CivilNetCheck. «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 29-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պնդել է, որ իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը չի խախտվել, իսկ Ռուսաստանն այդ ընթացքում Ադրբեջանին զենք չի վաճառել։
Քոչարյանը նաև հայտարարել է, որ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն իր եռակողմ պայմանագրային պարտավորություններից հետ է կանգնել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է։
Ե՞րբ է փոխվել ռազմական բալանսը
Չնայած Քոչարյանի պնդմանը, թե իր պաշտոնավարման տարիներին ռազմական բալանսը չի խախտվել, պաշտոնական վիճակագրությունն այլ պատկեր է ցույց տալիս։
Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերի համեմատության համար հիմնական միջազգային աղբյուրներից մեկը Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների բազան է։
Կարդացեք նաև
Այսպես, Ադրբեջանը 2005 թվականից սկսած` կտրուկ ավելացրել է ռազմական ծախսերն ու սպառազինության ձեռքբերման ծավալները։ Եվ արդեն 2006-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն գրեթե եռապատկվել է՝ հասնելով 919,2 մլն դոլարի, մինչդեռ Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են 447,5 մլն դոլար։
Քոչարյանի պնդումը մասամբ հաստատվում է միայն 2007 թվականի համար։ SIPRI-ի տվյալներով՝ այդ տարի Ադրբեջանի ռազմական ծախսերը Հայաստանի ցուցանիշը գերազանցել են 4,6 անգամ։ Սակայն արդեն 2008 թվականին տարբերությունը հասել է 5,3 անգամի։
Այսինքն՝ նույնիսկ եթե 2007 թվականին տարբերությունը դեռ չէր հասել հնգապատիկի, մեկ տարի անց այն արդեն գերազանցել էր այդ շեմը՝ վկայելով Ադրբեջանի ռազմական ծախսերի արագ աճի մասին։
SIPRI-ի տվյալները նույնպես չեն հաստատում, որ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանը զգալիորեն ավելացրել է սպառազինության ձեռքբերման ծավալները։ Ինստիտուտի զենքի առևտրի բազան, որը հիմնվում է բաց աղբյուրների, այդ թվում՝ պաշտոնական հաղորդագրությունների, միջազգային զեկույցների, ռազմական ոլորտի մասնագիտացված պարբերականների հրապարակումների և ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալների վրա, ցույց է տալիս, որ այդ ժամանակահատվածում Հայաստանի ձեռք բերած զինատեսակների ծավալներն ավելի փոքր են եղել, քան մյուս նախագահների կառավարման տարիներին։
Չնայած ռազմական բյուջեների միջև զգալի տարբերությանը՝ մինչև 2021 թվականը Հայաստանը պետական բյուջեի ավելի մեծ մասնաբաժին է ուղղել պաշտպանության ոլորտին, քան Ադրբեջանը։
1998-2008թթ. ՌԴ-ն Ադրբեջանին զենք վաճառե՞լ է
SIPRI-ի տվյալներով՝ Ադրբեջանը Ռուսաստանի հետ խոշոր սպառազինության մատակարարման պայմանագրեր է կնքել դեռևս Քոչարյանի նախագահության տարիներին։ Մասնավորապես, 2006 թվականին կնքված պայմանագրի շրջանակում Ադրբեջանը 2007-ին ստացել է 62 միավոր Т-72 մարտական տանկ, իսկ 2007 թվականին պայմանագիր է կնքել 70 միավոր BTR-80A զրահափոխադրիչ ձեռք բերելու համար, որոնք մատակարարվել են 2010 թվականին։
Այսպիսով, թեև Քոչարյանը պնդում է, որ իր պաշտոնավարման ժամանակ նման վաճառք չի եղել, SIPRI-ի տվյալները փաստում են, որ հենց նրա նախագահության օրոք՝ 2006 և 2007 թվականներին են կնքվել Ռուսաստանից Ադրբեջան տանկերի և զրահամեքենաների մատակարարման պայմանագրեր։
Ե՞րբ ռուս խաղաղապահներն Արցախում դիտորդ դարձան
Քոչարյանն անդրադարձել է նաև Արցախում ռուս խաղաղապահների գործունեությանը՝ պաշտպանելով այն տեսակետը, որ նրանց անգործության հիմնական պատճառը ոչ թե Ռուսաստանի քաղաքականությունն էր, այլ Նիկոլ Փաշինյանի՝ 2022-ի հոկտեմբերին Պրահայում արած հայտարարությունը, որով Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Նրա խոսքով՝ այդ քայլը փլուզեց այն բանակցային և իրավաքաղաքական հիմքը, որի վրա կառուցված էր խաղաղապահ առաքելությունը։
Սակայն փաստերը ցույց են տալիս, որ ռուս խաղաղապահների առաքելության արդյունավետության հետ կապված խնդիրներն ու անվտանգության խախտումները արձանագրվել են դեռևս Պրահայի հանդիպումից շատ առաջ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































