Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտություն, որ խոստովանում է Նիկոլ Փաշինյանը

Հունիս 18,2026 10:00 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, թե ջախջախելու է Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, իսկ ովքեր դեմ են՝ թող հեղափոխություն անեն:

Ծանոթ խոսքեր են: Նույն Նիկոլ Փաշինյանը Արցախի հայաթափումից հետո հայտարարում էր, որ գիտակցված գնացել է զոհաբերության, իսկ ով դեմ է՝ թող հեղափոխություն անի: Հետո հայտարարեց, որ, եթե չի եղել հեղափոխություն, ուրեմն հանրությունը կողմ է եղել տեղի ունեցածին եւ իր «գիտակցված զոհաբերության» բանաձեւին: Սակայն Փաշինյանն ինչպես միշտ նենգափոխում էր իրականությունը, որը հետո պետք է արձանագրվեր խորհրդարանի 2026 թվականի ընտրության անգամ պաշտոնական արդյունքով:

Արցախի հայաթափման հասած եւ Արցախի շարժման էջը փակած Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ վարչական եւ մնացյալ իշխանական ջանքերից հետո, միեւնույն է՝ ստացավ 3 տոկոսով ավելի պակաս ձայն, քան այն Փաշինյանը, որը 2021 թվականի խորհրդարանի ընտրությանը խոստանում էր չփակել այդ էջը եւ ավելին՝ խոստանում էր դեօկուպացնել Շուշին, Հադրութը, հասնել «Անջատում հանուն փրկության» սկզբունքի առաջմղմանը: Փաստացի, Փաշինյանի դեմ հեղափոխություն չարած հանրությունը, այնուհանդերձ, մերժել է Արցախի հայաթափմանը հասցնելու նրա քաղաքականությունը:

Ու Փաշինյանը, չնայած իր այդ խորքային պարտությանը, էքզիստենցիալ պարտությանը, հայտարարել է իր բացարձակ հաղթանակի մասին, անշուշտ հիանալի է պատկերացնում իր քաղաքական դրության բարդությունը: Ընդդիմության առաջնորդներին ջախջախելու, նստեցնելու, ունեզրկելու մասին նրա հայտարարությունները այլ բան չեն, քան պարտության խոստովանություն: Որովհետեւ, քաղաքական հաղթանակ արձանագրողը, առավել եւս Հայաստանի պես բարդ իրավիճակում եւ մարտահրավերների առաջ կանգնած երկրի դեպքում, ընտրական հաղթանակից հետո զբաղվում է լուրջ օրակարգերով, այլ ոչ թե իր ընտրական մրցակիցներին հետապնդելու պոռթկումներով:

Բայց, պարտությունն է այդ պոռթկումների պատճառը: Այդ թվում եւ այն, որ ընդդիմությունը փաստացի չի գնում հետընտրական էպատաժի եւ իրավիճակային որոշումների: Ինչպես նախընտրական շրջանում, այդպես էլ հետընտրական շրջանում ընդդիմությունը չի արդարացնում «ռազբորկայի» մեջ ներքաշվելու հաշվարկները, գոնե առայժմ: Իսկ «ռազբորկան» Նիկոլ Փաշինյանի տարերքն է: Չկա «ռազբորկա»՝ չկա Փաշինյան, որպես կենսունակ գործիչ:

Ընդդիմադիր առաջատար ուժերը նրան զրկել են կենսունակությունից՝ մտնելով ոչ թե նրա հետ այդ հաշիվներ պարզելու պրոցեսի մեջ, այլ սկսելով ուղիղ աշխատանքային հաղորդակցություն եւ խոսակցություն հասարակության տարբեր շերտերի հետ: Սա է շարունակում հունից հանել Նիկոլ Փաշինյանին: Ահա, թե ինչո՞ւ է նա ընտրությունից հետո նոր թափ հաղորդում էմոցիոնալ միջավայր եւ «ռազբորկայի» ռեժիմ ստանալու փորձին, այդ թվում՝ սպառնալիքների նոր ալիքով: Նիկոլ Փաշինյանի քաղաքական լիցքերը սպառվում են անասելի արագությամբ, եթե հունից դուրս չի գալիս ընդդիմությունը՝ հասարակության հետ հանգիստ ու հետեւողական երկխոսության եւ աշխատանքի հունից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930