Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ շահեկան է ընդդիմության համար բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անվանումով»․ Սրբուհի Գալյան

Հունիս 10,2026 13:08 Share

«Շատ շահեկան է ընդդիմության համար եւ միակ տարբերակն է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անվանումով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն։

Հարցին, թե ինչո՞ւ հենց ընտրական փուլում այդ գործը հարուցվեց, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Կներեք, բայց ձեր կողմից նշված անձի նկատմամբ հետապնդումներ եղել են եւ քրեական գործեր նրա վերաբերյալ եղել են այս բոլոր տարիների ընթացքում։ Դատական պրոցեսներ էլ են տեղի ունեցել եւ կան, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համատեքստում»։

Հարցին, թե Սահմանադրության նախագիծը խորհրդարանում քվեարկելու հարցով քննարկումներ անելո՞ւ են ընդդիմադիր խմբակցությունների հետ, քանի որ ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ դա չենք քննարկել։ Բայց տրամաբանությունը պետք է լինի այն, որ քննարկումները պետք են եւ միանշանակ կլինեն ապագայում»։

Հարցին, թե ՔՊ-ն քննարկո՞ւմ է հարցը, որ Սահմանադրության հանրաքվեն անցկացնեն ստորագրահավաքի մեխանիզմով, նախարարը պատասխանեց․ «Պրոցեսը սկսենք, եւ ժամանակը ցույց կտա, թե ինչ ճանապարհով կգնանք։ Այսինքն՝ մենք խնդիր չունենք պրոցեսը կուլիսների հետեւում պահելու եւ չենք էլ կարող։ Մեր առաջին նպատակը հանրության, ժողովրդի հետ քննարկում սկսելն է, էջը բացելն է, դրանից հետո մենք պետք է հասկանանք, թե ինչ արձագանք ենք ունենում հասարակությունից, մարդիկ ինչ են կարծում, մենք պետք է իրենց բացատրենք՝ որ կարգավորումներն ինչի մասին են, մենք պետք է ստանանք առաջարկներ, պետք է անենք փոփոխություններ, վերջնականացնենք պրոցեսը, հետո կհասկանանք, թե ինչ ճանապարհով ենք գնում»։

«Իրականում 2/3-ի պահանջն այս պահին սահմանված է Սահմանադրությամբ, բայց հանրաքվեն էլ անմիջական իրավունք է, որ ժողովուրդն ունի։ Սա ուղղակի ասեմ ու փակենք այսօրվա քննարկումը»,- հայտարարեց Գալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը հրապարակել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ մակագրելով. «Հարցազրույց բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930