Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն անդրադարձավ հարցին, որ եթե դժվարացվի ՌԴ-ից ցորենի մուտքը Հայաստան, կամ գազի հետ կապված որոշումներ կայացվեն, Հայաստանի կառավարությունը «պլան բ» ունի՞։
«Բոլոր մեխանիզմները կան, մշակված են, դրված են, բայց մենք հավատացած ենք, որ ձեր ասած սցենարը տեղի չի ունենա։ Ձեր ասած սցենարները մշակված են դեռեւս տարիներ առաջ, բայց մենք հավատացած ենք, որ դա տեղի ունենալ չի կարող։ Իսկ ընդհանուր առմամբ, այն քաղաքական փոփոխությունները, որոնք մենք արել ենք վերջին տարիներին, այդ թվում՝ սահմանի բացումը․․․ Տեսեք, այսօր ամբողջ աշխարհում 2-3 անգամ բենզինի գներն ավելացել են, Հայաստանում ավելացել է մի քանի տոկոս։ Ինչո՞ւ է այդպես, որովհետեւ մենք կարողանում ենք էժան բենզին եւ դիզվառելիք բերել այլ շուկայից։ Պետք է կարողանանք նույնը անել ցորենի դեպքում, մյուս ապրանքների դեպքում, որ ոչ թե որեւէ մեկից կախված լինենք, այլ կարողանանք ազատ մանեւրել։ ՀՀ-ն ունի անհրաժեշտ պաշարներ, ունի դիվերսիֆիկացված մատակարարման աղբյուրներ, ՀՀ-ն ստանում է եւ կստանա կայուն ցորեն։ Այդ մասով մեր քաղաքացիները որեւէ մտահոգություն ունենալ չեն կարող, ամեն ինչ կառավարելի է։ Այս խոսակցություններն ու հարցադրումներն էլ են ժամանակավոր, հունիսի 8-ի առավոտյան դուք այլ հարցեր եք տալու, օրինակ՝ ինչպե՞ս եք մտածում հաջորդ 5 տարվա ընթացքում Հայաստանում զարգացնել ցորենի արտադրության ծավալը»,- նշեց նա։
Պապոյանն ասաց, որ Հայաստանից այսօր շատ մեծ ծավալի ապրանքներ են արտահանվում ՌԴ, Ռուսաստանից էլ շատ մեծ ծավալով ներմուծվում են ՀՀ։ Ըստ նրա՝ Հայաստանից Չինաստան արտահանումը կրկնապատկվել է, երկու անգամ ավելի շատ հայկական ապրանք է արտահանվել Չինաստան, իսկ Հայաստանից Եվրամիություն արտահանումը գրեթե կրկնապատկվել է։ «Սա նշանակում է, որ այն, ինչի մասին երկար խոսում էինք, նաեւ գործ ենք արել»,- նշեց նա։
Անդրադառնալով որոշմանը, որ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է կիրառելու՝ Պապոյանն ասաց․ «Պաշտոնական գրություն չենք ստացել, չեմ կարող մեկնաբանել, գիտեմ, որ «Ռոսսելխոզնադզորից» մասնագետներ կան Հայաստանում, կոնկրետ ընկերություններում ուսումնասիրություններ են անցկացնում։ Դրանք ընկերություններ են, որոնց համար արտահանումը փակ էր։ Եվ եթե այդ ուսումնասիրությունների արդյունքում դրական եզրակացություն լինի, կբացվի արտահանման հնարավորությունը։ Ես կարծում եմ՝ ընթացիկ աշխատանքային իրավիճակներ են։ Իհարկե, չեմ բացառում, որ կան հայաստանյան որոշ ուժեր, որոնք փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները, հայ ֆերմերները ՌԴ-ում խնդիրների առաջ կանգնեն։ Մենք այդպիսի տեղեկատվություն պարբերաբար ստանում ենք, բայց նաեւ զուգահեռ կարողանում ենք այդ խնդիրները լուծել։ Օրինակ՝ Վալդբերիսի եւ Օզոնի դեպքը ես ասեմ՝ խնդիրը մեծ մասով արդեն լուծված է»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ՔՊ ֆեյսբուքյան էջից


















































