Ողջ գիշեր շարունակված դատական նիստից հետո՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով։
Հիշեցնենք, որ քվեարկության նախորդ օրը՝ լռության օրվա պայմաններում նշելով կուսակցության անունը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել էր, որ «դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ն, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք»:


















































