Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ-կամ»-ի պահանջը դրել է Մոսկվան

Հունիս 10,2026 12:00 Share

Ով եւ ինչ շահեց հայռուսական հարաբերությունների նախընտրական սրացումից

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրվան մոտենալուն զուգահեռ Մոսկվան անցյալ շաբաթ էլ շարունակում էր նախազգուշական սպառնալիքների տոնայնությամբ հայտարարությունները։

Բանը հասավ նրան, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն արդեն ուղիղ ընդգծեց կապը ընտրությունների հետ՝ զգուշացնելով, որ ըստ դրանց արդյունքների էլ Մոսկվան որոշում կկայացնի. «Եթե եվրոպամետ ուժերը հաղթեն, դա նշանակում է, որ Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն։ Եվ այդ դեպքում իսկապես անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Ինչո՞ւ պետք է աջակցենք նման երկրի։ Մի՞թե մենք պետք է փող տանք նրանց, ովքեր վաղը հնարավոր է պատերազմեն մեր դեմ»։

Նա դարձյալ հիշեցրեց գազի հնարավոր թանկացման վերաբերյալ Երեւան ուղարկված նամակը՝ զգուշացնելով, որ Հայաստանը ստիպված կլինի ստանալ նույն ռուսական գազը, բայց արդեն մեծ մաքսատուրքերով ու միջնորդավճարներով. «Հետեւաբար, իրավիճակը Հայաստանում շատ դժվար կլինի»։ «Եթե Ռուսաստանը դադարեցնի Հայաստանին գազի մատակարարումը, կարող է ստեղծվել բարդ իրավիճակ», ասել էր Օվերչուկը՝ նշելով, թե Մոսկվան չի ցանկանում սրել իրավիճակը։

Նկատենք, որ իրավիճակը սրել էր ռուսական կողմը, ընդ որում՝ բավական արհեստականորեն։ Նրա խոսքով՝ Հայաստանը ռուսականից բացի, այլ գազ չի ունենա։ Միակ հարցն, ըստ նրա, այն է, թե որտեղից է Հայաստանը ստանալու այդ գազը։ «Նրանք (նկատի ունի՝ Հայաստանում) պարզապես պետք է նայեն քարտեզին, տեսնեն, թե որ խողովակաշարերն են դեռեւս գործում։ Նրանք անմիջապես կտեսնեն, թե որտեղից են ստանալու ռուսական գազը՝ հաշվի առնելով 30 տոկոս արտահանման մաքսատուրքը, հաշվի առնելով, որ դա կլինի շուկայական գինը։ Եվ հաշվի առնելով, որ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ իրենց բաժինը շահույթից։ Հետեւաբար, իրավիճակը Հայաստանում շատ դժվար կլինի։ Մենք դա չենք ուզում», – ասել էր Օվերչուկը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը գազը Հայաստանին վաճառում է հազար խորանարդ մետրի դիմաց 177 դոլարով, Եվրոպայում այն այժմ արժե շուրջ 600 դոլար։ Այսինքն, Օվերչուկի ակնարկը հետեւյալն էր՝ եթե Երեւանը կարծում է, որ ԵՄ-ում ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, «կարող է այդ ընտրությունը կատարել, բայց ոչ Ռուսաստանի հաշվին»։ «Մենք կողմ ենք այն բանին, ինչը հայերն իրենք են համարում լավագույնը… Եթե նրանք կարծում են, որ ավելի հարմարավետ կլինեն Եվրամիությունում եւ ավելի լավ կզգան Եվրամիությունում, իհարկե, կարող են», – ասել էր Օվերչուկը։

