«Հետք». ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը սեփականաշնորհել է Երևանի կենտրոնում՝ «Ռոսիա» կինոթատրոնի ետնամասում գտնվող 1844 քմ հողամասը։ Խորենացու փողոցի հողամասը ձեռք է բերվել երկու տասնամյակ առաջվա կադաստրային արժեքով՝ ընդամենը 46 մլն դրամով (96 հազար ԱՄՆ դոլար)։ Այդ արժեքը շատ ցածր է գործող շուկայական արժեքից։
Հողամասի նկատմամբ Սուքիասյանները հետաքրքրություն են ցուցաբերել դեռ 1995 թ.-ին, երբ Խաչատուր Սուքիասյանը սերտ կապեր ուներ օրվա իշխանությունների հետ։ Համայնքային հողամասի վերջնական օտարումը տեղի է ունեցել 2021 թ․-ին, երբ Խաչատուր Սուքիասյանը իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր էր։ Վաճառված հողամասը ներառում է նաև Խորենացու փողոցի մայթի մի մասը, որը Երևանի քաղաքապետարանը երբեք չի բարեկարգել։
«Ռոսիա» կամ «Այրարատ» կինոթատրոնի նախկին շենքն ու հարակից տարածքները 2004 թ․-ին սեփականաշնորհել են Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի անդամները։ Տարիներ առաջ կինոթատրոնին կից կառուցվել է համանուն առևտրի կենտրոնը՝ «Ռոսիա մոլը», որի անմիջապես կողքին վեր է խոյացել «Տերմինալ 5» բիզնես կենտրոնը։ Առևտրի և բիզնես կենտրոնների հարևանությամբ դեռևս չկառուցապատված միակ տարածքը, որ պատկանում է Սուքիասյաններին, Խորենացու փողոցում գտնվող 1844 քմ մակերեսով հողամասն է։ Այն էլեկտրաշարժիչների («Արմենմոտոր») նախկին գործարանի վարչական շենքին կից է՝ Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցների և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասի հարևանությամբ։
Հողամասը սեփականության իրավունքով գրանցված է «Նարեկ» ՍՊԸ-ի անունով, որը ձեռք բերելու համար 2021 թ․-ին ընկերութունը Երևան համայնքի բյուջ է վճարել ընդամենը 46 միլիոն դրամ։ Այն համարժեք է 96 հազար ԱՄՆ դոլարին (վճարման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով)։ «Նարեկ» ՍՊԸ-ի բաժնետերերն են եղբայրներ Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ Սուքիասյանները և նրանց եղբորորդին՝ Արիկ Ռոբերտի Սուքիասյանը։ 1995 թ․-ին հիմնադրված ընկերության բաժնետերերի ցանկում Սուքիասյաններից բացի այլ անձինք չեն եղել։ Ընկերության հիմնադրմանը նախորդող տարում Խաչատուր Սուքիասյանը ՀՀ արդյունաբերության նախարարի խորհրդականն էր։
Կարդացեք նաև
Ավտոհանգրվան կառուցելու ծրագիրը՝ պատրվակ
Խորենացու փողոց 30/1 հասցեի հողամասը ձեռք բերելու առաջին քայլը Սուքիասյաններն արել են դեռևս 1995 թ․-ին։ «Նարեկ» ՍՊԸ-ն այդ ժամանակ դիմել է Երևանի քաղաքապետարան (Երքաղխորհրդի գործադիր կոմիտե)՝ խնդրելով հողամասը հատկացնել ընկերությանը։ Ընկերությունն իր դիմումով հիշեցրել է գործկոմին, որ մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի հարակից տարածքը 1994 թ․-ին իրենց է հատկացվել ամենօրյա տոնավաճառ կազմակերպելու համար, իսկ շուկա այցելող մարդկանց մեքենաների համար որպես կայանատեղի օգտագործվում է «Արմենմոտոր» գործարանի հարակից տարածքը։ Ըստ ընկերության, մեքենաների կայանատեղիի պահանջարկով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել կայանատեղին ընդլայնել։
1996 թ․-ին Գործադիր կոմիտեն որոշել է բավարարել ընկերության խնդրանքը։ 2000 քմ հողամասը 99 տարի ժամկետով վարձակալությամբ հատկացվել է ընկերությանը տարածքում 4-ից 5 հարկանի ավտոհանգրվան (ավտոկայանատեղի) կառուցելու համար։ Նույն որոշմամբ հողամասի վարձակալը զգուշացվել է, որ եթե 3 տարում չսկսի ավտոհանգրվանի շինարարությունը, որոշումը կչեղարկվի։ Հողահատկացման որոշումը կայացրել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստանի գործող նախագահը։
