Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր տեղի ունեցավ «Սահմանադրական դատարանի» գործով հերթական դատական նիստը, որտեղ քաղաքական գործիչ, ներկայումս «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը շարունակեց նախորդ նիստում ընդհատված իր եզրափակիչ ելույթի ներկայացումը, որը վերաբերում էր ապացույցների ներկայացմանը և ապացույցների բովանդակությանը։
«Ես վերստին պնդում եմ, որ այս վարույթում առհասարակ ապացույցները բացակայում են։ Այսինքն՝ նախաքննական մարմինը չունի որևէ ապացույց, որը հաստատում է իմ կողմից քրեորեն պատժելի որևէ արարք կատարելու հանգամանքը։ Այն, ինչ ներկայացվել է դատարանին, դրանք ընդամենը հղումներ են։ Ընդ որում, դատարանի ուշադրությունը հրավիրում ենք այն փաստի վրա, որ իմ ելույթներից ամբողջական տեսանյութեր չեն ներկայացվել, այլ ներկայացվել են ֆեյսբուքյան կամ յութուբյան հղումներ, որոնք կառավարվում են համապատասխան ադմինիստրատորների կողմից։
Այսինքն՝ ցանկացած պահի դրանք կարող են կայքերից հեռացվել, խմբագրման ենթարկվել և այլն։ Այսինքն՝ ներբեռնված և ամբողջական տեսքով ելույթների բովանդակությունն անգամ դատարանին որպես ապացույց չի ներկայացվել»,- հայտարարեց Էդգար Ղազարյանը և հավելեց, որ այն, ինչ ներկայացվել է դատարանին, ապացույց է այն մասին, որ ինքը ելույթ է ունեցել, հարցազրույցներ է տվել։
Էդգար Ղազարյանը մանրամասն ներկայացրեց քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները և սահմանումները, որոնք հաստատում են իր պնդումները, ինչպես նաև, որ իրեն ներկայացված մեղադրանքներն ընդամենը քննիչի և հանրային մեղադրողի գնահատական դատողություններն են, ինչը բավարար չէ և չի կարող գնահատվել որպես ապացույց։
Կարդացեք նաև
Ամփոփելով իր եզրափակիչ ելույթը՝ Էդգար Ղազարյանն ասաց. «Պետք է փաստացի արձանագրենք հետևյալը, որ իմ նկատմամբ իրականացված այս գործընթացը, բացի քաղաքական հետապնդումից, ուրիշ որևէ բովանդակություն չունի։ Այսինքն՝ սրանում իրավական բաղադրիչ գտնել հնարավոր չէ։ Իմ տպավորությամբ՝ հանրային մեղադրողն իր եզրափակիչ ելույթում այդպես էլ չի կարողացել հիմնավորել ներկայացված մեղադրանքը։ Հանրային մեղադրողն ամփոփիչ ելույթը կառուցել է ոչ թե 490-րդ հոդվածի տրամաբանությամբ, այլ շեշտը դրել է, իբր, դատավորներին վիրավորելուն, չնայած որ դա այլ քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում է դատավորների մասով։ Իսկ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածով ընդհանրապես մեղադրանք չի առաջադրվել, և այդ ուղղությամբ մենք անգամ պաշտպանական ջանքեր էլ չենք գործադրել։
Այսինքն, պատվարժան դատարան, ակնհայտ է, որ սա իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է, այստեղ իրավական բաղադրիչ առհասարակ գոյություն չունի, վարույթը նախաձեռնվել է ապօրինի՝ խախտելով քրեական դատավարության օրենսգրքի վարույթ նախաձեռնելու համար ողջ իրավակարգավորումները, այդ թվում նաև Վճռաբեկ դատարանի տված մեկնաբանությունները։
Այսինքն՝ չի եղել պատշաճ կերպով հաղորդում հանցագործության մասին, նախաձեռնվել է սխալ ընթացակարգերով, վարույթային գործողությունները եղել են անտրամաբանական, այս գործում չկա որևէ տուժող, և այս գործում միայն ես կամ։ Ոչ փաստ կա, ոչ ապացույց կա, ոչ տուժող կա, ոչ վկա կա, ոչ էլ ապացույց կա։ Դրա համար այս ամենի համադրության արդյունքում ես խնդրում եմ դատարանին, որպեսզի կամ կարճվի վարույթը հենց այս փուլում՝ հանցակազմի բացակայության հիմքով, կամ եթե դատարանը գնալու է վերդիկտի կայացման, ապա ես ակնկալում եմ բացարձակապես արդարացման վերդիկտ»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































