Fip.am. ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Factor TV-ին տված հարցազրույցում, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարան չանցնելուն, հայտարարել է․ «Մենք ունենք իրավիճակ, 3 տեղամասի քվեարկության արդյունքները չեն ազդել…էն ինչ-որ ընտրական օրենսգիրքը պահանջում է ԿԸՀ-ից, ասում է` տալ հարցի պատասխան՝ արդյոք անվավեր ճանաչված տեղամասերի քվեարկության արդյունքները ազդե՞լ են ընդհանուր ընտրությունների վրա, թե ոչ։ Հիմա ես ձեզ ներկայացնեմ պատասխան՝ չեն ազդել»։
ԿԸՀ նախագահի խոսքով, միևնույն է իրականացված վերահաշվարկների արդյունքներով նույնիսկ, 3 տեղամասերում քվեարկության արդյունքները վճռորոշ չեն եղել ԲՀԿ-ի համար, որպեսզի այս կուսակցությունը կարողանար մուտք գործել խորհրդարան։
«Փաստերի ստուգման հարթակի» կատարած հաշվարկները, սակայն, ցույց են տալիս, որ այս պնդումը չի հաստատվում ընտրական օրենսդրությամբ առաջարկվող մանդատների հաշվարկման բանաձևերով։
Այսպես, Ընտրական օրենսգրքի համաձայն՝ մանդատների բաշխմանը մասնակցում են այն կուսակցությունները, որոնք ստացել են կողմ քվեների և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 տոկոսը, իսկ դաշինքները՝ առնվազն 8 տոկոսը։
Կարդացեք նաև
Ըստ ԿԸՀ հրապարակած վերջնական արդյունքների՝
ընտրություններին մասնակցել է 1 476 769 ընտրող,
անճշտությունների թիվը կազմել է 4 331։
Անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների և իրենց ստացած մանդատների թիվը՝ ստորև․
Քաղաքացիական պայմանագիր — 726 819 քվե — 64 մանդատ
Ուժեղ Հայաստան — 340 006 քվե — 29 մանդատ
Հայաստան Դաշինք — 144 983 քվե — 12 մանդատ
ԲՀԿ-ն, անվավեր ընտրատեղամասերի արդյունքները հանած, ստացել էր 58 287 քվե կամ 3.98%։
Ըստ քվեարկության նախնական արդյունքների՝ ԲՀԿ-ն ուներ 58 368 քվե։
Ավելի քան 600 ընտրատեղամասերում իրականացված վերահաշվարկից հետո ԲՀԿ-ն ստացել էր 58 509 թվե կամ 141 ձայնով ավելի, հատելով 4 տոկոսի շեմը և ունենալով 4.003%։
Հիմք ընդունելով այն թիվը, որով անվավեր ճանաչված 3 տեղամասերի արդյունքները պահպանվում են՝ ընտրություններում վերջնական թվական պատկերը կլիներ այսպիսին․
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 58 մանդատ (Հաշվարկ՝ (728,644 * 101) / 1,273,078 (շեմը հաղթահարած ուժերի ձայների թիվը)= 57.807: Ամբողջ թիվը 57 է, սակայն ամենամեծ մնացորդի շնորհիվ ավելանում է ևս 1 մանդատ)։
«Ուժեղ Հայաստան» դաշինք — 27 մանդատ (Հաշվարկ՝ (340,605 * 101) / 1,273,078 = 27.021: Բաժին է հասնում 27 մանդատ)։
«Հայաստան» դաշինք — 11 մանդատ (Հաշվարկ՝ (145,320 * 101) / 1,273,078 = 11.529: Բաժին է հասնում 11 մանդատ)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — 5 մանդատ (Հաշվարկ՝ (58,509 * 101) / 1,273,078 = 4.642: Ամբողջ թիվը 4 է, սակայն մեծությամբ երկրորդ մնացորդի շնորհիվ ավելանում է ևս 1 մանդատ)։
Ազգային փոքրամասնությունների մանդատները. Բացի վերոնշյալ 101 մանդատներից, ևս 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնությունների միջև՝ հատուկ գործակիցների հիման վրա: Ըստ հաշվարկի՝ այդ մանդատներից 3-ը բաժին է հասնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ 1-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին:
Վերջնական արդյունք.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 61 մանդատ (58+3)
«Ուժեղ Հայաստան» դաշինք — 28 մանդատ (27+1)
«Հայաստան» դաշինք — 11 մանդատ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — 5 մանդատ
Այսպիսով
Հաշվարկները ցույց են տալիս, որ եթե երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր չճանաչվեին, ԲՀԿ-ն կհաղթահարեր օրենքով սահմանված 4 տոկոսի շեմը՝ ստանալով 4.003 տոկոս, և կմտներ Ազգային ժողով՝ ունենալով 5 մանդատ։
Հետևաբար, Վահագն Հովակիմյանի այն պնդումը, թե երեք տեղամասերի արդյունքները «չեն ազդել» ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա, չի համապատասխանում ներկայացված մաթեմատիկական հաշվարկներին, քանի որ այդ արդյունքների պահպանման դեպքում խորհրդարանի կազմը կփոխվեր։
Արեն Նահապետյան


















































