Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան փակում է դռները, Բրյուսելը՝ բացում պատուհանները

Հունիս 11,2026 12:00 Share

Սկիզբը՝ այստեղ:

Ռուսական ճնշումից դեպի եվրոպական հնարավորություն Հայաստանը նոր տնտեսական վերափոխման շեմին

ՀայաստանԵՄ հարաբերությունների խորացման նոր փուլը ռուսական տնտեսական ճնշումների պայմաններում

Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները վերջին տարիներին աստիճանաբար եւ բնականորեն խորացել են՝ դուրս գալով բացառապես բարեփոխումների, ինստիտուցիոնալ զարգացման եւ ֆինանսական աջակցության շրջանակներից ու վերածվելով ռազմավարական բնույթի համագործակցության։ Սակայն վերջին շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունները Հայաստան-ԵՄ հարաբերություններին հաղորդեցին նոր բովանդակություն՝ դրանք տեղադրելով ոչ միայն տնտեսական, այլեւ աշխարհաքաղաքական գործընթացների կենտրոնում։

Ռուսաստանը վերջին շաբաթներին դիմեց ավելի կոշտ քայլերի՝ սահմանափակումներ կիրառելով Հայաստանից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ։ Սահմանափակումների տակ հայտնվեցին հայկական ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջրերը, որոշ ալկոհոլային խմիչքներ, ձկնամթերքը, ինչպես նաեւ մի շարք պտուղ-բանջարեղենային ապրանքներ։ Թեեւ պաշտոնական պատճառաբանությունը վերաբերում էր որակական չափանիշներին, սակայն Երեւանում, Բրյուսելում եւ եվրոպական մի շարք մայրաքաղաքներում այս քայլերը գնահատվեցին որպես քաղաքական բնույթի տնտեսական ճնշման գործիք։

Հատկանշական է, որ հենց այս համատեքստում Եվրամիությունը ոչ միայն հանդես եկավ քաղաքական հայտարարություններով, այլեւ անցավ գործնական քայլերի։ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարեց, որ Բրյուսելը լրացուցիչ աջակցություն է նախապատրաստում Հայաստանի համար՝ նպատակ ունենալով օգնել հայ արտահանողներին հաղթահարել ստեղծված խնդիրները եւ գտնել նոր շուկաներ։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն ցանկանում է լսել հենց տնտեսվարողների եւ արտահանողների տեսակետները՝ հասկանալու համար, թե ինչպիսի աջակցություն է անհրաժեշտ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացն արագացնելու համար։

Այս հայտարարությունները կարեւոր էին ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական իմաստով։ Դրանք ցույց տվեցին, որ Եվրամիությունը Հայաստանի նկատմամբ սկսում է կիրառել ճգնաժամային աջակցության մեխանիզմներ, որոնք մինչ այժմ հիմնականում կիրառվում էին ԵՄ գործընկեր այն երկրների նկատմամբ, որոնք արտաքին ճնշումների են ենթարկվում։

Ավելին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ռուսաստանի գործողությունները բնութագրեց որպես տնտեսական ճնշում՝ ընդգծելով, որ Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Նրա խոսքով՝ տնտեսական կապերը որպես քաղաքական ազդեցության միջոց օգտագործելը անընդունելի է, իսկ ԵՄ-ն լավ ծանոթ է նման գործելաոճին։ Այս գնահատականը փաստացի դարձավ Բրյուսելի ամենակոշտ քաղաքական արձագանքներից մեկը Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ 

ԵՄ աջակցության նոր փաթեթը եւ տնտեսական դիվերսիֆիկացման մարտահրավերը

Ստեղծված իրավիճակում Եվրոպական միությունը հայտարարեց ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ աջակցության փաթեթի մասին։ Ֆինանսական աջակցությունից բացի, նախատեսվում են նաեւ առեւտրի դյուրացման, արտահանման խթանման եւ հայկական արտադրանքի համար նոր շուկաների բացման միջոցառումներ։

Մասնավորապես, Վասիլիս Մարագոսը հայտարարեց, որ ԵՄ-ն քննարկում է հայկական ծաղիկների արտահանումը Լատվիա եւ Նիդեռլանդներ, այդ թվում՝ եվրոպական ամենախոշոր ծաղկային ցանցերից մեկի՝ Royal Flora-ի միջոցով։ Շուտով Լատվիա ուղարկվեց հայկական ծաղիկների առաջին՝ 10 հազար միավորից բաղկացած խմբաքանակը, որին պետք է հետեւեն նոր մատակարարումներ։