Հողամասը վարձակալելուց հետո «Նարեկ» ՍՊԸ-ն այդպես էլ չի կառուցել ավտոհանգրվանը (այլ հարց է՝ իսկապե՞ս տվյալ վայրում 90-ականներին կայանատեղի կառուցելու օբյեկտիվ անհրաժեշտություն է եղել)։
Խորենացու փողոցի գոյություն չունեցող մայթը
«Ռոսիա մոլ»-ի ետնամասում՝ Խորենացու փողոցի մայթի մոտ 75 մետրը բացակայում է։ Դա գտնվում է Սուքիասյանների սեփականաշնորհած 1844 քմ հողամասի ճակատային մասում։ Ավելին, կադաստրային քարտեզի և սեփականաշնորհման համար հիմք հանդիսացած հատակագծերի վերլուծությունից պարզում ենք, որ մայթի համար թողնվել է ընդամենը մոտ 1.5 մետր լայնությամբ տարածք։ Դա այն դեպքում, երբ Ագաթանգեղոս-Խորենացու խաչմերուկում մայթն ունի մոտ 10 մետր լայնություն։ Ի դեպ, մայթի համար թողնված տարածքը երբևէ չի բարեկարգվել՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակներից մինչեւ գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնավարման շրջանը։
Վահագն Խաչատուրյանի արձագանքը
Հաշվի առնելով, որ հողամասի սեփականաշնորհման պատմությունը սկիզբ է առել Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի (ներկայում՝ ՀՀ նախագահ) 1995 թ.-ի որոշումից, «Հետքը» մեկնաբանության համար գրավոր դիմեց նախագահին։ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը պատասխանել է, որ մեր հարցերը չեն առնչվում նախագահի սահմանադրաիրավական կարգավիճակից բխող լիազորություններին։ Ավելի վաղ գրել էինք, որ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի ղեկավար Վահագն Խաչատուրյանը որոշել էր չնչին գնով Սուքիասյաններին սեփականաշնորհել Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը։ Խաչատուրյանը հետագայում այդ գործարքը օրինական էր համարել, թեև դատախազությունը սեփականաշնորհման օրինականությունը վիճարկում է դատարանում (զուգահեռաբար քննվում է գործարքներին առնչվող քրեական վարույթը)։ Վահագն Խաչատուրյանին հիշեցնելով «Սիլ պազայի» սեփականաշնորհման պատմությունը՝ փորձել էինք պարզել՝ արդյոք նույն կարծիքն ունի Խորենացու փողոցի հողամասի հատկացման գործարքի վերաբերյալ։ Նախագահի աշխատակազմից նշել են, որ Վահագն Խաչատուրյանի մեկնաբանություններն ամփոփ են, հստակ և հավելյալ մեկնաբանության անհրաժեշտություն չունեն։
Խաչատուր Սուքիասյանի արձագանքը
Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից նույնպես փորձել ենք մեկնաբանություն ստանալ Խորենացու փողոցի հողամասի սեփականաշնորհման վերաբերյալ։ Մեր գրավոր հարցման մեջ, ի թիվս այլնի, նշել էինք․ «Համայնքային գույքի նկատմամբ վարձակալության իրավունքը ստանալիս Դուք հանդիսացել եք այդ ժամանակաշրջանի իշխանության մաս, բացի նշված գույքը՝ Երևանում ձեր ընտանիքին նմանատիպ եղանակով այլ գույքեր են հատկացվել, մենք ենթադրում ենք, որ Դուք եւ Ձեր ընտանիքն այդ տարիներին ունեցել են արտոնյալ կարգավիճակ»։ Խաչատուր Սուքիասյանը, գրավոր պատասխանելով մեր հարցերին, նշել է, որ «Նարեկ» ՍՊԸ-ում իրեն պատկանող բաժնեմասը հավատարմագրային կառավարման է հանձնված, և ինքը որպես պատգամավոր չի կարող մեկնաբանել տասնամյակներ առաջ կատարված գործարքները։ «Ես ոչ մի իրավական, միջամտողական կամ քաղաքական ազդեցություն չեմ գործադրել և չեմ կարող գործադրել ընկերության գործունեության վրա»,- պատասխանել է Խաչատուր Սուքիասյանը՝ առաջարկելով մեր հարցերն ուղղել «Նարեկ» ՍՊԸ-ի տնօրինությանը։ Գրավոր հարցմամբ հողամասի սեփախանաշնորհման վերաբերյալ տեղեկություններ ենք հայցել ՍՊԸ-ի տնօրեն Բորիս Հովհաննիսյանից։ Ընկերության տնօրենը չի արձագանքել մեր հարցմանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































