«Երբ դեպքը տեղի է ունեցել, իմ հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի իմ գործընկերներն անմիջապես մեկնել են տեսակցելու Արթուր Օսիպյանին: Գաղափարն այն էր, որ անձի հետ տեղի ունենար առանձնազրույց, ինչպես մնացած բոլոր դեպքերում, և անձը ներկայացներ իր իրավունքների հետ կապված հիմնական խնդիրները, որպեսզի հնարավորություն ունենանք անձի հետ կապված հարցերով զբաղվել, քանի որ անհատական տվյալներ տրամադրող տեղեկատվության փոխանցում է սա ենթադրում և մի շարք այլ հանգամանքներ»,- ճեպազրույցում նշեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Նա ասաց, որ ի սկզբանե Օսիպյանը հրաժարվել է առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքների հետ կապված խնդիրները։
«Ամեն դեպքում մենք հրապարակային տեղեկատվություն ենք ուսումնասիրել, ինքս նաև դեպքի հետ կապված համակարգային խնդիրների համատեքստում ամենասկզբում մի հայտարարություն եմ տարածել, ու դրանից հետո փորձել ենք տարատեսակ գործիքներ կիրառել: Այս շաբաթ կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում, որը ենթադրում է համակարգային խնդիրների բացահայտում և արձանագրում, այց ենք իրականացրել Նուբարաշեն ՔԿՀ… Նաև հացադուլ հայտարարած անձանց ենք այցելել, նրանց վիճակին ենք ծանոթացել, մի շարք խնդիրներ ենք փորձել հասցեավորել, որոշները տեղում են ստացել իրենց լուծումները»,- ասաց ՄԻՊ-ը։
Ինչ վերաբերում է Արթուր Օսիպյանին, Անահիտ Մանասյանը նշեց. «Իր վիճակի հետ կապված տեղեկատվություն ինձ թույլ չեմ տա ներկայացնել, որովհետև դա բժշկական գաղտնիք կամ, միգուցե, անձնական տվյալ ներկայացնող տեղեկատվություն է ենթադրում: Քանի որ անձը մեզ դիմել էր, մենք հետագայում նաև պաշտոնապես կստանանք համապատասխան տեղեկատվություն: Չեմ ուզում հրապարակային որևէ տեղեկատվություն փոխանցել, որովհետև վստահ չեմ, որ իմ փոխանցելիք տեղեկատվությունը համապատասխան կլինի պաշտպանական ստրատեգիային, և այդ պատճառով թույլ տվեք ձեռնպահ մնալ անձի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելուց, բայց կխնդրեմ մի բան նկատի ունենանք՝ հացադուլը անձի իրավունքի դիտարկումն է, այսինքն՝ այս առումով միջամտությունը անձի կամքի արտահայտությանը հնարավոր չէ, և հնարավոր է միայն բացառիկ իրավիճակներում, եթե որոշակի ստանդարտների համապատասխանի. այստեղ կարևորը պետության պարտավորությունն է, որպեսզի բժշկական հսկողությունը պետությունը պատշաճ իրականացնի»։
Դիտարկմանը, որ Օսիպյանը կալանավորվել է Փաշինյանի հետ միջադեպից հետո և պահանջ է դրել, որ Փաշինյանը ներողություն խնդրի, արդյոք ՀՀ ՄԻՊ-ը իր մանդատի շրջանակում պատրաստվում է այս հարցի շուրջ խոսել Նիկոլ Փաշինյանի հետ, հատկապես որ Օսիպյանն ասել է, որ մինչև ներողություն չխնդրի, հացադուլը չի դադարեցնելու, Մանասյանն այսպես արձագանքեց. «ՄԻՊ գործառույթների մեջ չի մտնում Հայաստանում հացադուլ հայտարարած անձանց պահանջների բավարարումը կամ դրան նպաստելը: ՄԻՊ-ի գործառույթների մեջ է մտնում հացադուլ հայտարարած անձանց հետ կապված հացադուլի վարման՝ պետության կողմից ընթացքին հետևելը և անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան խախտումներն արձանագրելը: Հացադուլ հայտարարած յուրաքանչյուր անձի համար իր դեպքը իրապես առանձնանում է, բոլորի համար է դա առանձնացող»։
Կարդացեք նաև
Հարցին՝ Արթուր Օսիպյանը քաղբանտարկյա՞լ է, Մանասյանը հետևյալը նշեց. «Ազատությունից զրկման հարցը այս անձի պարագայում բազմաթիվ հարցեր է առաջացնում, որովհետև բազմիցս եմ խոսել թե՛ խափանման միջոց կալանքի կիրառման մասին, թե՛ նաև խոսքի ազատության սահմանները խախտելու պարագայում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման մասին… Հիմա հնարավորություն կունենանք փաստաթղթերին ծանոթանալու, որպեսզի հասկանանք, թե, օրինակ, տարբեր մարմիններ ինչ են հիմքում դրել՝ մարդուն վերաբերելի տարբեր հանգամանքների հետ կապված: Խնդրի վերաբերյալ ապագայում եմ խոսելու»։
Հարցին՝ հետևո՞ւմ է Փաշինյանի աջակիցների հրապարակային խոսքին, որոնք լի են սեռական բնույթի հայհոյանքներով՝ ուղղված ընդդիմադիրներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին, ՀՀ ՄԻՊ-ը նշեց, որ մշտադիտարկում են բոլոր քաղաքական ուժերի կողմից օգտագործված խոսույթը, մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ դա համատարած բնույթ է կրում, ինչը խնդրահարույց հետևանքներ է ունենում: Նա ձեռնպահ մնաց նախընտրական փուլում անուններ նշելուց։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































