Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովուրդն ինքը պետք է ընտրի սեփական ճակատագիրը՝ առանց արտաքին աշխարհից կոպիտ միջամտությունների. Լեւոն Զուրաբյանը՝ Թրամփի կողմից Փաշինյանին աջակցության մասին

Մայիս 28,2026 15:39 Share

ՀԱԿ վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքում, որտեղ խոսում է ՀԱԿ-ի սյունիքյան քարոզարշավի մասին։ «Մեր քարոզարշավը տեղափոխվել է Տաթեւ։ Մենք Տաթեւ ենք այցելել՝ որպես շատ կարեւոր հոգեւոր եւ տուրիզմի կենտրոններից մեկը, որը դառնալու է նաեւ մեր առաջարկած հայ-իրանական երկաթուղու կայարաններից մեկը։ Շատ կարեւոր նշանակություն է ունենալու այդ կայարանը, նախ՝ կբեռնաթափվեն այս ավտոմոբիլային ճանապարհները, որոնք քանդվում են ֆուրերի ծանր բեռների տակ, շատ ավելի էկոլոգիապես մաքուր միջավայր կստեղծվի՝ շնորհիվ այդ երկաթուղու գործունեության, դա նաեւ տուրիզմի զարգացմանը կնպաստի»,- նշեց Զուրաբյանը։

«Հիմա գտնվում ենք ճոպանուղու մոտ, որը կառուցել է Ռուբեն Վարդանյանը, որն այսօր խոշտանգվում է, տանջվում է Բաքվի բանտում՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կառավարության, չէի ասի՝ անօգնականության պատճառով, ավելի շատ հակված եմ մտածել, որ ինքն ուղղակի շահ չունի նրանց ազատելու։ Ինքը չէր ուզում, որ Ռուբեն Վարդանյանը դառնար 2026թ. ընտրությունների կարեւոր դերակատարներից մեկը։ Վստահ եմ, որ ոչ միայն քայլ չի կատարել Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, մնացյալ գերիների ազատման համար, այլեւ մի բան էլ իր պահվածքով նպաստել է, որ այդ մարդիկ շարունակեն մնալ Բաքվի բանտերում։ Ոչի՛նչ, հունիսի 7-ին հայ ժողովուրդը նաեւ այդ պատճառով իր վերաբերմունքը կհայտնի Նիկոլ Փաշինյանի ռեժիմի նկատմամբ»,- հավելեց ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն։

Նա անդրադարձավ նաեւ Թրամփի՝ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնելու մասին գրառմանը. «Դոնալդ Թրամփը հրապարակել է մի գրառում, որում, ըստ էության, ասում է, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանի ռեժիմին այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը կառուցելով TRIPP-ը՝ ստեղծելու է ամերիկյան նավթային ընկերությունների համար հասանելիություն Կենտրոնական Ասիայից մինչեւ ԱՄՆ։ Սա խայտառակ փաստ է, որովհետեւ ժողովրդավարությունն առաջին հերթին նշանակում է, որ ժողովուրդն ինքն է սեփական ճակատագիրն ընտրում՝ առանց արտաքին աշխարհից կոպիտ միջամտությունների։

Այսօր Թրամփը, Մակրոնը՝ հայտարարելով Նիկոլ Փաշինյանին մի թեկնածու, որը պետք է ընտրվի, թելադրում են իրենց կամքը հայ ժողովրդին՝ խախտելով ժողովրդավարության ամենատարրական նորմերը։ Ընդ որում, այստեղ կարեւոր է այն հանգամանքը, որը Թրամփի շնորհիվ բացահայտվեց։ Մենք պետք է շնորհակալ լինենք Թրամփին, որովհետեւ ինքը, խախտելով դիվանագիտական բոլոր ձեւականությունները, շատ հաճախ ուղղակի հայտարարում է ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունը հետեւյալն է. Թրամփն ասում է՝ Փաշինյանը պետք է Արեւմուտքին միայն մեկ նպատակով, որպեսզի Արեւմուտքի աշխարհաքաղաքական շահերը ամրապնդվեն այստեղ՝ ամերիկյան նավթային ընկերությունների գերշահույթներին նպաստելու համար»,- ընդգծեց Լեւոն Զուրաբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարը՝ ՀԱԿ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031