Միաժամանակ, Բրյուսելը սկսել է քննարկել հայ արտահանողների համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման տարբերակներ։ Քննարկումների կենտրոնում են ոչ միայն գյուղատնտեսական արտադրանքը, այլեւ արտահանման ընդհանուր կառուցվածքի վերափոխման հնարավորությունները։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Եվրամիությունը դիտարկում է նաեւ Առեւտրի ինքնավար միջոցառումների մեխանիզմի կիրառումը, որի դեպքում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մուտք գործել առանց մաքսատուրքերի եւ քվոտաների։

Սակայն այս ամենը բացահայտում է Հայաստանի տնտեսության խորքային խնդիրներից մեկը։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի արտաքին առեւտրի զգալի մասը կենտրոնացած է եղել ռուսական շուկայում։ Կառավարության ներկայացրած տվյալներով՝ միայն պտուղ-բանջարեղենի եւ ծաղիկների արտահանման շուրջ 93,3 տոկոսն ուղղվել է Ռուսաստան։ 2025 թվականին այդ արտահանման ընդհանուր ծավալը կազմել է մոտ 190 միլիոն դոլար։

Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսությունը երկար ժամանակ չի իրականացրել բավարար դիվերսիֆիկացում։ Արտահանման շուկաների, լոգիստիկ ուղղությունների եւ տնտեսական գործընկերների բազմազանեցման գործընթացը կամ ուշացել է, կամ իրականացվել է սահմանափակ ծավալներով։ Արդյունքում, երբ Ռուսաստանը սկսեց սահմանափակել հայկական արտադրանքի մուտքն իր շուկա, Երեւանը ստիպված եղավ արագացված ռեժիմով փնտրել այլընտրանքային ուղղություններ։

Կառավարության կողմից ընդունված արտահանման խթանման ծրագիրը, որով նախատեսվում է փոխհատուցել այլ շուկաներ արտահանվող պտուղ-բանջարեղենի եւ ծաղիկների մի մասը, նույնպես վկայում է իրավիճակի հրատապության մասին։ Փոխհատուցումների համար նախատեսված մոտ 1,9 միլիարդ դրամը կարեւոր աջակցություն է, սակայն այն ավելի շատ հակաճգնաժամային քայլ է, քան երկարաժամկետ ռազմավարություն։

Բրյուսելի ուղերձը եւ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հարցը

ԵՄ պաշտոնյաների հայտարարությունները ցույց են տալիս, որ Բրյուսելը ստեղծված իրավիճակը դիտարկում է ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական հարթությունում։

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարեց, որ Եվրամիությունը համերաշխ է Հայաստանի հետ Ռուսաստանի աճող տնտեսական հարկադրանքի պայմաններում։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն փնտրում է կարճ ժամկետում Հայաստանին աջակցության ծավալներն ավելացնելու ուղիներ եւ միաժամանակ արագացնելու է Հարավային Կովկասի առեւտրային ու էներգետիկ կապերի զարգացման ուղղությամբ աշխատանքները։

Առանձնահատուկ նշանակություն ունեցավ նաեւ նրա հայտարարությունը, համաձայն որի՝ Հայաստանը ինքնիշխան եւ անկախ պետություն է, իսկ նրա ժողովուրդն ազատ է ընտրելու երկրի զարգացման ուղին։ Սա միայն դիվանագիտական ձեւակերպում չէ։ Այն արտացոլում է Եվրոպական միության քաղաքական դիրքորոշումը Հայաստանի արտաքին քաղաքական ինքնուրույնության վերաբերյալ։

Նույն տրամաբանության մեջ էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հայտարարությունը։ Նա ընդգծեց, որ Եվրոպան Հայաստանից չի պահանջում աշխարհաքաղաքական ընտրություն կատարել։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն չի սպառնում, չի ճնշում, այլ փորձում է աջակցել եւ օգնել հաղթահարել տնտեսական դժվարությունները։ Այս ուղերձը կարեւոր է հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հաճախ ներկայացվում է որպես «կամ Ռուսաստան, կամ Արեւմուտք» ընտրության խնդիր։

Իրականում ԵՄ-ի ներկայիս քաղաքականությունը կառուցված է այլ տրամաբանության վրա։ Բրյուսելը փորձում է ամրապնդել Հայաստանի տնտեսական դիմակայունությունը, ընդլայնել նրա արտաքին տնտեսական կապերը եւ նվազեցնել մեկ գործընկերոջից կախվածության աստիճանը։ Այդ քաղաքականությունը համահունչ է նաեւ Երեւանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում ձեւավորված ռազմավարական օրակարգին, որի շրջանակում նախատեսվում է զարգացնել ենթակառուցվածքները, հաղորդակցությունները, բիզնես կապերը եւ տնտեսական համագործակցությունը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ եւս վկայում է հարաբերությունների նոր մակարդակի մասին։ Եթե նախկինում համագործակցությունը հիմնականում իրականացվում էր առանձին ծրագրերի միջոցով, ապա այժմ ձեւավորվում է համակարգային քաղաքական եւ տնտեսական երկխոսության մեխանիզմ։ 

