Այսօր Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատարանը շարունակեց գործով մեղադրյալներից Տիգրան Ղազարյանի հարցաքննությունը:
Ղազարյանը պնդեց՝ այդ կացարանում վառարանը երբեք բենզինով չի վառվել մինչ հրդեհի դեպքը:
Կարդացեք նաև
Զոհված զինվորների հարազատները նրանից հետաքրքրվեցին՝ ով էր բերում բենզինով տարաները:
Ըստ Ղազարյանի՝ բենզինը բերվում էր ստորաբաժանման կողմից, տարաներով պահվում էր, որ ինժեներական տեխնիկային հանձնվեր:
Նրա խոսքով, բենզինի տարաները պետք է պահվեին պահեստում, բայց քանի որ պահեստը ոչ միշտ էր բաց, իսկ իրենք 24 ժամյա ռեժիմով էին խնդիր կատարում, այդ պատճառով տարաները իրենց մոտ էին դրվում, ոչ թե տարվում պահեստ:
Երբ Ղազարյանն ասաց, որ եղել է՝ իր մեքենայով էլ է բենզինով լիքը տարաներ բերել, տուժածների ծնողներից մեկը այսպես արձագանքեց. «Դատական գործերից մեկի ժամանակ խոսք եղավ, որ Տիգրանի մեքենան էինք ուզում վերցնել, բացեցինք՝ տարաներով բենզին էր: Էդ միայն բերո՞ւմ էիք, թե՞ տանում էիք: Էդ որ ասում եք՝ 1.5 տարի հոսանքի փողը մուծել ենք, շատ մեծ հիմնավոր կասկածներ ունեմ, որ եթե ձեր գրպանից էդ վճարները արել եք, ուրեմն մի տեղից մի օգուտ ունեիք, էն որ դրա համար էլ անտեսել եք՝ ասելով՝ դե էս վերցնում ենք, էս էլ տանք» :
Ի պատասխան Ղազարյանը վստահեցրեց, որ նման բան չի եղել ու հերթով թվարկեց տեխնիկայի վարորդների անունները, որոնց բենզին է տվել:
Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանն էլ հետաքրքրվեց՝ ո՞ւմ փոխարեն են վճարել կոմունալ ծախսերը, Ղազարյանը պատասխանեց՝ զորամասի ու պնդեց նախորդ նիստին ասածը, որ սպաներով վճարել են 1.5 տարի՝ ամսական միջինը 40.000 կոմունալ վճար, իսկ ձմռան ամիսներին 60.000 դրամ:
Հիշեցնենք, որ այս գործով զինվորների ծնողները պարբերաբար պատմել են, որ իրենց որդիները հայտնել են զորամասից բենզինի գողության ու վաճառքի մասին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ




























































