Լրահոս
Օրվա լրահոսը

Անհատների ձայնը պետք է բարձր հնչի

Մայիս 30,2026 10:00 Share
Gtnel

ՔՊ-ի նախընտրական արշավն ամբողջությամբ հիմնված է ընդդիմախոսների վերաբերյալ բամբասանքներ հնչեցնելու վրա: Երբ բամբասում է լրագրողը, խմբագիրը կամ նույնիսկ ընդդիմադիրը, դա վատ է, բայց «իրավական հետեւանքներ» չի ունենում: Միայն ազդում է հասարակական կարծիքի վրա: Երբ դա անում է պետության առաջին դեմքը, դա ներկայիս քաղաքական ռեժիմի պայմաններում ընկալվում է որպես հրահանգ, եւ ռեպրեսիվ ապարատի «սպասարկող անձնակազմը» գլուխ է կոտրում, թե ինչ հոդված մոգոնի՝ այդ բամբասանքին «իրավական տեսք» տալու համար:

Փաշինյանի «նախընտրական թեզերի» մեջ գերակշռում են ակնհայտ անհեթեթ պնդումներ, որոնք կոչված են արդարացնել իր սեփական աղետալի ձախողումները: Օրինակ, «Ղարաբաղը տվել էին 1996 թվականին»: Բացառված չէ, որ նա հանձնարարի քրեական հետապնդում սկսել Տեր-Պետրոսյանի դեմ՝ «Ղարաբաղը հանձնելու» համար, եւ դրանով իրավապահ համակարգը շատ «համոզիչ կերպով» կհերքի, որ հենց Հայաստանի ներկայիս ղեկավարն է տարել երկիրը նվաստացուցիչ պարտության:

Միտինգային մնացած «մեղադրական եզրակացությունները» հայտնի են՝ թալան, լրտեսություն, ընտրակաշառք, «թագավորի» նկատմամբ վիրավորանք: Այդ ուղղություններով «գործեր կարելը» դարձել է քաղաքականությունը սպասարկող «իրավապահների» հիմնական աշխատանքը: Չեմ զարմանա, որ նրանք պարզապես ժամանակ չունենան զբաղվելու իրենց հիմնական գործով՝ իրական հանցագործությունները բացահայտելով:

Ինչի՞ համար է դա արվում: Պարզ է՝ քաղաքական մրցակիցներին վարկաբեկելու եւ զուտ ֆիզիկապես «արանքից հանելու» համար: Բայց գլխավոր մոտիվացիան, կարծում եմ, մարդկանց վախեցնելն է: Օրինակ, որպեսզի ոչ ոք Արթուր Օսիպյանի նման չմոտենա «թագավորին» եւ իր դժգոհությունը չհայտնի: Կամ՝ Անդրանիկ Թեւանյանի նման սուր քննադատական ելույթներ չունենա:

Ես դրա «հակաթույնը» տեսնում եմ նրանում, որ այն անհատները, որոնք չեն վախենում, իրար թիկունք կանգնեն՝ անկախ բոլոր ներկա եւ նախկին տարաձայնություններից: Նախրային բնազդների դարում անհատների խոսքը պետք է հնչի բարձր՝ նրանք պետք է համախմբված լինեն՝ որոշակի տեսակ ներկայացնելով:

…1986-87 թվականներին ԼՂԻՄ – ում սկսվել էր ստորագրահավաք՝ Հայաստանին վերամիավորվելու պահանջով: Մարդիկ սկզբից վախենում էին՝ Բաքվից, Մոսկվայից, Բորիս Կեւորկովի նման «հայերից»: (Մի՞թե Փաշինյանի կազմակերպած ռեպրեսիաներն ավելի սարսափելի են): Բայց այդ վախը հաջողվեց կոտրել: Իգոր Մուրադյանի, Արթուր Մկրտչյանի նման մարդկանց միջոցով: Անհատների, իդեալիստների շնորհիվ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մենք երկու ճանապարհ ունենք՝ կամ դեպի ժողովրդավարություն կամ դեպի բռնապետություն: Ժողովրդավարությունը՝ դա օրենքի գերակայությունն է ուժի եւ քսակի հանդեպ, բռնապետությունը՝ դա ուժի եւ քսակի գերակայությունն է օրենքի հանդեպ: Ուժի գերակայությունը օրենքի հանդեպ՝ դա ռազմական խունտան է, քսակի գերակայությունը օրենքի հանդեպ՝ դա ֆինանսական խունտան է: Միայն իսկական ժողովրդավարությունն է, որը սանձում է ուժին էլ, ֆինանսներին էլ եւ նրանց եռանդը օրենքի սահմաններում բերում է անվտանգության եւ բարգավաճման: Մեր այսօրվա ընտրությունը ժողովրդավարության եւ բռնապետության միջեւ է, կամ խիզախությունը կգերակայի վախկոտության հանդեպ եւ կգա ժողովրդավարություն, օրենք եւ զարգացում կամ էլ վախկոտությունը կհաղթի խիզախությանը եւ կգա այսօրվա վիճակից շատ ավելի վատ բռնապետություն՝ հողերի հանձնում, արտագաղթ կամ էլ մարդ իր հողում դառնում է ծպտյալ հայ եւ այս ամենը հանուն ՝՝խաղաղության՝՝: Ասում են, Անդրանիկն իր զորքով Նախիջեւանի հայկական գյուղերից մեկում տեղացի հայերին խնդրում է կերակրել իր ձիերին, տեղի հայերն էլ թե, գնա ստեղից, թշնամին իմացավ, որ ձեզ օգնել ենք, մեզ կկոտորի: Վախկոտներին իշխանություն տալուց առաջ մտածենք Նախիջեւանի եւ մեր մյուս ժամանակավորապես արենդա տրված աշխարհների ճակատագրի մասին: Հայի ճակատագիրը հայ ուժի, հայ ֆինանսի եւ հայ ժողովրդավարության մեջ է: ՍԵ՛Ր ՊԱՅՔԱ՛Ր ՄԻԱՑՈ՛ՒՄ:

Պատասխանել