«Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր նախընտրական հանդիպումներ է անցկացնում Կոտայքի մարզում։ Եղվարդում բնակչության հետ հանդիպման ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հարցադրում արեց՝ փոխելո՞ւ ենք Հայաստանի ընթացքը, թե՞ շարունակելու ենք այսպես ապրել։
«Խաղաղությունը լինելու է այսպես թե այնպես, արդեն ինչ տալու էին, տվել են՝ Արցախը տվել են, Սյունիքի ճանապարհը տվել են, ինչ կա, տվել են։ Մի բան է մնացել՝ դռները բացեն, ադրբեջանցիները գան՝ այստեղ ապրեն։ Խաղաղություն լինելու է, ամեն դեպքում՝ լինելու է, բայց երկու խաղաղություն՝ կամ փոփոխություն է լինում Հայաստանում, բոլորս փոփոխություն ենք բերում եւ ունենում ենք ամուր խաղաղություն, կամ ունենում ենք թույլ խաղաղություն։ Բայց թույլ խաղաղության դեպքում իրենք սկսելու են քիչ-քիչ ադրբեջանցիներով բնակեցնել հայկական լեռնաշխարհի վերջին հայկական տարածքները։ Մեր ծրագիրն է՝ չթողնել, որ ադրբեջանցիները գան»,- Եղվարդի բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց՝ պետք է այնպես անել, որ հայերն էլ չգնան Հայաստանից։ Իսկ դրա համար պետք է աշխատատեղեր ստեղծել երկրում։ «Հայաստանի միակ ճանապարհը սա է՝ պահում ենք հայկական հողերը, ստեղծում ենք լավ տնտեսություն, որ աշխատողների կարիք լինի, դրսի հայերը գան Հայաստան։ Ծրագիր համար մեկ՝ այնպես ենք անում, որ թուրքերը չգան, ծրագիր համար երկու՝ այնպես ենք անում, որ հայերը չգնան»,- հայտարարեց նա։
Բնակիչներից մեկը հարց ուղղեց Նարեկ Կարապետյանին՝ լուրեր են տարածվում, թե «Ուժեղ Հայաստան»-ի՝ իշխանության գալու դեպքում առողջության պարտադիր ապահովագրությունը կդադարի գործել, ճի՞շտ են այդ լուրերը։
Կարդացեք նաև
Նարեկ Կարապետյանն ի պատասխան ասաց․ «Այն սոցփաթեթները, ապահովագրությունը, ինչ հիմա կա մեր երկրում, որը ժողովրդի ու ընդդիմության վախից ներդրեցին, միայն լավարկվելու են։ Դուք վստահ եղեք, Սամվել Կարապետյանի պատվի հարցն է դա, իր միջոցներից էլ կներդնի, որ իր անունը բարձր պահի, իր ժողովուրդն իրեն սիրի։ Հարցրեք այն տարածաշրջանի մարդկանցից, որտեղից մենք ենք՝ ո՞նց է այդ մարդն իրեն դրսեւորել։ Վստահ եղեք, սոցիալական վճարները միայն լավարկվելու են, 5 հոգանոց ամեն ծայրահեղ աղքատ ընտանիքի հատուկ հիմնադրամից ամիսը վճարվելու է 150 հազար դրամ»։
Նարեկ Կարապետյանը նաեւ ասաց, որ Սամվել Կարապետյանն այս պայքարը չի սկսել նրա համար, որ հաղթանակն ուրիշի տա․ «Նա մեծ փոփոխություն է բերելու, ձայն չի տալու ոչ Քոչարյանին, ոչ մեկի։ Մենք մեր երկրի առաջնորդ ենք ընտրելու միայն Սամվել Կարապետյանին»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Հայաքվեի»


















































