողության ներքո գտնվող որեւէ հղի որեւէ բժշկական սխալի արդյունքում չի տուժել»,- նշեց Տաթեւիկ Սողոյանը:
«Մայրիկս դեռեւս ուսանող ժամանակներից միշտ պատրաստ էր օգնել հայրենակիցներին, ու 1988թ երկրաշարժի օրերին սանիտար աշխատելուց մինչեւ պատերազմի օրերին բուժքույր աշխատելը, ընդհուպ մինչեւ այսօրը այդ մարդն ապրում է իր հայրենակիցներին մի բարիք գործելու համոզմունքով: Մի քիչ առաջ եմ ընկնում՝ հակադարձելով առողջապահության նախարարի չգիտես որտեղից հայտնված հռետորական հարցադրումներին, թե ուր էին այդ մարդիկ պատերազմի օրերին, երբ արցախցիները գաղթում էին…Ասեմ՝ ուր էին… եղբայրս Քարվաճառի զորամասում էր, Քարվաճառի զորամասի բժիշկն էր՝ Էդուարդ Արամի Սողոյան, կարող եք հետաքրքրվել, թե քանիսի կյանքն է փրկվել եղբորս ջանքերով…Ուր էր մայրիկս այդ օրերին: Երբ գաղթում էին, մայրիկս իր կարողացածի առավելագույնի չափով եւ նյութապես, եւ հոգեբանորեն, եւ իր կարողությունների բերումով ամեն օր, առայսօր շարունակում է օգնել արցախցիներին՝ իրենց աշխատանքի տեղավորելով, որդեկորույս մայրերին կրկին մայրանալու բերկրանքը պարգեւելով…
Կարդացեք նաև
Անահիտ Ավանեսյանն ասում է՝ մի աման ճաշ տարած կա՞ այդ մարդը: Այդ մարդը ոչ թե մեկ աման ճաշ է տարել ու միայն այդ օրերին է տարել, այլեւ ամեն օր է տանում, երբ իմանում է իր բուժառուն սոցիալապես անապահով վիճակում է, երբ հարազատ է կորցրել պատերազմում, մայրիկս գնում է ծնունդն ընդունում է, հետո գալիս է տուն, ճաշ է պատրաստում ու տանում: Բայց այդ մարդը սոցիալական ցանցերում էլ չկա, որ տեղադրի ու դրանով պարծենա …
Քեռիս բուժծառայության փոխգնդապետ էր, մարդ, ում մասին դժվարանում եմ առանց հուզմունքի խոսել, մարդ, որ պատերազմի օրերին անձնվիրաբար է ծառայել թե արցախցիների, թե Հայաստանի քաղաքացիներին փրկելու ուղղությամբ, չկա գեթ մեկ մարդ Հադրութի դիվիզիայում եւ Հադրութի շրջանում, ով չի ճանաչել կամ չի լսել Հրանտ Պապիկյանի մասին, նրա կատարած սխրանքների մասին, թե 1990-ականների պատերազմում, եւ թե 2020թ պատերազմում… Չնայած նրան, որ 2020-ի պատերազմում ունեցել է փոխգնդապետի ուսադիրներ, քեռիս մի վայրկյան անգամ չի վարանել ու անձամբ է գնացել փրկության եւ բուժօգնության կանչի ահազանգերի հետեւից…»,-նշեց Տաթեւիկ Սողոյանը:
Նա հավելեց նաեւ, որ այս պարագայում միակ բանը, որ կարող է փարատել իր մայրիկի վիշտը, դա նախ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, եւ երկրորդ տեղեկություններն են՝ բռնի անհետացած իր քեռու ճակատագրի մասին: Տաթեւիկ Սողոյանն ասաց, որ Արփինե Սողոյանին առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել: Նաեւ ընդգծեց, որ այս իշխանության օրոք միշտ էլ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ ենթարկվում են կարգապահական տույժերի, ճնշումների, ակնարկների:
Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից. news.am–ի հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը. «Մանավանդ որ խոսքը գնում է կնոջ մասին, ով եղբորն է կորցրել և իր էմոցիան կարող է արտահայտել այս կերպ կամ այն կերպ։ Բայց դա չի նշանակում, որ մենք պատասխան չենք տալու, բայց դա նաև չի նշանակում, որ մարդը աշխատանքից ազատվելու է կամ նման վտանգ կա։ Ես երաշխավորում եմ, որ նման բան հնարավոր չի»։
Մանրամասն՝ տեսանյութում
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարը՝ Տաթեւիկ Սողոյանի ֆեյսբուքյան էջից

















































