Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավիճակ չի փոխվել, այսօր էլ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն»․ Սրբուհի Գալյան

Հունիս 10,2026 12:24 Share

«Երեկ քննարկել ենք Սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը, եւ կարծում եմ, որ առաջիկայում ամբողջացնելուց հետո կորոշենք։ Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետեւ սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքներին։ Մեզ մեկ կամ երկու շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, եւս մեկ կամ երկու քննարկում կունենանք եւ կորոշենք՝ պատրաստ ենք քննարկել, թե՞ ոչ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Հարցին, թե ինչո՞ւ ավելի վաղ չեն հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը, Գալյանը պատասխանեց․ «Տեքստը պատրաստ չէր, որովհետեւ մեր մի շարք գործընկերներ ուղղակի չեն հասցրել դիտարկումներ ներկայացնել։ Եվ սա միանձնյա որոշում չէ՝ հրապարակել կամ չհրապարակելու։ Որոշել ենք չհրապարակել, չենք հրապարակել, կորոշենք հրապարակել, կհրապարակենք»։

Անդրադառնալով հարցին, որ ՔՊ-ն 61 մանդատ ունենալու դեպքում չունի սահմանադրական մեծամասնություն, ինչպե՞ս են Սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու, Գալյանը պատասխանեց․ «Իսկ հիմա քանի՞ մանդատ ունի իշխանությունը։ Եթե հարցն այն է, որ իրավիճակ է փոխվել այդ առումով, ես ձեզ կասեմ՝ իրավիճակ չի փոխվել, որովհետեւ այսօր էլ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն։ Ինչո՞ւ այդ հարցը նախկինում չի ծագել, մենք ասել ենք, որ մեր օրակարգում հեղափոխությունից հետո եղել է Սահմանադրությունը փոփոխելը եւ դա եղել է քաղաքական հանձնառություն, ինչը մենք ստանձնել ենք եւ պատրաստ ենք եղել ի կատար ածել։ Նոր Սահմանադրություն հրապարակելը եւ հանրության հետ քննարկելը մեր քաղաքական հանձնառության մի մասն է։ Թե ինչ կլինի հետո, ժամանակը ցույց կտա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930