Ռուսաստանը չի աջակցի Երեւանին ոչ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ոչ էլ երկկողմ համաձայնագրերով, եթե Երեւանը որոշի շարունակել մերձեցումը Եվրամիության հետ, ասել էր ՌԴ փոխվարչապետը՝ ընդգծելով, թե «հետագա որոշումները կախված կլինեն նաեւ Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքից»։ Օվերչուկը պնդել էր, թե Ռուսաստանը դեռեւս պահպանում է իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, բայց կարող է դրանք վերանայել։ «Աստանայի հայտարարության մեջ հստակ խոսվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու հնարավորությունն ուսումնասիրելու մասին։ Մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։ Բայց ասում ենք. եթե դուք ձեր ժողովրդին տանում եք դեպի Եվրամիություն, որը ներկայումս թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, թշնամաբար է տրամադրված Բելառուսի նկատմամբ եւ պատրաստվում է պատերազմել մեզ հետ, ապա ինչո՞ւ պետք է մենք աջակցենք ձեզ՝ սահմանելով առեւտրի պայմաններ՝ առանց մաքսատուրքերի, առաջարկելով էներգակիրների ցածր գներ ու արտոնյալ պայմաններ աշխատուժի համար», – ասել էր ՌԴ-ն։

Պարզվեց, Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի դեմ ձեռնարկվող միջոցառումներն էլ, ըստ Օվերչուկի՝ «նորմալ գործընթաց» են։ «Մենք որեւէ սահմանափակում չենք դնում հայկական ներմուծման վրա։ Ընթանում է սովորական, բնականոն աշխատանք՝ կապված այն բանի հետ, որ նոր բերքը հավաքվել է, նոր արտադրանք է գալիս, եւ, բնականաբար, գործընթացի շրջանակներում ի հայտ են գալիս նոր արտադրանքներ։ Սա միշտ պատահում է։ Մենք շարունակում ենք մեր սովորական գործերը», – ասել էր նա։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էլ ընտրություններից առաջ հերթական ուղերձով էր հանդես եկել՝ ազդարարելով, որ ՌԴ-ն մտադիր չէ վճարել Հայաստանի՝ եվրաինտեգրման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար։ «Հարցը, թե ուր է գնում Հայաստանը եւ ում հետ է այն շարունակելու կառուցել իր քաղաքական եւ պետական ապագան, լեգիտիմ է։ Բայց մենք չենք պատրաստվում օգտագործել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունից Հայաստանի ստացած անհերքելի առավելություններն ու արտոնությունները, որ դրանցով Հայաստանը ծածկի իր ծախսերը դեպի Եվրամիություն», ասել էր ՌԴ փոխարտգործնախարարը։

Դե իսկ ընտրություններից երեք օր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ամբողջացրեց նախազգուշացումների փաթեթը։ «Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի՝ մնո՞ւմ է Եվրասիական տնտեսական միությունում, թե՞ շարժվում է դեպի Եվրամիություն» եւ «Մենք կհարգենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Բայց թող այդ ընտրությունը կատարվի», – ասել էր Լավրովը։

ՌԴ արտգործնախարարն անդրադարձել էր հայկական կողմի հայտարարություններին, թե հանրաքվե կհայտարարվի միայն այն ժամանակ, երբ հարցը «սուր դրվի»։ «Եթե այդպիսի օրենք կա, ուրեմն դուք արդեն ինքներդ եք հարցը սուր դրել։ Այդ դեպքում եկեք պատասխան տանք մեր խոսքերի համար եւ դիմենք ժողովրդին», – հակադարձել էր Լավրովն ու հավելել․ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս նախընտրական քարոզարշավի ընթացքում, երբ խաղաղության աղավնի էր բաց թողնում, ասաց, որ չի կարող Հայաստանին ստիպել գնալ այս կամ այն կողմ»։ Լավրովը նաեւ պնդել է, թե Արեւմուտքը փորձում է Ռուսաստանի հարեւաններին զրկել Մոսկվայի հետ համագործակցության առավելություններից։ Ըստ նրա՝ Հայաստանը հիմա անցնում է Եվրամիության «կամ-կամ» տրամաբանության փորձությունը։

