Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի պես խոշոր երկրների հետ այսպիսի լեզվով չեն խոսում». Ռոբերտ Քոչարյան

Մայիս 27,2026 12:21 Share

ԱՄՆ պետքարտուղարի այցը դուք անվանեցիք միջամտության փորձ ՀՀ ընտրություններին, ինչու եք այդպես կարծում եւ արդյոք օտարերկրյա պետությունների աջակցությունը ցանկացած թեկնածուի օգտին կարող է ազդել ընտրողների կողմնորոշման վրա:

Մեղրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցը ուղղվեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին:

Ի պատասխան նա ասաց. «Ինձ հարցրել են՝ կարո՞ղ է այդ այցը դիտվել որպես միջամտություն, ես ասել եմ՝ այո, որակելու նախաձեռնությունն իմը չէր: Ամեն դեպքում՝ հրատապ, չհայտարարված այց՝ հանրությանը ոչ հայտնի օրակարգով ու նպատակով, բնականաբար այդպիսի մտահոգությունների տեղիք տալիս է: Բացի այդ՝ վերջերս քարոզարշավի մաս է դարձել եվրոպական որոշ երկրներից պատվիրակությունների այցը: Երբ նայում ես՝ ինչ բովանդակային փաստաթղթեր են ստորագրում, առանձնապես բան չկա, բայց այցը որոշակի քարոզչական բնույթ անկասկած կրում է: Մենք հայտնվում ենք աշխարհաքաղաքական մրցակցության կենտրոնում, ինչը լավ տեղ չի բերելու ՀՀ-ին»:

Հաջորդ հարցին՝ ինչպես է տեսնում ԵԱՏՄ, ԵՄ անդամակցության համատեղելիությունը՝ հաշվի առնելով ՌԴ-ից եկող հայտարարությունները, որ ՀՀ-ն պետք է ընտրի ԵՄ, թե ԵԱՏՄ, Ռոբերտ Քոչարյանն այսպես արձագանքեց. «Ակնհայտ է, որ ԵԱՏՄ, ԵՄ անդամակցությունն անհամատեղելի է: Սա ընդունում է նաեւ ՀՀ իշխանությունը, բայց ասում են՝ մենք բռնել ենք այս ճանապարհը, դուք սպասեք: Երբ որ կհասունանանք, պատրաստ կլինենք, ձեզ կասենք: Ռուսաստանի պես խոշոր երկրների հետ այսպիսի լեզվով չեն խոսում: Աշխարհում ընդունված կարգը հետեւյալն է՝ յուրաքանչյուր գերտերություն ունի որոշակի աշխարհաքաղաքական շահեր ու իր հարաբերությունները համադրում է այդ շահերի հետ… ՌԴ մոտեցումը հետեւյալն է, եթե բարեկամ երկիր ես, քո հետ մեկ առեւտրային ռեժիմի մեջ կարող ենք լինել, եթե դուրս ես գալիս բարեկամ երկրի կարգավիճակից ու գնում երկրներ, որոնք այսօր թշնամացած են ՌԴ հետ, ուրեմն դու այլ ռեժիմների մեջ կարող ես հայտնվել: Սրա մասին նրանք ասում էին, առնվանզ վերջին երկու ամիսներին անընդհատ հուշում են:

…Չի կարող երկրի արտաքին քաղաքականությունը համահունչ չլինել տնտեսական շահերին… Սա խփելու է ժողովրդի բարեկեցությանը… Պետք է հարցնել այս կառավարությանը՝ այս հաշվարկները արե՞լ է, թե իրենց համար, չգիտես ինչու, անակնկալ է»:

Ըստ Քոչարյանի՝ ՌԴ-ում բարեկամ ժողովուրդ են տեսնում մեր երկրում, բայց չեն տեսնում բարեկամ կառավարություն:

Լրագրողի ճշտող հարցին, թե ինչի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանի` Պուտինի հետ հեռախոսով 200 անգամ խոսելու մասին հայտարարությունը, դա լա՞վ, թե՞ վատ հարաբերությունների մասին է վկայում, Քոչարյանը պատասխանեց. «Ենթադրում եմ՝ մտածում է, որ այս ներքին «կռուտիտներում» իր հաջողությունը նաեւ արտաքին «կռուտիտների» հույս է տալիս: Բայց արտաքին հարաբերություններում այդ «կռուտիտներ» հասկացողությունն ունի անուն ունի, կոչվում է դիվանագիտություն: Եթե դիվանագիտությունը խառնում ես «կռուտիտների» հետ, վերջը մի փոսի մեջ ես հայտնվում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031