«Իշխանությունը Սերժ Սարգսյանին հանձնելը չեք ընդունո՞ւմ, որ Ձեր կյանքի ամենամեծ սխալն էր»,- Քաջարանում «Հայաստան դաշինքի» քարոզարշավի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին հարցրեց նրա հետ հանդիպման եկած քաղաքացիներից մեկը։
Նա էլ պատասխանեց՝ ընդունում եմ։ Քաջարանցին շարունակեց․ «Ավելի ճիշտ չէ՞ր այդ տասը տարին երկիրը վերածեիք ռազմական դիկտատուրայի, այդ ժամանակահատվածում երկիրը ոտքի կանգնեցնեիք, նոր արդեն ընտրական համակարգով մնացածը կլիներ»։
Ռոբերտ Քոչարյանն էլ ծիծաղով ասաց․ «Չէ, էդ մասը չեմ ընդունում»։
Կարդացեք նաև
Այնուհետև քաջարանցին բարձրաձայնեց ճնշումների մասին․ «Անցած ընտրություններին Քաջարանի ժողովուրդը Ձեզ ընտրեց, միակ քաղաքն էր, որտեղ Դուք ընտրվել եք։ Բայց եղավ հակառակը ընտրություններից հետո։ Այն զանգվածը, որը ողջունում էր Ձեզ, հասկանում էր, գիտեին, որ ավելի վատթար վիճակ է լինելու։ 38 մարդ ճնշման ենթարկվեց, որ ընդառաջել է Ձեզ և աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, աշխատանքային մեծ փորձ ունեին, լուրջ հանքագործներ էին։ Հիմա պարզորոշ կանչեցին Երևան, դրեցին շրջանակի մեջ՝ կամ դիմում եք տալիս, հեռանում եք ինքնակամ, կամ ձերբակալվում։
Անցնելով իշխանության գլուխ՝ այս հարցը ինչպե՞ս եք լուծելու։ Այդ ամենը Փաշինյանի հրահանգով է եղել»։ Ռոբերտ Քոչարյանն էլ արձագանքեց․ «Ինքը երևի 15-20 քրեական հոդված իր ուսապարկում ունի։
Իհարկե, սա պետք է վերանայվի։ Հիմա մի հատ լայքի համար մարդուն գործից հանում են։ Սենց բան չի եղել։ Այդ տեսանկյունից Երևանը մի քիչ այլ տրամադրության մեջ է, ստեղ էդ լծակը հարյուր տոկոսով կիրառում են, ինչքան հնարավոր է՝ խեղդած են պահում։ Մի ձև ունենք․ քվեարկության ժամանակ հաստատ չեն մտնում քվեախցիկ»։
Քաջարանում «Հայաստան դաշինքի» քարոզարշավն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




























































