«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Գյումրու Թատերական հրապարակում իր ելույթը սկսեց քաղաքացիներից մեկի հետ ունեցած զրույցը հանրայնացնելով։
«Ժողովուրդ ջան, ստեղ քայլելուց մեկն ականջիս ուզում էր բան ասի, լավ չէր լսվում, երաժշտություն կա, ասում էր՝ պարոն նախագահ, էս Նիկոլը ստեղից քայլեց դեպի Երևան, կարո՞ղ է ամսի 7-ից հետո հետ ուղարկեք ստեղ։
Ես երդվեցի, որ չեմ ուղարկելու, խոստանում ենք, որ չենք ուղարկելու, իր համար հատուկ տեղը կա։ Եվ այդ տեղի ներսի դիզայնը մեր Աննան 2 կամ 3 օր առաջ արդեն բնութագրել է․ մի պատին կլինի Արարատը, մյուս պատին՝ կլինի եկեղեցին։
Հասկանում ենք, որ դա խոշտանգում է լինելու իր համար, բայց թող դիմանա։
Կարդացեք նաև
Սիրելի գյումրեցիներ, նախագահ ժամանակ Գյումրին այն քաղաքն է, որտեղ ամենաշատն եմ եղել, դուք վկա եք, տարին մի քանի անգամ գալիս էի ստուգելու համար, թե շինարարության տեմպերը կարողանո՞ւմ ենք պահել, թե՞ ոչ, էլ ինչ կարող ենք անել քաղաքը վերականգնելու համար։ Ինձ համար դա եղել է արժանապատվության, թասիբի հարց, և ինքս ինձ ասում էի հետևյալը՝ չպետք է ժամկետս մինչև լրանալը մի բան մնա չլուծված, չկառուցված, չվերականգնված։
Մինչ այստեղ գալս, ինձ ասում էին՝ այստեղ տնակներ կան, գոնե այդ տնակների համար պարտավոր ենք հետ գալ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա խոստացավ գյումրեցիներին հանգիստ չթողնել, գիշեր-ցերեկ աշխատեցնել։ Նշեց, որ Հայաստանի ոչ մի ղեկավար Գյումրիի համար այդքան բան չի արել, ինչ ինքը։
«Ինչ կարգի առաջնորդ եք դուք պատկերացնում, բնութագրում եմ երկու տարբերակ՝ հիստերիկ, լաչառ, ստախոս, թե՞ աշխատող, ինքնակառավարվող մարդ, որը գիտի խոսքի արժեքը, որը գիտի՝ ինչ է դիվանագիտությունը, ինչ է պատերազմը, ինչ է հաղթանակը, ընտրությունը ձերն է։
Այսօր առավոտյան եմ ասել՝ դուք ինչպիսի ընտանիքի հայր կերազեիք ունենալ՝ լաչա՞ռ, թե՞ լուրջ, ապուշի մեկը, քանդող, թե՞ կառուցող»,- հարցրեց Ռոբերտ Քոչարյանը։
Նա թիվ 16 քվեաթերթիկը համարեց արյունոտ, խայտառակ քվեաթերթիկ։
«Երեկ, անցած օրը այնպիսի տեսարաններ էին Երևանում, որ ես՝ որպես նախկին նախագահ, ամոթից տեղս չէի գտնում, ես երբեք չեմ տեսել իմ կյանքում, որ որևէ պաշտոնյա էդ ձևով, էդ տոնով խոսի կնոջ հետ։ Չեմ տեսած երբեք, նույնիսկ չէի մտածում, որ դա հնարավոր է։
Եվ այդ մարդիկ ասում են, որ տանում են մեզ դեպի պայծառ Եվրոպա։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, պաշտոնյա նման խոսակցությունից հետո ուղղակի կդառնար քաղաքական դիակ Եվրոպայում, իրենց սիրած Եվրոպայում։
Եվրոպայի «ունիտազներն» ավելի մաքուր են, քան սրանց բերանի խոսույթը։ Ես սա մենք մերժում ենք, մեկ օրինակ բերեք, որ ես տաս տարվա ընթացքում մեկի հետ նման ձևով խոսած լինեմ, հնարավոր չէ, չեք գտնի այդպիսի մարդ, ուղղակի ամոթ է։
Երկրի առաջնորդը թրենդ ձևավորող է, ինքը ցույց է տալիս, թե ինչպիսին պիտի լինի ՀՀ քաղաքացին, դա ես թրենդ սարքո՞ւմ, մենք մերժում ենք էդպիսի թրենդները, դա խայտառակություն է մեր ժողովրդի համար։
Պիտի հասկանանք՝ ով ընտրում է Նիկոլին, ընտրում է Ալիևին, այն, ինչ անում է այս մարդը, անում է Ադրբեջանի օգտին՝ ենթադրաբար նրանց ցուցումով։ Ասել եմ՝ սրանց պուլտը գտնվում է Ադրբեջանում։ Այդ պուլտը գտնվում է Իլհամ Ալիևի ձեռքին, հիմա մենք այդ պուլտը պիտի վերադարձնենք Հայաստանին, և Հայաստանի ղեկավարը միայն պիտի ղեկավարվի հայ ժողովրդի շահերով»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ






















































