«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպումներ ունեցան Դավթաշեն վարչական շրջանում։ «Մենք համարում ենք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության երաշխավորը հայ ժողովուրդն է և Հայաստանի Հանրապետության բանակը։ Մենք համարում ենք, որ ինքներս կարող ենք հզորացնել մեր բանակը և պաշտպանել մեր երկրի սահմանները։
Մենք համարում ենք, որ մեր երկիրը լի է բնական հարստություններով, որ Աստված մեզ չի նեղացրել, որ մեր սարերում ոսկի կա, պղինձ, արծաթ, մոլիբդեն, որ մեր ջրերն անսահման են, և մեր հարևան տարածքները դրա կարիքն ունեն, որ մենք գիտական ահռելի պոտենցիալ ունենք, որը, ցավոք սրտի, այսօր ներգրավված չէ։ Ու մենք Ազգային ժողով գնում ենք օրինագծերով, կփորձենք այս ամեն ինչը համախմբելով՝ ընդհանուր բովանդակություն տալով Հայաստանի Հանրապետության բյուջեն բազմապատկել, կրկնապատկել»,- իր ելույթում նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ և վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը։
«Վստահաբար ասում ենք ձեզ, որ մեր տնտեսական ծրագրերն իրականություն դարձնելու պարագայում 5 տարում ՀՀ բյուջեն կարող է հասնել 45 միլիարդի։ Մենք գնում ենք ՀՀ Ազգային ժողով աշխատելու, մենք գնում ենք այդ ԱԺ-ում ծույլ, ոչինչ չանող, միայն իշխանափոխությունից ու հայհոյանքներով խոսող ընդդիմությանը փոխարինելու»,- հավելեց Արամ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության քվեաթերթիկի համարը 11-ն է, իսկ կարգախոսը՝ «Քեզ համար, Հայաստան, քեզ համար»։
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ ավելի ուշ։
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ


















































