«Քրեական գործի քննությունը ճիշտ ուղղությամբ չի գնացել, աղավաղվել է դեպքերի զարգացման հաջորդականությունը: Oբյեկտիվ քննության պարագայում ավելորդ կասկածամտություն չէր առաջանա: Պատասխանատվություն պետք է կրեն ոչ թե իրողությունների վրա որեւէ կերպ ազդելու հնարավորություն չունեցող մեզ պես անձինք, այլ բարձրաստիճան այն պաշտոնյաները, որոնք նստած են եղել ՊՆ տաքուկ կաբինետներում եւ իրականում ունեցել են հնարավորություն, սակայն ոչինչ չեն արել նյութական ռեսուրսները ժամանակին ու ըստ պատշաճի տնօրինելու համար»,- այսօր Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով քննության ժամանակ իր ցուցմունքը կարդալիս ասաց գործով մեղադրյալներից Տիգրան Ղազարյանը՝ ընդգծելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Հիշեցնենք, որ Տիգրան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներական ծառայության պետի պաշտոնը, պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար, պարտավոր լինելով հսկողություն սահմանել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, հետևել հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը չի կատարել իր պարտականությունները: Իր պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով անզգուշությամբ առաջացել է մահ:
Կարդացեք նաև
Ղազարյանը նաեւ կասկածի տա դրեց գործով մեկ այլ մեղադրյալ Եղիշե Հակոբյանի պնդումները, թե հրդեհի բռնկումից հետո մոտ 10-12 րոպե ինքը , հետո նաեւ զինծառայողներից Լեւոն Խառատյանը փորձել են կրակը մարել:
Ըստ Ղազարյանի՝ տղաների տարհանումը պետք է նրանց համար լիներ առաջնահերթություն. «Եղիշե Հակոբյանի ներկայացրած պատճառաբանությունները՝ իբր տեղում մնալու ու հրդեհի օջախը տեւական ժամանակահատված մարելուն ուղղված նրանց երկուսի անհաջող ջանքերի գործադրման նկարագրությունը չունի տրամաբանական բացատրություն… Բավարար հիմքեր կան առնվազն ենթադրելու, որ Եղիշե Հակոբյանն ադեկվատ վիճակում չի գտնվել թե՛ տեղում մնալու, թե՛ իրակի օջախի հետ անարդյունավետ պայքարելու պարագայում: Իսկ եթե շարունակի պնդել, որ եղել է պարզ գիտակցությամբ , ուրեմն տղաներին տարհանելու համար հնարավորությունը չիրականացնելու համար նրա պատճառաբանությունը ոչ մի արդարացում չունի»:
Ըստ Ղազարյանի՝ Եղիշե Հակոբյանը՝ լինելով օրվա պատասխանատուն, պարտավոր էր հետեւել ոչ միայն օրվա կարգ ու կանոնին, այլեւ հակահրդեհային անվտանգության տարրական պահանջների պահպանմանը:
Մինչդեռ ինքն է անձամբ դրսեւորել տարօրինակ վարքագիծ ու դուրս փախել, իսկ երբ հրդեհը թեժացել ու դարձել է անվերահսկելի, այլեւս ոչինչ անել չեն կարողացել. «Եղիշե Հակոբյան, դիմում եմ, քեզ՝ հասկանալով, որ ճիշտ չես ասում: Դուք տղերքին թողել եք վտանգի մեջ ու դուրս փախել, ինչքան էլ մոգոնեք, որ վառարանի սենյակից իբր ձայն եք տվել, միեւնույնն է՝ այդ փոքր սենյակից տղերքին տարհանելու համար ննջասենյակ մուտք չգործելը արդարացում չունի: Եթե շարունակեք պնդել ու ճիշտ չասել, ուրեմն գիտակցված թողել եք տղերքին, որ կրակի բաժին դառնան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ




















