Հայաստանի հնարավորությունները եւ ռիսկերը նոր իրողությունների պայմաններում

Հայաստանի համար ներկայիս իրավիճակը միաժամանակ պարունակում է ե՛ւ ռիսկեր, ե՛ւ հնարավորություններ։

Ռիսկն ակնհայտ է։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերներից մեկը, իսկ բազմաթիվ ոլորտներ շարունակում են կախված մնալ ռուսական շուկայից։ Հետեւաբար, ցանկացած տնտեսական սահմանափակում կարճաժամկետ հեռանկարում կարող է լուրջ ազդեցություն ունենալ արտահանողների, գյուղատնտեսության եւ որոշ արտադրական ոլորտների վրա։

Սակայն ստեղծված իրավիճակը նաեւ հնարավորություն է տալիս արագացնել այն գործընթացները, որոնք տարիներ շարունակ հետաձգվել են։ Եթե Հայաստանին հաջողվի օգտվել ԵՄ առաջարկած ֆինանսական, առեւտրային եւ ինստիտուցիոնալ հնարավորություններից, ապա ներկայիս ճգնաժամը կարող է վերածվել տնտեսական վերակառուցման խթանի։

Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն արտահանել առկա ապրանքները նոր շուկաներ, այլեւ համապատասխանեցնել արտադրությունը եվրոպական չափանիշներին, բարելավել լոգիստիկ համակարգերը, ներդնել որակի վերահսկման նոր մեխանիզմներ եւ զարգացնել բարձր ավելացված արժեք ունեցող արտադրությունը։

Եվրամիության կողմից առաջարկվող ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցությունը, նոր շուկաների բացման նախաձեռնությունները, հնարավոր արտոնյալ առեւտրային ռեժիմները եւ ենթակառուցվածքային համագործակցության ծրագրերը կարող են կարեւոր դեր խաղալ այս գործընթացում։ Սակայն դրանք չեն կարող փոխարինել Հայաստանի սեփական տնտեսական ռազմավարությանը։

Այսպիսով, Հայաստան-ԵՄ հարաբերությունները մտնում են որակապես նոր փուլ։ Եթե նախկինում համագործակցության առանցքում հիմնականում ժողովրդավարական բարեփոխումներն ու զարգացման ծրագրերն էին, ապա այսօր առաջին պլան է մղվում տնտեսական դիմակայունության, շուկաների դիվերսիֆիկացման եւ արտաքին ճնշումներին դիմակայելու հարցը։

Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումները բացահայտեցին Հայաստանի տնտեսության խոցելի կողմերը՝ հատկապես արտահանման շուկաների գերակենտրոնացումը մեկ ուղղությամբ։

Միեւնույն ժամանակ դրանք խթանեցին Եվրոպական միության ավելի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի տնտեսական կյանքում։

ԵՄ ներկայիս քայլերը կարճաժամկետ հեռանկարում կարող են մեղմել ռուսական սահմանափակումների հետեւանքները՝ ֆինանսական աջակցության, նոր շուկաների բացման եւ արտահանման խթանման միջոցով։ Սակայն դրանց իրական ազդեցությունը կախված կլինի նրանից, թե որքան արագ եւ արդյունավետ Հայաստանը կկարողանա իրականացնել տնտեսության, արտահանման եւ առեւտրային կապերի դիվերսիֆիկացում։

Այս առումով ներկայիս զարգացումները կարելի է դիտարկել ոչ միայն որպես հերթական արտաքին քաղաքական ճգնաժամ, այլ որպես լավ հնարավորություն՝ Հայաստանի տնտեսական կառուցվածքը վերափոխելու, ավելի բազմավեկտոր, մրցունակ եւ դիմակայուն տնտեսական համակարգ ձեւավորելու համար։

Եթե Երեւանը կարողանա օգտագործել այդ հնարավորությունը, ապա ռուսական տնտեսական ճնշումները կարող են դառնալ այն հանգրվանը, որից հետո Հայաստանի տնտեսական եւ քաղաքական ինքնուրույնությունը կստանա լիովին նոր բովանդակություն։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930