Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծ, հայհոյանք, գույքի վնասում․ արտառոց պատմություններ՝ Արթիկ քրեակատարողականի կալանավորների մասնակցությամբ

Մայիս 18,2026 21:10 Share

Aravot.am-ի տեղեկություններով, Արթիկ քրեակատարողական հիմնարկի կալանավորներից մեկը՝ Ա․Ո․-ն, որը շուրջ մեկ ամիս է, ինչ կալանավայրում է, իրեն հասանելիք մեթադոնը ստանալու ժամանակ դրսևորել է ագրեսիվ, անհարգալից վարքագիծ, չի ենթարկվել քրեակատարողական հիմնարկի ծառայողների օրինական պահանջներին, անկանոն շարժումներ է կատարել, մարմնի տարբեր մասերով հարվածել է պատերին ու հայհոյանքներ հնչեցրել ծառայողների հասցեին։

Արթիկի և Անիի քննչական բաժնում մայիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արթիկ քրեակատարողականի մեկ այլ կալանավոր էլ՝ Հ․Փ․-ն, որը երկու տարի է, ինչ քրեակատարողական հիմնարկում է, իրեն զբոսանքի ուղեկցելու ժամանակ ոտքով հարվածել է անվտանգության ապահովման բաժնի մասնագետներից մեկի որովայնին։ Դրանից հետո նրան խուց է ուղեկցել անվտանգության ապահովման բաժնի մեկ այլ մասնագետ, որին ևս կալանավորը հասցրել է հարվածել․ ձեռքով հարվածել է նրա ձախ այտին։

Փաստի առթիվ մայիսի 8-ին Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մայիսի 11-ին էլ Արթիկ քրեակատարողական հիմնարկի մեկ այլ կալանավոր՝ Ս․Բ․-ն, որը մեկ ամիս է, ինչ գտնվում է կալանավայրում, վնասել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գույքը։ Այս մասին ոստիկանությանը ահազանգել է դատական կարգադրիչների ծառայության պետ Ա․Հ․-ն։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կալանավորը, ժամը 16․27-ից մինչև ժամը 19․00-ն ընկած ժամանակահատվածում գտնվելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 4-րդ խցում, կոտրել է խցի լվացարանը՝ պատճառելով 15 հազար դրամի գույքային վնաս։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզի քննչական վարչություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031