Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ քննությունների թիվն աճել է, դատավճիռները թիվը մնում է փոքր․ GRETA-ն հրապարակել է ՀՀ-ի մասին զեկույց

Հունիս 10,2026 11:03 Share

Եվրոպական Խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խումբն (GRETA) այսօր նոր զեկույց է հրապարակել Հայաստանի վերաբերյալ, որն անդրադարձել է մարդկանց թրաֆիքինգի զոհերի՝ արդարադատության հասանելիության և պաշտպանության արդյունավետ միջոցներին։

Զեկույցում առաջընթաց է գրանցվում ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում 2022 թվականից ի վեր, GRETA-ն ողջունում է զոհերի նույնականացման և աջակցության բարելավման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, սակայն միևնույն ժամանակ նշում, որ իշխանությունները պետք է ակտիվացնեն ջանքերը՝ աշխատանքային շահագործման նպատակով թրաֆիքինգի կանխարգելման, նախաձեռնողական (պրոակտիվ) քննությունների ապահովման, ինչպես նաև զոհերին իրավաբանական օգնություն և փոխհատուցում տրամադրելու ուղղությամբ։

Ըստ զեկույցի՝ 2022-2025 թվականներին ընդհանուր առմամբ ՀՀ-ում թրաֆիքինգի զոհ է ճանաչվել 90 անձ, որոնցից 22-ը երեխաներ են։ Արձանագրվել է թրաֆիքինգի զոհերի նույնականացման դեպքերի և մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունների վերաբերյալ իրականացվող քննությունների թվի աճ։ Նույնականացված զոհերի շրջանում շահագործման գերակշռող ձևը դարձել է աշխատանքային շահագործումը։ Աճել է նաև օտարերկրյա զոհերի թիվը, այդ թվում՝ միգրանտ աշխատողների շրջանում։

Դրական գնահատելով իրավական փոփոխությունները` զեկույցում նաև ներառվել են մի շարք առաջարկություններ ՀՀ իշխանություններին․ «ՀՀ իշխանությունները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն երեխաների և երիտասարդների թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ, մասնավորապես՝ ապահովեն, որ երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումն ամբողջությամբ իրականացվի անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունման միջոցով, ավելացնեն երեխաների պաշտպանության համար պատասխանատու մարմինների ֆինանսավորումը, մշակեն վաղ հայտնաբերման մեխանիզմներ, ուժեղացնեն երեխաների վնասակար և արգելված աշխատանքի դեմ իրավական երաշխիքների կիրարկումը և այլն»։

Ըստ զեկույցի՝ Հայաստանում թրաֆիքինգ իրականացնողներն առավել հաճախ շահագործում են մարդկանց խոցելիությունը պայմանավորող հետևյալ գործոնները՝ աղքատություն, վատ բնակարանային պայմաններ, գործազրկություն, կրթության պակաս և մեկուսացվածություն։ Եզդի փոքրամասնության աղջիկներն ու կանայք խոցելի են երեխաների, վաղաժամ և հարկադիր ամուսնությունների նկատմամբ։ Բացի այդ, խնամքի այլընտրանքային հաստատություններից դուրս եկող երեխաներն ու երիտասարդները, ինչպես նաև հաշմանդամություն և/կամ հոգեկան խանգարումներ ունեցող անձինք խոցելի են թրաֆիքինգի տարբեր ձևերի և շահագործման նկատմամբ։

Վերջին տարիներին Հայաստանում զգալիորեն աճել է միգրանտ աշխատողների թիվը։ Հավաքագրման գործակալությունների կողմից թույլ տրվող չարաշահումները և ընկերությունների նկատմամբ սահմանափակ վերահսկողությունը միգրանտ աշխատողներին հատկապես խոցելի են դարձնում թրաֆիքինգի և իրենց գործատուների կամ հավաքագրողների կողմից շահագործման նկատմամբ։

Աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության ոլորտում զեկույցում ամրագրված է․ «Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ապահովել, որ միգրանտ աշխատողներն ունենան անվտանգ հաղորդման և արդյունավետ անանուն բողոքարկման մեխանիզմների հասանելիություն, որպեսզի չարաշահման կամ շահագործման զոհ դարձած անձինք կարողանան ներկայացնել իրենց դեպքերը՝ առանց հետապնդման կամ վրեժխնդրության վախի։ ՀՀ իշխանությունները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն միգրանտ աշխատողների խոցելիությունները նվազեցնելու համար»։

GRETA-ն հորդորում է Հայաստանի իշխանություններին ապահովել, որ մարդկանց թրաֆիքինգի հետ կապված հանցագործությունները քննվեն նախաձեռնողականորեն և առանց հապաղման՝ անկախ նրանից, թե ներկայացվել է արդյոք հաղորդում կամ բողոք տվյալ հանցագործության վերաբերյալ։ Այդ նպատակով անհրաժեշտ է կիրառել հատուկ քննչական մեթոդներ՝ նյութական, փաստաթղթային, ֆինանսական և թվային ապացույցներ հավաքելու համար, որպեսզի քննությունը չհիմնվի բացառապես զոհերի կամ վկաների ցուցմունքների վրա։

GRETA-ն գտնում է, որ ՀՀ իշխանությունները պետք է ավարտին հասցնեն թրաֆիքինգի հարցերով անկախ ազգային զեկուցողի (National Rapporteur) ինստիտուտի ստեղծման գործընթացը՝ ապահովելով դրա համար անհրաժեշտ և առանձին ֆինանսավորում։

Նաև առաջարկվում է ավելացնել Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ռեսուրսները, որպեսզի այն կարողանա իրականացնել նախաձեռնողական և չնախատեսված ստուգումներ բոլոր աշխատավայրերում։ Զեկույցում ամրագրված է․ «ՀՀ իշխանությունները պետք է նաև ավելի արդյունավետ կարգավորեն և վերահսկեն աշխատուժի հավաքագրման և ժամանակավոր զբաղվածության գործակալությունների գործունեությունը, ինչպես նաև միգրանտ աշխատողների համար ապահովեն անվտանգ և անանուն հաղորդման ու բողոքարկման մեխանիզմներ»։

Զեկույցում նաև կա մտահոգություն՝ չնայած մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ քննությունների թվի աճին՝ թրաֆիքինգի գործերով դատավճիռների թիվը շարունակում է մնալ ցածր։ Հետևաբար GRETA-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապահովել, որպեսզի մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները քննվեն նախաձեռնողականորեն և առանց անհարկի ձգձգումների՝ լիարժեք օգտագործելով հատուկ քննչական մեթոդները։

GRETA-ն նաև շեշտում է, որ մարդկանց թրաֆիքինգի դեպքերը պետք է քրեական հետապնդման ենթարկվեն հենց որպես թրաֆիքինգի հանցագործություններ, այլ ոչ թե որակվեն որպես ավելի թեթև հանցակազմեր։ Միաժամանակ, նման գործերով դատական վարույթները պետք է հանգեցնեն արդյունավետ, համաչափ և զսպող ազդեցություն ունեցող պատժամիջոցների կիրառմանը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930