«Փաստը» գրում է. 44-օրյա պատերազմում պարտություն կրելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը փոխեց ՀՀ պաշտպանության նախարարին։ Այդ պաշտոնին նշանակվեց Փաշինյանի գլխավոր խորհրդական և մտերիմ Վաղարշակ Հարությունյանը, որը 2000-ականների սկզբներին մեծ սկանդալով էր հեռացվել զորքերից և զրկվել գեներալ-լեյտենանտի ուսադիրներից և Նիկոլ Փաշինյանի միջամտությամբ 2019 թվականի օգոստոսին վերականգնել զինվորական բարձրագույն կոչումը։
Մինչև Պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելը Վաղարշակ Հարությունյանը զբաղեցրել է Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնը և համակարգել է ռազմական բլոկը, իսկ այժմ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվել է պատգամավորի թեկնածու։
Տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակված Վաղարշակ Հարությունյանը պաշտոնը ստանձնելու պահին, ինչպես նաև ենթադրաբար ներկայում ևս հանդիսանում է օտարերկրյա պետության՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Հարությունյանը անձնագիրը ստացել է 2015 թվականի հուլիսի 2-ին Ռոստովի մարզի դաշնային միգրացիոն ծառայության (ОУФМС) բաժնի կողմից և գրանցված է Ռուսաստանի Դաշնություն, Ռոստովի մարզ, ք. Կամենսկ-Շախտինսկի, Պուշկինի փողոց 28 հասցեում։
Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության պահանջներից ելնելով՝ չի հրապարակվել պարոն Հարությունյանի անձնագրի համարը։
Կարդացեք նաև
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ Պաշտպանության նախարար կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և ընտրական իրավունք ունեցող անձը։
Փաշինյանը պարտավոր է պատասխանել հետևյալ հարցերին՝
1.Արդյոք իմացել է Վաղարշակ Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին և չարաշահել պաշտոնական դիրքը՝ դիտավորությամբ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օտարերկրյա պետության քաղաքացուն նշանակելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում։
2.Արդյոք Փաշինյանը բավարար չափով չի տիրապետել իրավիճակին և ՀՀ Զինված ուժերի համար ամենապատասխանատու պաշտոնին նշանակել ու բարձագույն ռազմական կոչումներ շնորհել օտարերկրյա պետության քաղաքացու։
3.Ինչպե՞ս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես պատգամավորի թեկնածու գրանցել շաբաթներ առաջ Փաշինյանի մտերիմ Վաղարշակ Հարությունյանին՝ ենթադրաբար ՌԴ քաղաքացիություն ունեցող անձի, որը առաջիկա ընտրություններում ենթադրաբար կարող է կատարել ընդդիմությունից ձայներ խլողի և «ձայներ փոշիացնողի» դեր։
Ի դեպ, մեր աղբուրները փոխանցում են, որ Վաղարշակ Հարությունյանը ենթադրաբար միակ պաշտոնյան չի եղել, որը նախարարի պաշտոնը զբաղեցնելու պահին ունեցել է ՌԴ քաղաքացիություն։
Հիշեցնենք, ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի նաև Նիկոլ Փաշինյանի հարազատ եղբայրը»։
«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս հրապարակումը՝ «Ռեֆորմիստներ» կուսակցության խոսնակ Անի Ներկարարյանը փոխանցեց. «Պաշտոնապես հերքում ենք այս կեղծ տեղեկությունը։ Վաղարշակ Հարությունյանը մշտապես եղել է ՀՀ քաղաքացի և երբեք չի եղել որևէ այլ երկրի քաղաքացի։
Հորդորում ենք ԶԼՄ-ներին չտրվել սադրանքներին»։


















































