«Մեր ուղիղ դիտարկումների հիման վրա կարող եմ հայտարարել, որ մեր առաքելությունը չի գրանցել համակարգային խախտումներ։ Մեր գնահատմամբ՝ քվեարկությունն ու հաշվարկն, ընդհանուր առմամբ, իրականացվել է կարգապահ, խաղաղ և սահմանված ընթացակարգերին համապատասխան»,- Միջազգային հանրապետական ինստիտուտի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովրդավարության հիմնադրամի (NED) նախագահ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Պիտեր Ռոսքամը` անդրադառնալով ՀՀ ԱԺ ընտրություններին։

The International Republican Institute (IRI) observation missions press conference regarding the Armenian parliamentary elections took place in the Yerevan Marriott Hotel in Yerevan, Armenia
Նշենք, որ միջազգային այս դիտորդական առաքելությունը կազմված էր 23 անդամներից, որոնք 7 տարբեր երկրներ են ներկայացրել։ Դիտորդական առաքելություն են իրականացրել ՀՀ 8 մարզերում և 17 համայնքներում։ ՀՀ ԱԺ ընտրությունների օրը եղել են 107 ընտրատեղամասերում։

The International Republican Institute (IRI) observation missions press conference regarding the Armenian parliamentary elections took place in the Yerevan Marriott Hotel in Yerevan, Armenia
Պիտեր Ռոսքամի դիտարկմամբ՝ ՀՀ-ում ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել մի միջավայրում, որտեղ աճում էր բևեռացումը, կային անվտանգային մտահոգություններ․ «Բանավեճ էր ընթանում ՀՀ-ի աշխարհաքաղաքական կողմնորոշման վերաբերյալ։ Մենք 11 առաջարկություն ենք ներկայացրել, որոնք վերաբերում են ընտրությունների կազմակերպմանը, քաղաքական կուսակցությունների ֆինանսավորմանը և կիբերանվտանգությանը։ ՀՀ իշխանությունները պետք է մեծացնեն պատժամիջոցները, որոնք ուղղված են կանխիկի տեղաշարժերի չհայտարարագրմանը կամ կեղծ հայտարարագրմանը և բարձրացնեն կասկածելի միջազգային փոխանցումների բացահայտումը և զեկուցումը կանխելու արտաքին դերակատարների հետ կապված ֆինանսավորումը։ ՀՀ իշխանությունը պետք է եռամսյակային կերպով բացահայտի կուսակցությունների ծախսերը և բարելավի մինչև ընտրություններ ծախսերի նկատմամբ վերահսկողությունը»։
Ամփոփելով՝ Պիտեր Ռոսքամը նշեց․ «Մեր դիտորդական առաքելության արդյունքներով՝ սա արդար ընտրություն է առանց որևէ երկմտության։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ իշխանությունները պետք է մեծացնեն պատժամիջոցները կեղծ հայտարարագրման կամ չհայտարարագրված կանխիկի համար, բացի դրանից նրանք պետք է վերացնեն անորոշությունները, թե ով ինչի համար է վճարում»։
Կարդացեք նաև

Robert Kocharyan, the Armenia Alliance’s candidate for Prime Minister of the Republic of Armenia in the 2026 National Assembly elections. Yerevan, Armenia
Միջազգային հանրապետական ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ստեֆան Նիքսի համոզմամբ՝ այս ընտրական շրջափուլում ակնհայտ էր արտաքին միջամտությունը․ «ՀՀ-ն ՌԴ-ի կողմից ուղիղ ազդեցության էր ենթարկվում։ Նրանք սա արել են տնտեսական ճնշումների միջոցով, քաղաքական ու տնտեսական զգուշացումներով, վախերի ահագնացման միջոցով՝ ՀՀ-ի՝ եվրոպամետ ուղեծրի հետ կապված։ Մեր առաքելությունը դիտարկում է ՌԴ-ի հետ կապված դերակատարների կողմից ընտրական միջավայրի միջամտության շարունակական ջանքեր։ Սա ներառում էր ընտրողների բիզնեսների նկատմամբ ճնշումների կիրառումը։ Մեր առաքելությունը պարզեց, որ այս շրջափուլի ընթացքում կուսակցությունները և դաշինքները ազատ քարոզարշավ են իրականացրել, թեև իրենց խոսույթում կային անձերին ուղղված հարձակումներ, ինչը նաև խորացրեց վստահության ցածր մակարդակը տարբեր քաղաքական դերակատարների միջև»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































