Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դավթյան. «Մեր թիմը կուռ է, մենք չենք վախենում կալանավորումներից և հետապնդումներից»

Հունիս 17,2026 23:59 Share

«Որ ապօրինությունների շղթան շարունակվում է, դրանում ոչ մի կասկած չկա։ Այսօրվա իշխանություններն իրենց ռեպրեսիվ գործողությունները շարունակում են։ Բայց մի բան հաշվի չեն առնում։ Իրենք մտածում են, որ մեզ կվախեցնեն ձերբակալություններով, հետապնդումներով, ապօրինություններով, բայց դա լրիվ հակառակ էֆեկտ է տալիս։ Մենք գիտենք, որ ճիշտ ենք, գիտենք, որ մեր պայքարը ճիշտ ուղու վրա է, և իրենց վախի մթնոլորտ ստեղծելը հակառակ էֆեկտ է տալիս։ Մեր թիմը կուռ է, մենք չենք վախենում կալանավորումներից և հետապնդումներից։ Մեր քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությանը ծառայելն է և ոչ թե այլ պետության շահ սպասարկելը։ Հետևաբար, մեր նպատակներն ազնիվ են։

Կլինի մեր գործընկերը՝ Դավիթ Ղազինյանը, թե այլ անձինք, որոնք արդեն կալանավորված են կամ ապագայում կկալանավորվեն, մեր գործը, մեր աշխատանքները շարունակվում են»,- Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանին կալանավորելու նիստի մասին News.am-ի հետ զրույցում ՀԿԴ-ի բակում ասաց Ղազինյանի թիմակից, պատգամավորության թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։

Անդրադառնալով Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու ԿԸՀ որոշմանը՝ Գառնիկ Դավթյանն ասաց. «Երբ հաշվի ենք առնում, թե ով է ԿԸՀ նախագահը, գիտենք նրա անցյալը՝ ՔՊ-ի հետ նրա աֆիլացումը, պիտի շեշտենք, որ ԿԸՀ նախագահը ՔՊ-ի հիմնադիր անդամ է հանդիսանում, ակնհայտ էր, որ այդ մարդու որոշումները քաղաքական պատվերի որոշումներ են։ Մենք ունենք դատարանի որոշում, որն արհամարհվեց՝ թքած ունեցան դատարանի որոշման վրա և արեցին այն, ինչ պետք է անեին։ Գողացան 60 հազար ձայն, զրկեցին ԲՀԿ-ին խորհրդարանում ներկա լինելուց, որը մեծ պրոբլեմ էր ստեղծում ՔՊ-ի համար։ Բայց հիմա էլ պրոբլեմ ունեն՝ սահմանադրական մեծամասնություն չունենալու հանգամանքը։ Եվ այսօրվա ԱԺ-ի հիստերիան, ճղճղան խոսակցությունները խոսում են, որ ավելի վերևից շեֆերը ջղայն են Նիկոլ Փաշինյանի վրա։ Այսօրվա պրոցեսները Հայաստանի Հանրապետությունում խոսում և հստակ արձանագրում են, որ ՔՊ-ն էլ չի հաղթել, ՔՊ-ն այս մակարդակում՝ այս կեղծիքները, ահաբեկումը, ուղղորդումները հաշվի առնելով, չի հաղթել։ Եվ սա իրենց համար տոտալ ձախողում է և խայտառակություն»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930