«Բոլորին դեմ եմ»-ը Կարապի լճի մոտ իրականացրեց ժողովրդի համբերության բաժակը լցնելու քաղաքական գործողություն: «Այսօր կատարելու ենք ավարտական ակցիա, լցնելու ենք մեր բոլորի, մեր ժողովրդի համբերության բաժակը ու ցույց ենք տալու, թե տարիներ ի վեր ինչ է կատարվել մեզ հետ՝ անկախացումից սկսած»,- բարձրախոսով հայտարարեց «Բոլորին դեմ եմ»-ի անդամ Իշխան Գեւորգյանը (լուսանկարում):
«Անկախացումից հետո մենք ունեցանք Անկախության հռչակագիր, որը մեկ տարի հետո 2 պետության բաժանելու միջոցով հարամվեց, ու դա առաջին դույլն էր մեր համբերության բաժակի մեջ: Հետո եղավ ահռելի չափերով արտագաղթը, հետո 1996 թվականի կեղծված ընտրությունները, եւ ամեն ասածս տողը ավելացնում էր համբերության բաժակի մեջ եւս մեկ դույլ ջուր։
Հետո եղավ Ռոբերտ Քոչարյանը, 1998 թ. ընտրությունները, որով նա եղավ ղեկավար, հետո եղավ Պապլավոկի սպանությունը՝ Պրիվետ Ռոբից հետո, հետո եղավ հոկտեմբերի 27-ը, որի ժամանակ էլի ջուր լցվեց համբերության բաժակի մեջ, հետո եղավ կոռուպցիա, գույք՝ պարտքի դիմաց, 2003-ի, 2008-ի անարդար ընտրությունները, էլի հանցանքներ… Հետո եղավ մարտի 1-ը , 10 զոհ եղավ… Մինչեւ հիմա հոլովում են մարտի 1-ը ու չեն կարողանում պարզել, թե ով էր մեղավոր…Հետո եղավ Սերժ Սարգսյանը, շարունակվեց արտագաղթը, պետությունը տոտալ թալանի էր ենթարկվում… Հետո եղան Մաշտոցի պուրակի դեպքերը, տրանսպորտի թանկացման փորձը, Էլեկտրիկ Երեւանը, 2013 թ. անարդար ընտրությունները, Սերժ Սարգսյանի կոստյումի կարման հանրաքվեն, 2018 թ. այսպես կոչված հեղափոխությունը, անցումային արդարադատության խոստումի խաբումը, ապօրինի գույքի վերադարձի խաբումը, 44-օրյա պատերազմում պարտությունն ու պարտության մեղավորների չբացահայտելը
Հետո եղան Սյունիքի դեպքերը 2021 թ., հետո եղան Ջերմուկի ու Վարդենիսի 2022 թվականի դեպքերը, ու ժողովրդի համբերության բաժակն անընդհատ լցվում էր…
Կարդացեք նաև
Հետո եղավ Արցախի բլոկադան, վերջնական հայաթափումը, որի ընթացքում մեկ դույլ ջուր չէ, որ լցվեց մեր համբերության բաժակի մեջ… Մեզ ստիպեցին հեռուստացույցով դիտել մեր եղբայրների գաղթը, որոնց հետ մեջք-մեջքի 3 տարի առաջ կռիվ էինք տվել թշնամու դեմ… Հետո եղան սահմանազատման անվան տակ միակողմանի զիջումները՝ Կիրանցում ու Տավուշում, հետո եղան քաղաքական ձերբակալություններ, սրբազանների ձերբակալություններ, քաղբանտարկյալներ ու մեկ անձի իշխանության հաստատումը խորացավ… Խաղաղության կեղծ պատրանքի քողի տակ այլ պետությունների բոլոր պահանջների կատարումը սկսվեց, Սահմանադրության սպասվող փոփոխությանը հիմք դրվեց, հետո եկավ՝ «ինձ չընտրեք, պատերազմ կլինի» կեղծ խոսույթով ահաբեկումը, հետո ներազգային ատելություն ու թշնամություն տարածվեց»,- Իշխան Գեւորգյանի ամեն թվարկումից հետո համբերության բաժակի ջուրն ավելի ու ավելի էր ավելանում:
Ի վերջո, ժողովրդի համբերության բաժակը շրջվեց, ջուրը թափվեց, «Բոլորին դեմ եմ»-ի անդամը կոչ արեց դեմ քվեարկել ստին, կեղծիքին, սուպերվարչապետությանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































