«Անհեթեթ, խայտառակ, ամոթալի, Վիշինսկու գործելաոճին հատուկ վարքագիծ են ցուցաբերում իրավապահները՝ պետությունից իջած հրահանգով։ Բայց քանի դեռ որեւէ ֆիքսված իրավիճակ չունենք, գործընթացն ընթացքի մեջ է, կցանկանայի մի քիչ լավատես լինել եւ իրավապահներին կոչ անել, որ վերեւից եկած ամեն մի հրահանգ էնտուզիազմով իրականություն չդարձնեն։ Սա քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, վախի մթնոլորտ սերմանելու՝ իշխանությունների ջղաձիգ վարքագիծն է, որը լավ տեղ չի տանելու»,- «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակում ընդգրկված Անդրանիկ Թեւանյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ հավելելով, որ որեւէ իշխանության դեռ չի հաջողվել ռեպրեսիաներով երկարացնել իր իշխանությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԲՀԿ ցուցակում պետական դավաճանության մեջ մեղադրվող անձ կա ընդգրկված, իսկ ավելի ուշ ասաց, որ այդ անձը Անդրանիկ Թեւանյանն է։ ՔԿ-ն երեկ մեղադրանք առաջադրեց Անդրանիկ Թեւանյանին։ Նա մեղադրվում է «պետական դավաճանության եւ լրտեսության» մեջ։ Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար դիմում է ներկայացվել ԿԸՀ։ ԱԱԾ-ն քննչական գործողություններ է իրականացնում նաեւ ԲՀԿ ցուցակում ընդգրկված Մարտուն Գրիգորյանի տանը։
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանն էլ կարծում է, որ ՀՀ իշխանությունները գեբելսյան քարոզչություն են իրականացնում, հիտլերյան գործելաոճի ծաղրանկարն են․ «Նոպայի պահերին Հիտլերն ընկնում էր գետին, սկսում էր փալասը կծոտել գետնի վրա․ ինձ մոտ կասկածներ են առաջանում, որ կառավարական առանձնատներում ոմանք նման տեսարանների, կարող է եւ ականատես լինեն։ Երբ Հիտլերը գտնվում էր բունկերում, եւ կոալիցիոն ուժերը շրջափակել էին, ինքը հրամաններ էր տալիս իր գեներալներին, որ հարձակվեն եւ ջախջախեն կոալիցիոն զորքերին։ Բայց ոչ զորք կար, ինքը տոտալ պարտված էր, եւ գեներալներն ուղղակի արհամարհում էին նրա հրամանները։ Կարծես Նիկոլ Փաշինյանն այդ իրավիճակում է հայտնվել՝ հախուռն հրամաններ է տալիս՝ հարձակվեք, ջարդեք, փշրեք, լցրեք ԿԳԲ-ի նկուղները։ Այս մարդու մոտ հոգեխանգարմունքի է հասնում այս ամեն ինչը, եւ սա պետք է անհանգստացնի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու»։
Այս ամենը նա պայմանավորում է Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի գահավիժող վարկանիշով։ Նիկոլ Փաշինյանի ստեղծած ավտորիտար քաղաքական ռեժիմի պարագայում Դերենիկ Մալխասյանը ոչինչ չի բացառում, քանի որ վերջինս այս կերպ փորձում է ուղղակի պահպանել իր իշխանությունը։ Այս ամենը, ըստ Դերենիկ Մալխասյանի, քաղաքական ենթատեքստ ունի՝ միտված է չեզոքացնելու Անդրանիկ Թեւանյանին եւ ԲՀԿ-ին, որի ցուցակի երկրորդ համարն է Թեւանյանը։ Իր գնահատմամբ՝ հոգեբանական եւ հոգեկան առումով Նիկոլ Փաշինյանը դարձել է անկառավարելի, եւ այդ պահվածքը հարիր չէ երկրի վարչապետի վարքին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































