Ermenihaber. Ստամբուլաբնակ լրագրող Փոլ Օսթերլունդը «National Geographic»-ի համար կազմել է Թուրքիայի տարածքում գտնվող 10 ամենատպավորիչ հնավայրերի ցանկը, որոնք արտացոլում են տարածաշրջանի բազմաշերտ պատմությունը և համարվում պարտադիր այցելության վայրեր։ Ցանկում տեղ են գտել նաև հայկական պատմամշակութային կոթողները։
Դրանց թվում է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող Անիի հնավայրն իր ավերակներով։ Այն կառուցվել է Միջնադարում և Բագրատունի թագավորական տոհմի համար ծառայել որպես մայրաքաղաք: Այնտեղ է գտնվում Անիի մայր տաճարը (Սուրբ Աստվածածին), որի շինարարությունը սկսել է հայոց թագավոր Սմբատ 2-րդ Բագրատունին 989թ.-ին, իսկ ավարտել՝ հայոց թագուհի Կատրամիդեն 1001թ.-ին։
Անիի մայր տաճար
Անի քաղաքը հայտնի է նաև «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» անունով: Մինչ օրս քաղաքում տարբեր վիճակներով պահպանվել են բազմաթիվ հայկական եկեղեցիներ, իսկ Անիի մայր տաճարը գտնվում է վերանորոգման փուլում: Այնտեղ են նաև Սուրբ Ամենափրկիչ, Տիգրան Հոնենցի և Աբուղամրենց Սբ. Գրիգոր եկեղեցինները, որոնք համեմատաբար ավելի լավ են պահպանվել, սակայն թուրքական իշխանությունները հեռացրել են եկեղեցիների գմբեթներին եղած խաչերը:
Կարդացեք նաև
Հաջորդ պատմամշակութային արժեք ներկայացնող հայկական կոթողը, որը ևս ներառվել է այդ ցանկում, գտնվում է Վանա լճի Աղթամար կղզում: Այնտեղ է 10-րդ դարում կառուցվել հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որում 2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ (որոշակի ճգնաժամային ընդհատումներով) Խաչվերաց տաղավար տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, պատարագ է մատուցվում։
Պատարագներին զուգահեռ Թուրքիայի իշխանությունները թույլատրել են եկեղեցու գմբեթի վրա խաչի տեղադրումը և այժմ այն հանդիսանում է աշխարհասփյուռ հայերի համար սրբատեղի, ուր այցելում են ոչ միայն հայեր, կամ այլ քրիստոնյա ազգեր, այլև մեծ թվով Թուրքիայի բնակիչներ:
Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի
Ներկայիս Թուրքիայի Ադըյաման նահանգում գտնվող Նեմրութ լեռան (2.164 մետր) դամբարանաբլուր սրբավայրն էլ ցանկում 3-րդ հայկական մշակութային հնավայրն է: Այն կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։ Նրան թագադրել է Տիգրան Մեծը տիգրանյան թագով, որով էլ հենց Անտիոքոս Կոմմագենացու արձանը ներկայացված է Նեմրութ լեռան սրբավայրում:
Նեմրութ լեռան դամբարանաբլուր
Ցանկում տեղ գտած մյուս 7 հնավայրերն էլ հետևյալն են՝ Գյոբեքլիթեփեի հնագիտական թանգարանը, Եփեսոսի հնավայրը, Կապադովկիայի կիսաանապատային տարածքը՝ իր բարձր կոնաձև ժայռերով, Ստամբուլի բազիլիկ ջրամբարը և «Կոստանդնուպոլսի ավազային պատերը», Փամուքքալեի տաք ջրավազաններն ու Տրապիզոնի Սյումելա վանքը:


















