Դե իսկ հայաստանյան խորհրդարանական ընտրությունների օրը Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ավելի կտրուկ էր, երբ շեշտեց, թե ԵՄ-ն այլեւս զուտ տնտեսական-ինտեգրացիոն միավորում չէ։ Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով. «Առաջին տարին չէ, որ մենք Հայաստանին ասում ենք այդ մասին։ Պարզապես մենք դա անում էինք փակ ռեժիմում եւ չէինք ցանկանում հանրայնացնել այդ փաստը… Մենք ասում էինք, որ այսօր ԵՄ-ն ձեւափոխվել է՝ վերածվելով ռազմա-քաղաքական դաշինքի, որը բացահայտորեն խոսում է մեր երկրի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքի մասին»։

Մինչ ռուսական կողմն ամենօրյա ռեժիմով պահանջում է, որ Հայաստանում հանրաքվե անցկացվի Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական դաշինքը լքելու հարցով, Փաշինյանն օրերս ուղիղ հայտարարել էր, որ առաջիկայում նման օրակարգ չունի. «Մինչեւ այն պահը, երբ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանն անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որեւէ հանրաքվե անելն անտրամաբանական է, որովհետեւ հիմնավորում էլ չկա։ Այսօր այդ ընտրությունը տեսական է, տեսական ընտրությունը հանրաքվեի դնելը խելամիտ ու ճիշտ չէ»։ Բայց միեւնույն է, ռուսական կողմը, կարծես, չէր լսում պաշտոնական Երեւանի հայտարարությունները։

Եվ ակնհայտ է, որ «կամ-կամ»-ի պահանջը դրել է Մոսկվան։ Գոնե վերջին մի քանի շաբաթներին ռուսական կողմի հրապարակային ու հստակ ուղերձները հենց դա են փաստում։

Օրը միջինը՝ երեքից հինգ ռուսաստանցի պաշտոնյա «հորդորում» էր Երեւանին հստակեցնել՝ Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ շարժվում է դեպի Եվրամիություն։ Անգամ ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարները Հայաստանին կոչ արեցին հնարավորինս սեղմ ժամկետում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով։ Մոսկվան դրեց «ընտրություն կատարելու» պահանջը, եւ փաստացի Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ համաձայնագրի մեխանիզմը սառեցնելու հարցը նախատեսվում է քննարկել մինչեւ դեկտեմբեր։ «ԵԱՏՄ երկրների ղեկավարների քառակողմ հայտարարությունը ենթադրում է, որ մինչեւ դեկտեմբեր կորոշվեն միությանը Հայաստանի անդամակցության բարդությունների հետ կապված բոլոր նրբությունները», անցյալ շաբաթ հստակեցրեց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Եվ այս ամենը այն բանից հետո, երբ Փաշինյանը փորձեց մեղմել իրավիճակը՝ հայտարարելով, թե այս պահին նման հանրաքվե անցկացնելու տրամաբանություն չկա, քանի որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանն անդամակցելու համար եւ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին մոտ չէ, այսինքն՝ ակնհայտ է, որ Հայաստանն առաջիկայում հանրաքվե չի անցկացնելու Եվրամիությանն անդամակցելու հարցով։

Ավելին, Փաշինյանը դարձյալ հավաստիացրեց, որ Հայաստանը դեռ մնալու է Եվրասիական միությունում՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի հետ. «Մենք կշարունակենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց վիճաբանությունների աշխատել Եվրասիական տնտեսական միությունում։ Ես համոզված եմ, որ մենք այս ուղղությամբ դեռ պոտենցիալ ունենք, որն առաջիկայում կօգտագործենք»։

Ավելին, անցյալ շաբաթ Երեւանն ու Մոսկվան հաղորդեցին, որ Փաշինյանի ծննդյան օրվա առիթով հեռախոսազրույցում Պուտինն ու Փաշինյանը քննարկել են նաեւ հայ-ռուսական հարաբերությունները, Փաշինյանը Ռուսաստանի նախագահին շնորհակալություն է հայտնել «տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաեւ աջակցության համար»։

