Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոն կինոարվեստանոցն ամփոփեց առաջին թողարկման աշխատանքները

Մայիս 30,2026 17:36 Share

Նախօրեին ֆրանկոֆոն կինոարվեստանոցն ամփոփեց առաջին թողարկման աշխատանքները։ Այն ֆրանսահայ անվանի ռեժիսոր, դերասան և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև վերջին տասնամյակների մշակութային գործունեության կարևորագույն շարունակությունն է։

Ֆրանկոֆոն կինոարվեստանոցը կամրջում է հայ և ֆրանսախոս կինոգործիչներին՝ ստեղծելով փորձի փոխանակման ու մասնագիտական աճի բացառիկ միջավայր: Այստեղ ֆրանկոֆոնիան լեզվական սահմաններից վերածվում է գեղարվեստական առանցքի, որը խթանում է Հայաստանի, Ֆրանսիայի և ողջ ֆրանսախոս աշխարհի միջև ակտիվ միջմշակութային երկխոսությունն ու ստեղծագործական նոր կապերը: Նախորդ ամիսներին անցկացված դասընթացների ընթացքում մասնակիցներն աշխատել են հրավիրյալ երեք անվանի մասնագետների՝ կինոռեժիսոր Մարսել Շուպբախի, մոնտաժի ռեժիսոր Ալեքսանդրա Ստրոսի և սցենարիստ Առնո Լուվեի հետ: Ձեռք բերված տեսական ու գործնական հմտությունների հիման վրա ուսանողներն անցնում են հաջորդ փուլին. նրանք առաջիկայում համատեղ ուժերով կնկարահանեն գեղարվեստական ֆիլմ:

Կինոյի տանը կայացավ Կինոարվեստանոցի առաջին թողարկմանը մասնակիցների հանդիպումը Սերժ Ավետիքյանի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչ Էրիկ Պոպպի, սցենարիստ Առնո Լուվեի և կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանի հետ։ Նրանք զրուցեցին մասնակիցների հետ իրենց փորձառության, նախորդող ամիսների դասընթացների արդյունավետության, հեռանկարների և մասնագիտական ապագա ուղու մասին: Քննարկման առանցքում էին նաև արվեստանոցի ընթացքում ձեռք բերված գիտելիքների գործնական կիրառումն ու ուսանողների առաջիկա ֆիլմի ստեղծման մանրամասները:

Արվեստանոցի ընթացքում հրավիրյալ մասնագետներն անդրադարձել են կինոարտադրության երեք առանցքային հարթությունների՝ ռեժիսուրային, մոնտաժին և սցենարական դրամատուրգիային. կինոռեժիսոր Մարսել Շուպբախը կենտրոնացել է կինոլեզվի ինքնատիպության, հեղինակային անկեղծ հայացքի որոնման և տարածության ու ժամանակի կազմակերպմամբ սեփական գեղագիտական տիեզերքի ձևավորման վրա՝ հենվելով կինոպատմության էվոլյուցիան արտահայտող դասական ժապավենների վերծանման վրա, մոնտաժի ռեժիսոր Ալեքսանդրա Ստրոսը բացահայտել է մասնագիտության ներքին նրբությունները, տարբեր մշակույթների ռեժիսորների հետ համագործակցության փորձը և գեղարվեստական ու վավերագրական կինոյի սահմանագծերը՝ սեփական գործերի և Ժորժ Ֆրանժուի կինոնկարի վերլուծությամբ, իսկ սցենարիստ Առնո Լուվեն արժևորել է կինոլեզվով հանդիսատեսին հարցադրումներ փոխանցելու արվեստը՝ դիտարկելով, թե ինչպես են պատումի կառուցվածքն ու սուբյեկտիվ թե խմբային տեսակետների կապերը ձևավորում ֆիլմի ներքին անհրաժեշտությունը՝ սկսած հիչքոքյան տեսողական դրամատուրգիայից մինչև ժամանակակից բազմաշերտ պատումները:

 

ԵՐԿԼԵԶՈՒ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԱՆՈՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031