«ՔՊ-ն միակ քաղաքական ուժն է, որը խոսում է Անկախության հռչակագրի խոսույթից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Մենք հստակ ու անկեղծ պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի գաղափարախոսության վրա։ Մենք պետք է կենտրոնանանք ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ապահովելու խնդրի վրա»,- ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց՝ եթե ժողովուրդը համաձայն չէ, թող դուրս գա, հեղափոխություն անի և զրկի իրեն վարչապետի պաշտոնից։ Նրա հավաստմամբ՝ առաջիկա ընտրություններում էլ քաղաքացիներն այդ հնարավորությունն ունեն։
Նիկոլ Փաշինյանը հորդորեց՝ որևէ մեկը թող մեզ չվախեցնի փախստականների վերադարձի թեմայով․ «Ասում եմ՝ մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը՝ այդ թվում իրենց շահերից ելնելով։ Ինչքա՞ն պետք է Ղարաբաղի ժողովրդին պահենք պատանդի կարգավիճակում։ Ավելի քան 30 տարի Ղարաբաղի մեր ժողովուրդը լիարժեք կյանքով չի ապրել․ անընդհատ անորոշության մեջ, ինչ-որ առումով քաղաքական պատանդի կարգավիճակով։ Այսօր ուզում ենք, որ տնավորվեն ՀՀ-ում պանդխտության տրամաբանությունից դուրս գան, քանի որ ՀՀ-ն նաև նրանց հայրենիքն է, և նրանք քաղաքացիություն են ստանում ՀՀ-ում»։
Կարդացեք նաև
Փաշինյանը նշեց՝ ինչքա՞ն պետք է ՀՀ-ն տեղում «լռված մնա», ըստ նրա՝ դրան խանգարում է Ղարաբաղյան շարժումն ու վերադարձի իրավունքը։ Մասնավորապես պարզաբանեց․ «Մենք՝ բոլորս՝ որպես քաղաքական գործիչ ծագել ենք ղարաբաղյան շարժումից։ Իմ կյանքում առաջին անգամ քաղաքական միջոցառման՝ դեռ դպրոցական տարիքում մասնակցել եմ 1988-ին՝ ղարաբաղյան շարժման բերումով։ Եղել եմ Իջևանում Ղարաբաղյան շարժման աշակերտական կոմիտեում։ Եվ իմ նվիրվածությունը Ղարաբաղյան շարժմանը որևէ ձևով երբեք որևէ արտահայտությամբ կասկածի տակ դրվել չի կարող։ Ասել եմ նաև, որ Արցախը Հայաստան է և վերջ, որովհետև այդ արժեքներին նվիրված եմ եղել։
Ես մի հարց եմ տվել՝ ինչքա՞ն պետք է ՀՀ-ն, կներեք, լռված մնա էս նույն կետում, պիտի առաջ գնանք, հարցերի մեջ խորանանք։ Երբ ՀՀ վարչապետի պաշտոնում խորացել եմ Ղարաբաղյան շարժման նրբությունների մեջ, դրանք հարցեր են առաջացրել։ Այդ հարցի պատասխանների հետ չառերեսվելը կլիներ ուղիղ դավաճանություն ՀՀ պետական շահերի և հայ ժողովրդի նկատմամբ։ Իսկ առերեսվելը բերել է միանշանակ հետևության, որ Ղարաբաղյան շարժումը՝ այդ թվում արտաքին դերակատարների կողմից հրահրվել, քաջալերվել է՝ իհարկե, ներհայաստանյան գործող անձանց միջոցով և մասնակցությամբ։
Ղարաբաղյան շարժումը անկախության առաջին օրերից օգտագործվել է՝ ՀՀ-ի՝ որպես պետություն կայանալը հնարավորինս խոչընդոտելու, ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը հնարավորինս հարվածի և կասկածի տակ դնելու համար։ Սա է պատճառը, որ ղարաբաղյան շարժումը դադարեցնելու մասին հայեցակարգը որդեգրելուց հետո հնարավոր դարձավ խաղաղությունը»։
ՔՊ ծրագրի ներկայացումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































Նիկոլն անպարտելի ա շառլատան լինելու մեջ։ Կհանձնի դպրոցներ ու վանքեր, բայց ինքը չի հանձնվի։ Հող կուտի, չի հանձնվի։ Հզոր ա Նիկոլի շառլատանությունը։