ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և հայկական մաթեմատիկան ծանր ու անդառնալի կորուստ կրեցին։ Ս․թ․ հունիսի 6-ին 95 տարեկան հասակում կյանքից հեռացավ ամերիկահայ հայտնի մաթեմատիկոս, Հայաստանի ու հայկական մաթեմատիկայի նվիրյալ Արշակ Հաճյանը։Արշակ Հաճյանը ծնվել է 1930 թվականին՝ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։ Քոլեջում սովորելու տարիներից տարվել է մաթեմատիկայով և 1950-ականների սկզբին որոշել է շարունակել ուսումը Միացյալ Նահանգներում, որտեղ սովորել է Փենսիլվանիայի, ապա՝ Չիկագոյի համալսարաններում։
Մաթեմատիկական հետազոտությունները սկսել է ժամանակի ամենահայտնի մաթեմատիկոսներից մեկի՝ Շիզուո Կակուտանիի ղեկավարությամբ։ Պրոֆեսոր Կակուտանին Հաճյանին ուղղորդեց դեպի Է. Հոփֆի էրգոդիկ տեսության վերաբերյալ հայտնի աշխատանքը: Հաճյանն անմիջապես հետաքրքրություն ցուցաբերեց անվերջ չափման տարածությունների ոլորտում հետազոտությունների նկատմամբ և ժամանակի ընթացքում դարձավ այդ տեսության առաջատար մասնագետներից մեկը:
Միասին նրանք կառուցեցին էրգոդիկ չափի պահպանմամբ ձևափոխությունների մի շարք օրինակներ, որոնք բացահայտում էին անվերջ չափ ունեցող տարածություններում էրգոդիկ ձևափոխությունների յուրահատկությունները։ Այս օրինակներից ամենահայտնիներից մեկն այժմ կոչվում է Հաճիան-Կակուտանիի ձևափոխություն։
Արշակ Հաճյանը երկար տարիներ աշխատել է Բոստոնի Հյուսիսարևելյան համալսարանում և միայն ութսունն անց տարիքում է անցել վաստակած հանգստի։
Կարդացեք նաև
Մաթեմատիկայից զատ նա մեծ հայրենասեր էր, ողջ գիտակցական կյանքում ջանում էր օգտակար լինել Հայաստանին և հայկական մաթեմատիկայի զարգացմանը։ Դեռ սովետական տարիներին նա այցելում էր Հայաստան՝ Մաթեմատիկայի ինստիտուտ, կապեր հաստատում հայ մաթեմատիկոսների հետ, բայց նրա գործունեությունը բուռն զարգացում ստացավ անկախության տարիներին։
Դժվարին 1990-ականներին նա պայքարում էր Հայաստանում մաթեմատիկական հետազոտությունների պահպանման և շարունակականության համար։ Այդ տարիներին նա Մաթեմատիկայի ինստիտուտ բերեց առաջին անհատական համակարգիչների բաղադրիչները և հավաքեց դրանք՝ շարունակելով այդ գործը տարիներ շարունակ:
Հաճյանի նախաձեռնությամբ և սեփական միջոցներով 1998 թվականին հիմնադրվեց «Հետազոտական մաթեմատիկա» հիմնադրամը, որը կարևոր դեր խաղաց երկրում մաթեմատիկական հետազոտությունների շարունակման գործում՝ կրթաթոշակներ տրամադրելով Մաթեմատիկայի ֆակուլտետի լավագույն ուսանողներին, վճարելով մաթեմատիկոսների գիտական գործուղումները և արտասահմանյան մասնագետների ընդունելությունները, աջակցելով միջազգային գիտաժողովների կազմակերպմանը: Հիմնադրամի միջոցներով վերանորոգվեց ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը, բացվեց Մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին համակարգչային սենյակը։ Այսօր էլ հիմնադրամը գործում է՝ իր նշանակալի ավանդը բերելով Հայաստանում մաթեմատիկայի զարգացման գործին։
Նույնիսկ պատկառելի տարիքում Արշակ Հաճյանը պահպանել էր իր անսպառ եռանդը․ տարին մի քանի անգամ այցելում էր Երևան, մասնակցում գիտաժողովների և հետևում հիմնադրամի գործունեությանը։
Ականավոր մաթեմատիկոս, մեծ հայրենասեր ու բարերար, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արշակ Հաճյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։
ՀՀ ԳԱԱ նախագահություն
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ
ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ


















































