Աշտարակում հրավիրված հանրահավաքում «Հայաստան» դաշինքի առաջնորդ եւ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանըմ դիմելով հանրությանն, ասաց. «Քարոզարշավի մեծ մասն անցել է։ Կարող ենք անել որոշակի եզրակացություններ։
Այս քարոզարշավը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ իշխանությունը վերածեց ամենից կեղտոտ քաղաքական գործընթացի։ Սա, կարծում եմ, տեսնում են բոլորը։ Սա մարմնավորումն է ստախոսության, լկտիության, սպառնալիքների, հայհոյանքների, որոնք վայել չեն նորմալ քաղաքական պրոցեսի՝ նորմալ երկրի համար։ Եվ այս ամենը մտցրեց հենց վարչախումբը, հենց Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը պարտավոր էր անել ճիշտ հակառակը։ Մենք սրա հետ հա՞շտ ենք։ Ոչ։
Այս իշխանությունը ոտքից գլուխ քայլող ատելություն է եւ ուզում է այդ ատելությամբ թունավորի բոլորին։ Որովհետեւ ատելության մթնոլորտում ինքն իրեն լավ է զգում, ոգեւորվում է։ Ոգեւորվում է նրանից, որ մարդիկ իրար գզում են, ընտանիքներ են բաժանվում, հարեւանը հարեւանի հետ չի խոսում։ Սա է իր աշխուժությունը եւ հիստերիկ վիճակը պահող գործոնը։ Սա նորմալ չէ, սա հոգեկան խանգարման հատկանիշ է։ Պատրա՞ստ ենք մենք գնալ նման մարդու հետեւից։ Ոչ։ Բայց այս ամեն ինչի մեջ կա մեկ դրական գործոն։ Վերջապես մենք պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար։
Չի կարելի անել որեւէ քայլ, որը թուլացնում է քո երկիրը, որը բաժանում է քո հասարակությունը։ Դրա համար չի կարելի ստել, չի կարելի ֆեյքերով առաջնորդվել, չի կարելի ատելություն սերմանել։ Սա դաս է բոլորիս համար, սա դաս պետք է լինի մեր ժողովրդի համար։
Կարդացեք նաև
Հուսով եմ, համոզված եմ, որ մեր ժողովուրդը հասկացավ նաեւ, թե ինչ մարդիկ չպետք է լինեն իշխանության գլխին՝ մարդիկ, որոնք քայքայում են պետականությունը՝ սեփական աթոռը ամեն գնով պահելու համար։ Այս ութ տարիները բոլորիս համար խայտառակության տարիներ էին։ Եվ այս էջը մենք պետք է փակենք։ Պետք է վերականգնենք մեր արժանապատվությունը, Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի արժանապատվությունը։ Եվ պետք է անել ամեն ինչ ուժեղացնելու համար, վերականգնելու համար այն կորուստները, որ երկիրը եւ ժողովուրդն ունեցան այս տարիների ընթացքում։
Մենք պետք է անենք ամեն ինչ, որ հետագա սերունդները ներեն մեզ այս ամենի համար, ինչ կատարվեց այս ութ տարիների ընթացքում. Պատերազմի համար, պատերազմում պարտվելու համար, Եռաբլուրը եռապատկելու համար, երկիրը խայտառակ վիճակ մտցնելու համար, որովհետև, վերջապես, մանդատը այս մարդիկ ստացել են ժողովրդից։
Եվ պետք է ամեն ինչ անենք, որ նորից մեր ժողովուրդը սկսի հպարտանալ իր անցյալով, ներկայով եւ մեծ հույս ունենա իր ապագայի նկատմամբ։ Մենք պետք է նաեւ հպարտանանք, որ, վերջապես, այս ամեն ինչից հետո ժողովուրդն ընդունեց, որ կա խնդիր, վռնդեց այս իշխանությանը եւ նոր ճանապարհ հարթեց պայծառ ապագայի համար։ Սա պետք է մենք բերենք, այս թիմը, որը կանգնած է այս հարթակի վրա։
Հայաստանում երբեք չպետք է լինի այն համակարգը, որը բերեց 2018 թվականի հեղափոխության։ Սա մենք երաշխավորում ենք։ Այն ժամանակ իսկապես ժողովուրդը դուրս եկավ փողոցներ՝ ավելի լավ կյանք ակնկալելու մղումով; Այդպես է եղել։ Ստացանք ճիշտ հակառակը։ Որովհետեւ այդ փողոցի ղեկավարման գլխին հայտնվեցին խաբեբաներ, քաղաքական խարդախներ, որոնք մոլորեցրին եւ այդ շարժումը տարան լրիվ ուրիշ ուղղությամբ։ Սրա վերջը մենք տալու ենք։
Մեր նպատակը պարզապես իշխանափոխություն չէ։ Մեր նպատակը որակյալ հայկական պետականության ստեղծումն է։ Եվ մենք դա անելու ենք։ Պետություն, որն ընդունակ է պաշտպանել իր քաղաքացիներին, որը հարգում է իր դաշնակիցներին, որին հարգում են հարեւանները եւ որը հնարավորություն եւ ապագա է ստեղծում իր երեխաների, իր զավակների համար։
Մենք այս ամբիոնում այն թիմն ենք, որը կարող է դա անել։ Ես վստահ եմ եւ իմ ուժերի մեջ եւ մեր թիմի փորձառության մեջ։ Եվ վստահ եմ, որ այս ամենը մենք շրջելու ենք եւ պարզերես ենք լինելու ձեր առջեւ։ Ուրեմն, ձեր ձայնը հունիսի 7-ին՝ համար 17-ին»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































