Aravot.am-ի հետ զրույցում նախկինում իրավապաշտպան գործունեությամբ զբաղված Նինա Կարապետյանցը, որն այժմ «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիրն է՝ մտահոգություն հայտնեց, որ Արտուր Օսիպյանն ավելի քան 20 օր է հացադուլի մեջ է։
«Արտուրի հետ կապված ցանկացած հարց մեկ ժամ շուտ լուծելը ճակատագրական է նրա կյանքի համար, ի վերջո մեր հայրենակիցը ցեղասպանություն վերապրած մարդ է, ես շատ ծանր եմ տանում նրա այս վիճակը»,- ասաց տիկին Կարապետյանցը։
Հարցին՝ ինչ կարծիքի է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այն փաստարկների վերաբերյալ, որ ՄԻՊ գործառույթների մեջ չի մտնում հացադուլ հայտարարած անձանց պահանջների բավարարումը կամ դրանց նպաստելը, իսկ իր մանդատն այլ բան է ենթադրում, Նինա Կարապետյանցն այսպես արձագանքեց. «Եթե ես ՄԻՊ-ը լինեի, մանդատս կշպրտեի ու կգնայի Արտուրի բանտի մոտ, կնստեի, հացադուլ կանեի, մի այնպիսի ակցիա կանեի, որ ամբողջ աշխարհը կցնցվեր, կամ մանդատը չէր դնի, հացադուլ կանեի, որ ամբողջ աշխարհը խոսեր այն մասին, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հացադուլ է հայտարարել, որովհետեւ Հայաստանում ապօրինի կալանքի տակ գտնվող եւ արդեն 20 օր հացադուլ անող մարդ կա… Բայց, քանի որ սրանք բոլոր ժամանակներում սպասարկել են օրվա իշխանություններին, իրենցից որեւէ մեկն ակնկալիք չի ունեցել, այդ կնոջից նույնպես ակնկալիք չունեմ»։
Հիշեցնենք, որ Արտուր Օսիպյանը դիմումներ էր հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին՝ նշելով, որ ձերբակալվել է մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ, եւ իր ձերբակալման ու նախնական կալանքի վայրում կալանքի տակ պահելու հետ կապված իրավիճակը զգալի ռիսկեր է պարունակում կյանքի համար։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

















































