Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քվեարկության օրվանից հետո՝ յոթերորդ օրը, ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում վերջնական որոշում դրանց վերաբերյալ։ Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածով ԿԸՀ-ին վերապահված է նաև առանձին ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու լիազորությունը։ Ավելին՝ Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածը ոչ միայն հնարավորություն, այլև պարտականություն է սահմանում․ եթե ընտրությունների ընթացքում արձանագրվել են այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ԿԸՀ-ն պարտավոր էր որոշում ընդունել առանձին ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ կերպ հնարավոր էր վերացնել խախտումների հետևանքները։
Այս համատեքստում ակնհայտ է, որ ԿԸՀ-ն չի կատարել Օրենսգրքով իր վրա դրված պարտականությունը։ Երեք ընտրատեղամասերի արդյունքների անվավերությունը փաստացի հանգեցրել է նրան, որ քաղաքական ուժերից մեկը հայտնվել է անցողիկ շեմից ներքև։ Սա այլևս զուտ տեխնիկական կամ ընթացակարգային խնդիր չէ․ խոսքը ընտրական արդյունքի բովանդակային փոփոխության մասին է։
Սակայն այստեղ ձևավորվում է ավելի խորքային և սկզբունքային հարց։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին գլուխը հստակ ամրագրում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով։ Ընտրական օրենսգրքի 5-րդ հոդվածը ևս սահմանում է, որ Ազգային ժողովն ընտրվում է անմիջականորեն՝ ընտրողների կողմից։
Ուստի առաջանում է հիմնարար հարցադրում․ եթե ընտրական գործընթացում արձանագրված խախտումները կարող էին ազդել վերջնական արդյունքի վրա, իսկ օրենքով նախատեսված վերականգնման մեխանիզմը չի կիրառվել, ապա արդյոք կարելի՞ է պնդել, որ այս Ազգային ժողովն իսկապես ընտրվել է քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ։ Արդյոք այս ընտրությունների արդյունքներն արտացոլո՞ւմ են ժողովրդի իրական կամքը, թե՞ արձանագրում են իրավական ընթացակարգի ձևական ավարտ՝ առանց սահմանադրական բովանդակության ապահովման։
Կարդացեք նաև
Եվ եթե ժողովրդի կամքի արտահայտումը փաստացի խաթարվել է, ապա անխուսափելի է դառնում հաջորդ հարցը՝ արդյո՞ք այս ընտրությունների արդյունքներով ձևավորված իշխանությունը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովրդին պատկանելու սահմանադրական սկզբունքին։
«Ազատ քվե»


















































