Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել վճարահաշվարկային կազմակերպությունների դեմ

Մայիս 18,2026 19:15 Share

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 21.04.2026 թվականի թիվ 152-Ա որոշմամբ վարույթ է հարուցել «ԻԴՐԱՄ», «ԻԶԻ ՓԵՅ» և «ԹԵԼ-ՍԵԼ» վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ՝ հնարավոր հակամրցակցային համաձայնության հատկանիշների առկայության կապակցությամբ։ Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Հանձնաժողով ներկայացված հաղորդումը։

Ավելի վաղ՝ 10.02.2026 թվականին, Հանձնաժողովի թիվ 12-Ա որոշմամբ, վճարահաշվարկային կազմակերպությունների հաղորդման հիման վրա, նույնաբնույթ հնարավոր խախտման կասկածով վարույթ էր հարուցվել նաև բջջային կապի երեք օպերատորների՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Յուքոմ» ՓԲԸ-ի նկատմամբ։

Ինչու՞մ է բանը:

Հակասության հիմքում միջնորդավճարների չափերի հարցն է։

Նախկին հրապարակումներից հայտնի է, որ բջջային օպերատորները վճարահաշվարկային կազմակերպություններից պահանջել էին վերանայել իրենց նկատմամբ կիրառվող միջնորդավճարների չափը՝ այն հիմքով, որ դրանք էապես ավելի բարձր են, քան, օրինակ, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները նկատմամբ կիրառվող միջնորդավճարները։ Ըստ օպերատորների՝ այդ միջնորդավճարները պետք է չտարբերվեն, քանի որ գործառույթները նույնն են։ Բջջային օպերատորները հիմնավորում են իրենց պահանջը նաև նրանով, որ բանկերի կողմից նույնպես կիրառվում են էապես ավելի ցածր միջորդավճարներ:

Բջջային օպերատորները պահանջել էին վերանայել իրենց նկատմամբ կիրառվող միջնորդավճարները, սակայն, նրանց պնդմամբ, հանդիպել էին վճարահաշվարկային վերոհիշյալ կազմակերպությունների միասնական և կոշտ մերժմանը։

Արդյունքում բջջային օպերատորները մեկը մյուսի հետևից լուծել էին նշված վճարահաշվարկային կազմակերպությունների հետ ունեցած պայմանագրերը՝ միաժամանակ բաժանորդներին առաջարկելով վճարումներ կատարելու հնարավարություններ ոչ միայն իրենց սպասարկման կետերի, վեբկայքերի և հավելվածների միջոցով, այլ նաև Հայփոստի և գրեթե բոլոր հայաստանյան բանկերի միջոցով: Որոշ ավելի փոքր վճարահաշվարկային կազմակերպությունների հետ պայմանագրերը պահպանվել էին՝ հավանաբար վերանայված միջնորդավճարներով:

Փաստորեն, վճարահաշվարկային կազմակերպությունները պնդում են, որ բջջային օպերատորների կողմից միջնորդավճարների վերանայման պահանջ ներկայացնելը և հետագայում պայմանագրերը լուծելը կարող էր հանդիսանալ համաձայնեցված վարքագծի դրսևորում։

Իր հերթին, «Վիվա Արմենիա»-ն հակառակ դիրքորոշումն է հայտնում՝ նշելով, որ հենց վճարահաշվարկային խոշոր կազմակերպությունների միասնական կոշտ դիրքորոշումն ու միջնորդավճարների վերանայման մերժումները կարող են հակամրցակցային համաձայնության հատկանիշներ պարունակել։

Առաջին հայացքից իրավիճակը կարող է հիշեցնել «ո՞րն էր առաջինը՝ հա՞վը, թե հավկի՞թը» հայտնի դիլեման։ Սակայն օրենքով նկարագրված հարցի գնահատման համար նախատեսում է հստակ չափանիշներ։

«Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ հակամրցակցային համաձայնություն կարող է համարվել մրցակից հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջև ցանկացած համաձայնություն, այդ թվում՝ բանավոր համաձայնություն, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողություն կամ վարքագիծ, եթե այն ուղղված է գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը։

Հետևաբար, Հանձնաժողովը, ըստ էության, պետք է գնահատի ոչ միայն այն հանգամանքը, թե արդյո՞ք առկա է եղել համաձայնեցված վարքագիծ, այլ նաև այն, թե որքանո՞վ էին տնտեսագիտական առումով հիմնավորված միջնորդավճարների պահպանման կամ վերանայման վերաբերյալ համապատասխան երկու հակադարձ կողմերում գտնվող ընկերությունների պահանջները կամ գործողությունները։

Եթե Հանձնաժողովը հանգի եզրակացության, որ վճարահաշվարկային կազմակերպությունները բջջային օպերատորների նկատմամբ կիրառել են խտրական մոտեցում՝ համեմատած, օրինակ, կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ, ապա յուրաքանչյուր վճարահաշվարկային կազմակերպություն ստիպված կլինի ներկայացնել նման «տարբերակված» մոտեցում կիրառելու և այն պահպանելու ծանրակշիռ հիմնավորումներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031