Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ասում են՝ 29 743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հարեւաններին պատերազմ են հայտարարել արդեն»․ Փաշինյանը ոչ թե Ադրբեջանին, այլ ընդդիմությանը համարեց սպառնալիք

Հունիս 17,2026 17:37 Share

«Նախընտրական շրջանում էլ եմ ասել, հիմա էլ վերահաստատում եմ, որ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման դա մտացածին, հորինովի թեմա է։ Նման բան չի եղել, չկա եւ չի լինելու»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին։

«Կարծում եմ՝ մեր հանրությունը պետք է արձագանք ցուցաբերի այն քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր այդ սուտը տարածել են։ Նման թեմա թեկուզ լրատվական ֆոնի մակարդակում պահելու հնարավորություն կա միայն պատերազմի եռագլուխ կուսակցության խոսույթները շարունակելու դեպքում։ Բայց խաղաղության օրակարգը եւ խաղաղությունը բոլոր թեմաները փակում եւ փակել է»,- ասաց նա։

Փաշինյանը կրկնեց, թե ընտրական փուլում «ընտրակաշառք է բաժանվել»։ «Ակնհայտ է նաեւ, որ առաջին անգամ մեր պետությունը կարողացել է պայքարել ընտրակաշառքի դեմ։ Եվ առաջին անգամ է, որ այս ծավալի ընտրակաշառքին ժողովուրդը հաղթել է։ Եվ էլի ուզում եմ ասել, որ ընտրակաշառք բաժանողներին Հայաստանի քաղաքական կյանքից արմատախիլ անելն այսօր դառնում է օրակարգի առաջնահերթություն։ Հատ-հատ իրենց պետք է արմատախիլ անել բոլոր հնարավոր միջոցներով, եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վիճակագրություն ունի՝ 2021 թվականից հետո ընտրակաշառքի գործերով որպես մեղադրյալ ներգրավված ոչ մի մարդ այսօր բանտում չէ։ «Եվ սա այն մեծագույն հարցն է, որի պատասխանը մեր դատաիրավական համակարգը պետք է տա»,- հավելեց նա։

Նա հայտարարեց․ «Ես պաշտոնապես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային անվտանգության բոլոր սպառնալիքները հաղթահարել է եւ կառավարում է։ Եվ միակ սպառնալիքը, որը կարող է առաջանալ, պատերազմի եռագլուխ կուսակցության եւ նրանց պոչերի գործունեությունն է։ ՀՀ-ն եւ Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ խոսքերով, եւ սիմվոլիկայով պատերազմի եռագլուխ կուսակցությունը կասկածի տակ է առնում այդ խաղաղության պայմանավորվածությունը։

Հիմա, օրինակ, մյուս խմբակցությունը, որը եկավ խորհրդարան, էլի էս նույն դրոշները դնելո՞ւ են իրենց սեղաններին (նկատի ունի ընդդիմադիր պատգամավորների սեղաններին դրված Արցախի դրոշները-հեղ․)։ Այդտեղից սկսում է անվտանգային սպառնալիքների գեներացումը, որովհետեւ ստացվում է, որ ՀՀ խորհրդարանում կա ուժ, որը չի ընդունում խաղաղության համաձայնագրի ճարտարապետությունը։ Հետեւաբար, սա շատ ուղիղ գեներացնում է սպառնալիք եւ առաջացնում է ռեակցիաներ։ ՀՀ-ն պետք է ինքն իրեն պաշտպանելու լծակներ գտնի, դա լրտեսական ցանց է, որն աշխատել է։ Ընդ որում, դե ֆակտո եւ դե յուրե լրտեսական ցանց է։ Դրանց պետք է արմատախիլ անել՝ շատ կոնկրետ ձեւերով։ Հակառակ դեպքում նրանք ամեն ինչ անելու են՝ կոնֆլիկտը վերակենդանացնելու, պատերազմը վերաստեղծելու համար։

Կարճ ասած՝ հարցը այս է՝ այդ ուժերը գալիս են Ղարաբաղյան շարժումը շարունակելու, թե՞ չեն շարունակելու։ Այն ուժը, որը նախընտրական շրջանում ասում է՝ մենք 29 743 քկմ-ով չպետք է բավարարվենք, ըստ էության նա հարեւաններին պատերազմ է հայտարարել արդեն։ Բա ընտրակաշառքով երկիրը բերեն դնեն հարվածի տա՞կ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաշինյանը կրկնեց․ «Ղարաբաղի շարժումը չի շարունակվելու, ՀՀ քաղաքացիներից ով համաձայն չէ, հենց այսօրվանից դուրս եկեք փողոց, հեղափոխություն արեք»

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930