Կարուշ և Կարեն Հովեյանները Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը գնացել էին Գյումրու քաղաքապետարան՝ դիմում ներկայացնելու ու հանիրավի հայտնվել էին քրեական պատմության մեջ։
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալումից հետո այդ օրը Վարդանանց հրապարակում գտնվող չորս տասնյակից ավելի մարդկանց նկատմամբ քրեական գործեր էին հարուցվել՝ զանգվածային անկարգություններ կատարելու կամ մասնակից լինելու մեղադրանքով։ Քրեական գործ հարուցվել էր նաև Հովեյան եղբայրների՝ Կարուշի և Կարենի նկատմամբ, որոնք նոր էին վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից Գյումրի։ Կարուշ Հովեյանը ակտիվ երիտասարդ է, նա «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ է։
Երկու եղբայրն էլ երկու ամսով կալանավորվեցին՝ գտնվելով «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում։
Շիրակի մարզի դատախազությունը երեկ արդարացրել է նրանց՝ գտնելով, որ որևէ հանցանք չեն կատարել։
Կարդացեք նաև
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր նրանց փաստաբանը՝ Արսեն Բաբայանը։
«Երկար ու ձիգ պայքարից հետո վերջապես Կարեն և Կարուշ Հովեյաններն արդարացվեցին հենց նախաքննության փուլում։
Թեև եղբայրները երկու ամիս բանտում անցկացրեցին, սակայն վերջապես Շիրակի մարզի դատախազությունը ընդունեց առաջին օրվանից մեր պնդումը, որ նրանք որևէ հանցանք չեն կատարել։
Հիշեցնեմ, որ գյումրեցի եղբայրներին ձերբակալել էին Գյումրու քաղաքապետի ձերբակալման օրը, քաղաքապետարանի բակից այն մեղադրանքով, թե վերջիններս մասնակցել են զանգվածային անկարգությունների և միջամտել են քրեական գործի քննությանը։
Այսպիսով հաստատվեց, որ Կարենն ու Կարուշը որևէ հանցանք չէին կատարել»,- գրել էր Արսեն Բաբայանը։
Aravot.am-ը Կարուշ Հովեյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ էին անում այդ օրը Վարդանանց հրապարակում՝ գնացել էին Վարդան Ղուկասյանին սատարելո՞ւ։
Նա պատմեց, որ որևէ կապ չի ունեցել տեղի ունեցած իրադարձության հետ, քաղաքապետարան էր գնացել դիմում ներկայացնելու։
«Ես և եղբայրս որոշակի ժամանակահատվածով գտնվել ենք Ռուսաստանի Դաշնությունում, նախկինում ունեցել եմ ակտիվ քաղաքական դրսևորումներ, սակայն 2021 թվականից պասիվություն կար, որովհետև պարբերաբար բացակայում էի երկրից, վերադառնալուց հետո էլ զբաղվում էի իմ անձնական խնդիրներով։
Իրականում ոչ մի կապ չունեի այդ պրոցեսի հետ, այդ պահին էլ քաղաքապետարան էի եկել, որ տարածքի կարգավիճակի փոփոխության հետ կապված դիմում ներկայացնեի։ Տեսա ոստիկաններին ու քաղաքացիներին, ոստիկաններից հարցրեցի՝ կարո՞ղ եմ դիմում գրել, թե՞ ոչ, իրենք ասին՝ սպասի, 2 ժամվա ընթացքում կունենաս այդ հնարավորությունը, սակայն այդ հնարավորությունը ես այդպես էլ երկու ամիս չունեցա, որովհետև ինձ անհիմն ձերբակալեցին։ Ձերբակալման պահին էլ ես ասացի՝ կապ չունեմ ակցիայի հետ, ասել եք՝ սպասի, սպասում եմ։
Եղավ անսպասելին՝ երկու ամիս կալանք, հետագայում, ի շնորհիվ մեր սիրելի պարոն Բաբայանի, իր կատարած աշխատանքի՝ մենք արդարացվեցինք, դատարան չմտավ գործը, նախաքննական փուլում քննիչը որոշեց, որ մենք ընդհանրապես կապ չունենք։
Ի սկզբանե ակնհայտ էր, որ մենք կապ չունենք զանգվածային անկարգությունների հետ, որոնք չգիտեմ՝ եղե՞լ են, թե՞ ոչ, որովհետև ինձ 20-40 րոպե շուտ են ձերբակալել այն պահից սկսած, երբ այդտեղ որևէ բան է կատարվել։ Ես ֆիզիկապես չէի կարող ներկա գտնվել որևէ գործողության»,- ասաց մեր զրուցակիցը։
Ըստ նրա՝ սա քաղաքական որոշում էր և արվում էր նրա համար, որ իրենք գոնե երկու ամիս պատիժ կրեն բանտախցում ու դեմ դուրս չգան գործող քաղաքական իշխանությանը։
Կարուշ Հովեյանը նշում է՝ իր կողքին բազմաթիվ քաղաքացիներ էին կանգնած, սակայն միտումնավոր ձերբակալել են հենց իրեն ու եղբորը, նույնիսկ այն դեպքում, երբ նա պարզաբանել է, որ ինքը ակցիայի մասնակից չէ։
«Ես կանգնածներին անգամ հորդորել եմ՝ բախման չգնալ, որովհետև սա սադրանք է, իսկ ներսում կատարվածի մասին ընդհանրապես տեղյակ չեմ եղել․ ոստիկաններն էլ էին հանգիստ կանգնած, ժողովուրդն էլ էր հանգիստ կանգնած, մենք ուղղակի հանգիստ կանգնած էինք, երբ ներխուժեցին կարմիր բերետավորները ու սկսեցին հատուկենտ մարդկանց ձերբակալել։ Ինձ համար դա կասկածելի էր, ինչի՞ համար հենց ես»,- ասում է Կարուշ Հովեյանը։
Նա ասում է՝ նախաքննության ընթացքում որևէ գործողություն չի կատարվել, առերեսում չի արվել, իրեն ձերբակալել են կարմիր բերետավորները, բայց ցուցմունքում գրվել է, թե իրեն ձերբակալել է ոստիկանության «Կումայրի» բաժնի աշխատակիցներից մեկը։
Կբողոքարկե՞ն արդյոք Հովեյան եղբայրները երկու ամիս հանիրավի կալանավայրում գտնվելու համար, կդիմե՞ն դատարան իրենց բարոյական վնաս հասցնելու համար։ Նա ասաց՝ դեռ չեն որոշել, կքննարկեն հարազատների, փաստաբանի ու ընկերների հետ։
«Ցանկություն չունեմ, գիտեք՝ ինչ առումով, մտածում եմ՝ եթե ես բողոքեմ, թեև երկու ամիսը, կարելի է ասել, կյանքի որոշակի փուլ կտրել-վերցրել են, բողոքի արդյունքում փոխհատուցումը տալիս է Հայաստանի Հանրապետությունը, մեր պետությունը, ճիշտ չեմ համարում որոշակի անձանց անօրինությունների համար մեր բոլորի՝ հարկատուների հարկերից գանձված գումարներից ինձ որևէ փոխհատուցում։
Եթե անգամ դիմեմ՝ հեղինակության, անձի անվան հետ խաղալու համար, փոխհատուցումը կուղղեմ որևէ բարեգործական ծրագրի»,- ասաց Կարուշ Հովեյանը։
Նա ասաց, որ Արթիկ քրեակատարողական հիմնարկում նորմալ վերաբերմունք են ցուցաբերել, քրեակատարողականի պայմանների մասին էլ ասաց՝ կարող էին ավելի լավը լինել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































