Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը՝ Աշոտյանի գործի մասին. «Քննիչին հարց ենք տալիս, ասում ենք՝ կարո՞ղ եք մատնացույց անել ապօրինի գույքը, որը «լվացվել» է, ասում է՝ ոչ». «Հրապարակ»

Հունիս 10,2026 10:26 Share

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, ընտրությունների թեժ փուլում` հունիսի 6-ին, մեկ ամսով կալանավորեց ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանին՝ շուրջ 10 տարվա վաղեմության մի գործով, որի շրջանակներում երկար ժամանակ որեւէ քննչական գործողություն չի իրականացվել, իսկ վերջին հարցաքննությունը եղել է 2019-ի վերջին։

Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ 2019-ին իր պաշտպանյալը վկայի կարգավիճակով հարցաքննվել է․ «Մոռացել էինք այս գործի մասին, ոչինչ չկա, այսպիսի մի քանի գործ կար 19 թվականին, հիմնականում կարճվել էին: Այս գործով, որով կալանավորեցին եւ հիմա դատում են, ինձ թվացել էր` կարճել էին, մոռացել էինք, ամբողջությամբ քնած գործ է եղել, եւ, չգիտես ինչու, արթնացրել են»։

Աթանեսյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչ է արել Աշոտյանը՝ ըստ իրավապահների, ասաց՝ ոչինչ գրված չէ գործում․ «Վճարվել է պետական գույքի համար, որը գնացել է պետական բյուջե, ես չեմ կարող ասել՝ ինչ է արել, կարեւորը՝ թուղթ լինի ու պեչատ, թղթի բովանդակությունը կարեւոր չէ։ Պետական գույք է, օտարվել է եւ օտարվել է ավելի թանկ, քան արժեքն է, Աշոտյանի որոշումով չի օտարվել, օտարվել է կառավարության որոշումով։ Քննիչին հարց ենք տալիս, ասում ենք՝ կարո՞ղ եք մատնացույց անել ապօրինի գույքը, որը «լվացվել» է, ասում է՝ ոչ։ Եթե նախկին գործով մի բան մոգոնել էին, ստեղ ոչինչ չեն մոգոնել, ու ոչինչ չկա»։

Ըստ փաստաբանի՝ նախկին պաշտոնյան որպես մեղադրյալ չի հարցաքննվել, բայց որպես վկա՝ նախկինում հարցաքննվել է, 6-7 էջանոց ցուցմունք է տվել․ «Ինքը սովորական գործարք է, ոչ մեկը ոչ մի կոպեկ չի վերցրել, գույքը վաճառվել է թանկ գնով, ինչի՞ մասին է խոսքը, ես չեմ հասկանում։ Սովորական վարչարարություն է, գոնե էժանով վաճառվեր, կասեինք՝ լավ, վնաս է պատճառվել։ 2 անգամ փորձաքննություն է նշանակվել, եւ ավելի էժան գին է տրվել, քան վաճառվել է»։

Խոսելով վաղեմության ժամկետի մասին՝ նշեց. «Քանի որ վաղեմությունն անցած է, դատախազությունն ի՞նչ է անում, որտեղ պետք է, պետք չէ, անիմաստ փողերի լվացում է կպցնում, որ ժամկետների մեջ մնա, բոլոր գործերով են դնում»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930