«Տղամարդկություն մեջդ գտի, ասա՝ ոնց է եղել ամեն ինչ»,- այսօր Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հայտարարեց զորամասի ինժեներական ծառայության նախկին պետ, գործով մեղադրյալ Տիգրան Ղազարյանը՝ դիմելով գործով մյուս մեղադրյալ Եղիշե Հակոբյանին։
«Եղիշ, ինձ որ տեսար՝ չասացի՞ր՝ չջոկեցի, ախպեր, բենզինը լցրի, հրդեհը եղավ, թողեցի փախա, երբ ջոկեցի՝ ինչ է եղել, հետ եկա, բանը բանից անցել էր։ Դու ինձ ասացիր, որ բենզինը ինքնաբերաբար շպրտեցի կազարմեն ու փախա»,- Եղիշե Հակոբյանին ասաց Տիգրան Ղազարյանը ու շարունակեց այլ տեղեկություն հայտնել, որ հրդեհի բռնկման պահին վառարանի մոտ մենակ է եղել, երբ դուրս է փախել ու որոշ ժամանակ անց վերադարձել է, հետը եղել է արդեն Լևոն Խառատյանը։
Կարդացեք նաև
«Ուզում եմ իմանամ՝ քեզ դա ե՞րբ եմ ասել, շատ վատ վիճակի մեջ եմ եղել, կարող է նույնիսկ ասած լինեի, բայց հաստատ գիտեմ՝ նմանատիպ բան չէի ասի։ Մինչև Տիգրանը 1000 մարդ է այդտեղ ներկա եղել, նրանցից շատերը եկել այստեղ ցուցմունք են տվել, ոչ մեկ նման բան չի ասել։ Եղբայր, մենակ քե՞զ եմ էդ ասել»,- Ղազարյանի ասածներին չհավատալով՝ հարցրեց Հակոբյանը։
Սկսեց թեժ վիճաբանություն Ղազարյանի ու Հակոբյանի միջև։
«Չգիտեմ՝ ում ինչ է ասել ու ինչու չեն բարձրաձայնել, հարգելի դատարան, բայց երբ ես իր ասածը վերլուծում եմ, որ ասում էր՝ փախել է, հետո հետ է եկել, ուշ էր արդեն, և այն պնդումները, թե 10-12 րոպե մնացել է այնտեղ, փորձել ինչ-որ բան անել։ Վառարանից մինչև տղաների դուռը կարճ հեռավորություն է, եթե դուռն էլ չբացեր, ինչ-որ բան չաներ, եթե նույնիսկ ձայն էլ են տվել, ինչ-որ մեկը չի զարթնել, մի քայլ, որ ավել աներ, առաջին մահճակալի վրայի զինվորներին կարող էր վերցնել, բերեր այս կողմ։ Եթե իրենք այդտեղ եղած լինեին, այն զինվորին, որին գտել ենք վառարանի սենյակում, իրենց հետ էլ թող հանեին դուրս»,- շարունակեց Ղազարյանը։
«Որ ասում ես՝ այնտեղ եղած լինեին, դու ենթադրո՞ւմ ես։ Ես ասել եմ, թե այդտեղ չե՞մ եղել»,- ասաց Հակոբյանը՝ պատմելով, որ փորձել են կրակը հանգցնել, Լևոն Խառատյանն էլ ննջարանի դուռը բացել է՝ ասել՝ տղերք, հրդեհ է, վեր կացեք։
«Եղո ջան, եթե դու ներսում էիր, ներսից ես դուրս եկել, էդ երեխեն, որ վառվել է այդտեղ, հետդ ինչի՞ չես հանել դուրս»,- զայրացավ Ղազարյանը։
«Չեմ տեսել էդ երեխուն, եղբայր, չեմ տեսել, կարող է ես դուրս եմ եկել, դրանից հետո է եկել ննջարանից։ Ես նշել եմ, որ Լևոնը բացել է կիսաբաց դուռը ու գոռացել է՝ տղերք, հրդեհ է»,- արդարացավ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Տիգրան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներական ծառայության պետի պաշտոնը, պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար, պարտավոր լինելով հսկողություն սահմանել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, հետևել հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը, չի կատարել իր պարտականությունները։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































