«Եթե իշխանությունները, իրավապահ մարմինները համարում են, որ օտարերկրյա գործակալական ցանցի անդամ լինելը պետք է բացառի Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը, եթե երկքաղաքացիություն ունենալը բացառում է ընտրություններին մասնակցելը, ապա նրանք պետք է գրանցված չլինեին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Նոր ուժ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ընդդիմադիր որոշ գործիչների վերաբերյալ հրապարակումներին։
Հիշեցնենք, որ միայն երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, թե «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանը հայրենիքի դավաճան է։ Մինչ այդ հրապարակումներ եղան, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը եղել է ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակից, իսկ նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ քաղաքացի։ Իհարկե, այս բոլոր գործիչները հերքեցին այդ հայտարարությունները և հրապարակումները, իսկ Հակոբ Կարապետյանը հիշեցնում է, որ թե Նարեկ Կարապետյանը, թե Անդրանիկ Թևանյանը որպես պատգամավորի թեկնածու են գրանցվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։
«Եթե գրանցված են, ապա կա 2 տարբերակ՝ կամ Փաշինյանի համար դա սկզբունքային չէ, և ռեվերանս են արել Պուտինին՝ իրենց թույլ տալով Հայաստանում մասնակցել քաղաքականությանը։ Կամ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին։ Ես ավելի հակված եմ, որ Փաշինյանը հայտնի հանդիպման ժամանակը պայմանավորվել է Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է ընտրություններում «Նոր ուժ» կուսակցության հնարավորություններին, ապա Հակոբ Կարապետյանը գտնում է, որ հունիսի 7-ին իրենք կհաղթահարեն անցողիկ շեմը և Ազգային ժողովում կունենան ընդդիմադիր խմբակցություն։ Միգուցե նաև որոշ ուժերի հետ կկազմեն կոալիցիա։
Կարդացեք նաև


















































