«Նախկինում էլ են եղել ընտրախախտումներ, բայց ոչ նման ոճի: Այս ոճը նոր է… Ընդդիմադիր գործիչների նման մասշտաբի ձերբակալություններ, օրինակ, որ հակառակորդը կալանքի միջից մասնակցի ընտրություններին, կամ, օրինակ, որ մյուս ուժին, որին փորձում են չանցկացնել Ազգային ժողով… ԲՀԿ-ի դաշնակցին՝ «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թեւանյանին 2 շաբաթ առաջ մեկուսացրել են ընտրություններից, որպեսզի հենց այս իրավիճակը ստեղծեն:
Նրանք շատ լավ գիտեն, որ Անդրանիկ Թեւանյանը ամենամեծ կազմակերպչական ջիղ ունեցողներից է դիմադրության այս բազայի մեջ, դրա համար մեկուսացրին՝ գլխին գործ սարքելով: Այս մասշտաբի ընտրակեղծարարությունները կարելի է համեմատել առաջին ընտրակեղծարարությունների հետ, որոնք եղել են Հայաստանի Երրորդ Հանրապետությունում 1995-1996 թթ.»,- «Հայելի» ակումբում նշեց վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը:
«Գիշերը ժամը 2-ին, երբ ձայների ընդամենը 15 %-ն էր հաշվարկվել, եւ նվազում էր ՔՊ-ի վերարտադրվելու հնարավորությունը, ընտրակեղծարար ռասիստը, որը նաեւ դավաճան է, դուրս եկավ եւ ինքն իրեն հռչակեց հաղթած, ինչը ՀՀ Սահմանադրության տապալում է: Դրանից հետո, իհարկե, ճիշտ կլիներ նրա շտաբը շրջափակվեր ոչ միայն իրավապահներով, այլեւ ընտրողներով, որովհետեւ նա փաստացի գողացավ մեր քվեն: Նրան չէին ընտրել, բայց ինքն իրեն հաղթած հռչակեց, եւ էական չէ, թե քանի հոգի Եվրոպայից, քանի հոգի մեր սիրելի՝ գերության մեջ ընկած բլոգերներից կաջակցեն ընտրակեղծարարին: Միշտ էլ ընտրակեղծարարին աջակցում են, որովհետեւ նա բռի է, ահաբեկիչ եւ բոլորին վախի մեջ է պահում»,- ասաց Իշխանյանը:
Ի թիվս այլնի՝ անդրադառնալով Մեղրիում կեսգիշերին զինվորների ընտրելուն՝ բանախոսը հավելեց. «Դրանք սարսափելի կադրեր էին, որոնք եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ մայիսի 28-ի զենքերը ոչ թե մեզ՝ հայերիս եւ հայերի իրավունքները պաշտպանելու համար են, ինչու չէ նաեւ ՀՀ քաղաքացի եզդիների եւ այլ ազգային փոքրամասնությունների, այլ ուղղվում են մեր դեմ, նաեւ այն զինվորների, որոնց տարել էին ընտրատեղամաս «ատբոյից» (քնի ժամից) 3 ժամ հետո»: Հովհաննես Իշխանյանը հավելեց, որ ինքը ծառայել է Սյունիքում՝ Կապանում, երբ այնտեղ չկային Ադրբեջանի դրոշներ, եւ իրենց քնի հաշվին քվե չեն կեղծել, իսկ ինքն ընտրել է, ում ցանկացել է:
Կարդացեք նաև
Հովհաննես Իշխանյանի ձեւակերպմամբ, ամենազազրելին այն է, որ հենց խոցելի տարածքներում են փորձել տպավորություն ստեղծել, թե իբր ժողովուրդն իրենց կողմից է, ինչպես Սյունիքում, Կիրանցում, Ներքին Հանդում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































