Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մարդուն չպետք է թույլ տանք շարունակել երկիրը տանել նոր փորձությունների, երկիրը կանգնեցնել սոցիալ-տնտեսական ծանր աղետի առջեւ». Իշխան Սաղաթելյան

Մայիս 30,2026 20:58 Share

«Ուղիղ հինգ տարի առաջ այս օրերին, այս հրապարակում մեր ժողովրդին, ձեզ բոլորին մի բան ենք ասել։ Ասել ենք, որ մեր երկրին մահ, ողբերգություն, դժբախտություն բերած իշխանությունը չպետք է վերարտադրվի։ Եթե վերարտադրվի, մեր անվտանգային սպառնալիքները ավելանալու են, ունենալու ենք նոր փորձանքներ, նոր կորուստներ, նոր նվաստացումներ։

Այսօր այդ անվտանգային խնդիրները լուծված չեն՝ առկա են։ Եվ այսօր նայելով ձեզ՝ ասում եմ. ժողովուրդ ջան, այսքան փորձություններից հետո Հայաստանի իշխանության ղեկին հայտնված այս ոհմակը պատրաստվում է երկիրը տանել նոր արկածախնդրության։ Անվտանգային փորձությունների, դժբախտությունների միջով անցկացնելուց հետո, այդ խնդիրները դեռ չլուծած, հիմա էլ երկիրը պատրաստվում է տանել նոր՝ տնտեսական, սոցիալական ծանր փորձությունների։ Ամեն ինչ ակնհայտ է։ Այս իշխանության մնալու պարագայում, վարվող նման արտաքին քաղաքականության պայմաններում Հայաստանը դուրս է դրվելու ԵԱՏՄ-ից։ Դրա մասին շատ հստակ երեկ ԵԱՏՄ երկրները հայտարարություն արեցին։ Սա հղի է ծանր հետեւանքներով եւ սրա գինը վճարելու է մեր ժողովուրդը։ Սա չափազանցություն չի, սա փաստ է, որ տեղի է ունենալու։

Մեր ժողովրդին պարզ ասում ենք, այս մարդը անընդհատ փորձանքներ է բերել մեր երկրի, ժողովրդի գլխին ու հիմա պատրաստվում է երկիրը տանելու նոր, ավելի մասշտաբային արկածախնդրության, երկիրը կանգնեցնելու է սոցիալ-տնտեսական ծանր աղետի առջեւ։ Հետեւաբար, սիրելի ժողովուրդ, այդ մարդուն չպետք է թույլ տանք շարունակել երկիրը տանելու նոր փորձությունների։ Երկրի արտաքին քաղաքական այս կուրսի շարունակության դեպքում ունենալու ենք ծանր խնդիրներ ու դրա համար վճարելու է մեր ժողովուրդը, վճարելու եք դուք, դուք եք այդ զրկանքները կրելու, այլ ոչ թե, այն խմբակը։  Սրա արդյունքում 2-3 անգամ բարձր գազի գին եք վճարելու, գյուղատնտեսական ապրանքներն այլեւս չե կարողանալու իրացնել, շուկաները փակվելու են մեր առջեւ։ Հանուն ինչի՞։ Հանուն սրա վարած անկայուն, խեղկատակ քաղաքականության։

Ժողովուրդ ջան, ինքն իրականում իր վարած արտաքին քաղաքականության արդյունքում երկիրը կանգնեցրել է հետեւյալ խնդրի առջեւ։ Գնացել է Մոսկվա՝ մի բան է ասել, Բրյուսելում՝ մեկ այլ, Վաշինգտոնում մի ուրիշ բան է ասել։ Անկարայի ու Բաքվի հետ էլ լրիվ ուրիշ բան է բանակցում։ Արդյունքում եկել է պահը, որ յուրաքանչյուրը պահանջում է իրեն տրված խոստումի կատարում։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանն ստացել է աշխարհաքաղաքական ճողվածք, իսկ երկիրը կանգնեցրել է ծանր մարտահրավերի առջեւ։ Այս խնդիրը կարող է լուծվել, եթե հունիսի 7-ին դուք սրան մերժեք եւ միասին կարողանանք վռնդել»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Աշտարակում հրավիրված հանրահավաքում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031