Իշխող քաղաքական էլիտան համոզված է, որ ամեն ինչ հարթվելու է ընտրություններից հետո, ռուսական պատժամիջոցները հանվելու են, իսկ ՌԴ իշխանությունները շնորհավորելու են Հայաստանի ընտրություններում հաղթած ուժին ու դարձյալ խոսելու են հայ-ռուսական ժողովուրդների դարավոր բարեկամության մասին։

Հունիսի 7-ին ընտրություններն ընթացքի մեջ էին, եւ արդեն Օվերչուկի տեսակետն էր հրապարակվել։ Հայաստանի իշխանություններից դարձյալ հնչեցին տեսակետներ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների առնչությամբ։

Փաշինյանը վստահեցրեց՝ Երեւանը շարունակելու է զարգացնել միջազգային հարաբերությունները։ Իսկ թե ինչո՞ւ է պատրաստվում առաջինը մեկնել Մոսկվա հաղթանակի դեպքում, նա արձագանքեց. «Առաջինի, երկրորդի հարց չէ, Մոսկվա էլ եմ մեկնելու, Վաշինգտոն էլ եմ մեկնելու, Բրյուսել էլ, Փարիզ էլ, Թբիլիսի էլ։ Ասել եմ, որ հուսով եմ, որ հնարավորություն նաեւ կունենամ մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բաքվում»։ Ավելին, չնայած հայ-ռուսական հարաբերություններում վերջին զարգացումներին՝ Փաշինյանը պնդեց, թե լարվածություն չի տեսնում. «Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են լարվածություններ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում։ Այդ լարվածությունները չեն ստեղծվում, քանի որ ՌԴ նախագահի հետ մենք ունենք շատ սերտ հարաբերություններ»։

Արտգործնախարար Միրզոյանն էլ արձանագրեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն. «Հույս ունենք, որ ընտրություններից հետո հատկապես մեր ռուսաստանցի գործընկերների հետ առողջ, կառուցողական մթնոլորտում կարող ենք այդ հարաբերությունները եւ առողջացնել, եւ քննարկել եղած խնդիրները եւ գտնել լուծումներ, որոնք ձեռնտու կլինեն ե՛ւ ՀՀ-ին, ե՛ւ ՌԴ-ին»։

Հիմա հարց՝ ով եւ ինչ շահեց հայ-ռուսական հարաբերությունների նախընտրական սրացումից։ Մոսկվան այնքան թեժացրեց մթնոլորտը, որ նույնիսկ Վաշինգտոնն ու Բրյուսելը ստիպված եղան արձագանքել։

Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ մեր համագործակցությունից, Կոնգրեսում կազմակերպված լսումներում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ կան ապացույցներ, որ նրանք ցանկանում են ՀՀ ներկայիս առաջնորդը պարտվի ընտրություններում Միացյալ Նահանգների հետ աճող հարաբերությունների պատճառով», – ընդգծեց Ռուբիոն։ ԱՄՆ պետքարտուղարը նաեւ նշել էր, որ ամերիկյան կողմը որեւէ կերպ չի միջամտում Հայաստանի ինքնիշխանությանը եւ չի պահանջում, որպեսզի այլ երկրների հետ բարեկամական հարաբերություններ չունենա. «Մենք պարզապես ցանկանում ենք նրանց հետ ունենալ հարաբերություններ, որոնք հիմնված են ոչ միայն խաղաղության վրա։ Խաղաղությունը կարեւոր է, բայց դա ընդամենը սկիզբն է»։

Իսկ Եվրամիությունն ավելի հստակ արձանագրեց, որ Ռուսաստանը նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությանը եւ ազդել ընտրությունների արդյունքի վրա, դաշինքն ընդգծում է, որ կշարունակի աջակցել Երեւանին այդ հարկադրանքի փորձերը հաղթահարելու համար։ «Որպես ինքնիշխան, ժողովրդավարական եւ անկախ երկիր՝ Հայաստանը ունի իր սեփական ուղին եւ գործընկերներին ընտրելու բոլոր իրավունքները», շեշտվեց Եվրոպական միության հաղորդագրությունում։

Ամփոփումը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930