Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը երեք բան գիտի լավ անել՝ գործ տալ, գործ սարքել ու հանձնել․ Սաղաթելյան

Հունիս 03,2026 19:15 Share

«Գործող իշխանությունները 8 տարի ձեզ ամեն ինչում խաբել են՝ կարմիր գիծ, արագաչափեր, Արցախի հարց… ամեն ինչում։ Բայց հիմա չեն խաբում, առաջին անգամ ձեզ չեն խաբում, ճշմարտությունն են ասում։ Այս անգամ ուղիղ են ասում։ Եթե նախորդ ընտրություններին ասում էին՝ Շուշին, Հադրութը դեօկուպացնելու ենք, մեզ ընտրեք ու խաղաղություն ենք բերելու, բայց բերեցին երեք պատերազմ ու Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում։ Հիմա ուղիղ ասում են՝ մեզ ընտրեք, որ նոր տարածքներ զիջենք, մեզ ընտրեք՝ եկեղեցու վրա արշավ անենք, մեզ ընտրեք, որ Ալիևի պահանջով Սահմանադրությունը փոխենք, մեր անկախության հռչակագրից հրաժարվենք»,- այսօր Հրազդանում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունները Ալիևի ու Էրդողանի ենթականերն են, բայց ոչ ՀՀ քաղաքացիները․ «Այդ իրենք են հանցագործներ, դուք հանցագործներ չեք, դրա համար մի՛ դարձեք իրենց հանցակիցը»։

Պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանն էլ ասաց, որ քարոզարշավի ողջ ընթացքում իրենց հասու բոլոր միջոցներով փորձել են քաղաքացիներին երկու հիմնական ուղերձ փոխանցել․ «Առաջինը՝ որքան վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայ պետականության, հայ ժողովրդի և առհասարակ հայ մարդու համար։ Ներկայացրել ենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, իսկ երկրորդ ուղերձը՝ ներկայացրել ենք դրանց լուծման ճանապարհներն ու մեր տեսլականը։ Իրավիճակը շատ պարզ է՝ այս չարիքի իշխանությունը, որը վերջին տարիներին մեր ժողովրդին բերել է միայն մահ ու դժբախտություն, փորձում է երրորդ անգամ վերարտադրվել։ Եթե սրանց առաջին ընտրության արդյունքում մենք կորցրինք Արցախի մի մասը, ունեցանք 5000 զոհ, երկրորդ ընտրության արդյունքում մենք կորցրինք ՀՀ-ից տարածքներ, 200-ից ավելի զոհ, թշնամին գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, մեզ ներկայացնում են նոր պահանջներ։ Երրորդ անգամ վերընտրվելու դեպքում տեղի է ունենալու հետևյալը, ու որևէ մեկը չասի՝ չզգուշացրիք, կոկորդներդ չպատռեցիք։ Եթե այս չարիքի իշխանությունը վերարտադրվի, Հայաստանից կտոր-կտոր, անկլավների տեսքով, նոր տարածքներ է հանձնելու Ադրբեջանին, մեր պետության կենսագործունեությունը դնելու է հարցականի տակ ու մեզ կանգնեցնելու է նոր տնտեսական ու սոցիալական կոլապսի առջև»։

Ըստ Սաղաթելյանի՝ Փաշինյանը Եվրոպային մի բան է խոստացել, Մոսկվային՝ մեկ այլ բան, ԱՄՆ-ին՝ լրիվ այլ բան, Ադրբեջանին ու Թուրքիային ևս մի քանի բան․ «Արդյունքում բոլորը սրանից պահանջում են՝ կողմնորոշվի ու արտահայտի քո դիրքորոշումը»։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե վաղը կառավարության որոշմամբ կհաստատի մի նախագիծ, որով կսկսի սուբսիդավորել գյուղատնտեսական որոշ ապրանքներ՝ Սաղաթելյանն ասաց․ «Լավ, ինչո՞ւ այնպես արեցիր, որ այսօր արգելվում է այս ապրանքների արտահանումը, հիմա էլ ասում ես՝ կսուբսիդավորեմ, ում միջոցներով ես սուբսիդավորելու, հորդ տնի՞ց ես բերում այդ միջոցները»։

Ըստ Սաղաթելյանի՝ Նիկոլ Փաշինյանը երեք բան գիտի լավ անել՝ գործ տալ, գործ սարքել ու հանձնել։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930